Ա. Լոպուխին
«Եվ ասաց ինձ. «Այս ջուրը հոսում է դեպի երկրի արևելյան կողմը, իջնում է հարթավայր և մտնում ծովը. և նրա ջրերը առողջ կլինեն»»։ [8] (Սինոդական թարգ․)
Գետի մեծահուն ընթացքին անձամբ հետևելու անհնարինության պատճառով մարգարեն այդ մասին տեղեկություն է ստանում հրեշտակից։
«Երկրի արևելյան կողմը» - «կողմը» - եբրայեցերենում` «gelilla» - «շրջան» (Հեսու 22:20-րդ համար և այլ տեղիներ): Յոթանասնից թարգմանության հեղինակներն այս բառն ընդունել են որպես հատուկ անուն` «Գալիլիայում» նշանակությամբ: Սակայն այս բառը շատ ավելի ուշ է դարձել հատուկ անուն, ուստի այստեղ նկատի է առնվում Հուդայի արևելյան հատվածը՝ Երիքովյան շրջանը։
«Հարթավայր» - եբրայեցերենում` «arava», որ նշանակում էր «տափաստան», սակայն այս բառը նույնպես Յոթանասնից թարգմանության հեղինակներն ընդունել են որպես հատուկ անուն՝ «ko Aravi»: Այս բառը, իսկապես, հատուկ անուն էր, բայց այն նշանակում էր ոչ թե հայտնի թերակղզին, այլ «Աքաբայի ծոցի և Մեռյալ ծովի միջև գտնվող հարթավայրի հարավային հատվածը, և բացառապես հենց այդ հատվածի հետ էլ այժմ կապված է «El - Araba» անունը, ինչպես նաև ներկայումս Մեռյալ ծովի և Գեննեսարեթ լճի միջև գտնվող լեռը» (Buhl, Geographic d. alt. Palastina, 111 և այլն): Այստեղ նկատի է առնվում երկրորդ Արավան` Մեռյալ ծովից արևմուտք գտնվող Հուդայական հարթավայրը։ Առհասարակ, այս ծովը բոլոր կողմերից էլ շրջապատված էր հարթավայրերով, այդ իսկ պատճառով այն կոչվել է նաև «հարթավայրի ծով» (Դ Թագ. 14:25, «yam gaarava», ռուսերենում` «հարթավայրի ծով», սլավոներենում` «Արաբիայի ծով»):
«Ծովը» - այստեղ այնքան պարզ էր, թե խոսքը հատկապես որ ծովի մասին էր, որ ոչ մի հավելյալ բնութագրման անհրաժեշտություն չի առաջանում: «Մտնում ծովը» արտահայտությունից հետո եբրայեցերենում մի անհասկանալի հավելում է արվում․ «դեպի gammutsaim ծովը»: Այս «gammutsaim» բառը, ըստ երևույթին, ծագում է «yatsa» - «դուրս գալ» արմատից...Յոթանասնից թարգմանության մեջ այն համարվում է գոյական՝ «դեպի ելքի ջուրը» - «ekbolhV», որ հավանաբար նշանակում է «դեպի հեղեղը», «դեպի գետաբերանը» (գուցե և խոսքը Հորդանանի մասին է)։ Վուլգաթայում` «exibunt», այսինքն` ջրերը, ծովի մեջ մտնելով, այնուհետև այնտեղից դուրս էին գալիս որպես մեկ այլ գետ: Այս «gammutsaim» բառն իր գրությամբ նման է «աղի» («gamutsim») բառին, ուստի և նորագույն շրջանի մեկնիչներն այս նախադասությունը տարընթերցում են այսպես. «Եվ նրա ջրերը առողջ կլինեն»: Ներկայումս Մեռյալ ծովի ջուրը շատ պարզ և թափանցիկ, սակայն միևնույն ժամանակ շատ աղի և դառն է ու սրտխառնոց է առաջացնում...Ըստ երևույթին հին ժամանակներում Մեռյալ ծովի ջուրը շատ ավելի վատն է եղել։ Համաձայն Տակիտոսի վկայության (Hist. V, 6)` «այս հսկայական չափերի հասնող լճի ջուրը ծովի ջրից ավելի վատ համ ունի, նույնիսկ իր բույրով վնասակար է բնակիչների համար, քամուց չի ալեկոծվում, ինքն էլ չի հանդուրժում ձկներին ու սովորական թռչուններին»։ Ըստ Հերոնիմոս Երանելու` «ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել այդ լճի ջրերում. այն ամենադառը ծովն է, որը հունարենով կոչվում է «limnh asfaltou», այսինքն՝ «խեժի լիճ»»։ Մարգարեն այս ծովի ջրերին նայում է որպես «հիվանդ ջրեր» և ակնկալում է, որ ապագայում այդ ջրերը պետք է ապաքինվեն: Ու կարծես թե Մեռյալ ծովը համարվում է բնության ամենահիվանդ հատվածը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Այս ջուրը, որ դէպի արեւելք՝ գալիլիացիների կողմն է դուրս գալիս, իջնում է Արաբիա ու գալիս է մինչեւ ծով՝ ջրերի ելքը, եւ ջրերը դարձնում բուժիչ:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Ջուրս այս որ ելանէ ‘ի կողմ Գալիլեացւոց ընդ արևելս, և իջանէ յԱրաբիա, և գայ մինչև ցծով ‘ի ջուրց ելիցն, և բժշկեսցէ զջուրս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: