Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։8

Ա. Լոպուխին

8-22. «Իսկ Հուդայի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը, սրբազան տարածք է` քսանհինգ հազար եղեգ (կանգուն) լայնությամբ, իսկ երկարությամբ՝ հավասար արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն ընկած մյուս հողաբաժիններին. նրա մեջտեղում պիտի լինի սրբարանը»։ [8] «Այն բաժինը, որը դուք պիտի նվիրեք Տիրոջը, պիտի ունենա քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարություն, իսկ լայնությունը պիտի լինի տասը հազար եղեգ (կանգուն)»։  Եվ այդ սրբազան բաժինը պիտի պատկանի քահանաներին` դեպի հյուսիս քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն), դեպի արևմուտք՝ տասը հազար [եղեգ] (կանգուն) և դեպի արևելք՝ տասը հազար [եղեգ] (կանգուն), իսկ դեպի հարավ՝ քսանհինգ հազար եղեգ (կանգուն), և նրա մեջտեղում պիտի լինի Տիրոջ սրբարանը»։ «Այն նվիրե'ք քահանաներին՝ Սադովկի որդիներին, որոնք կանգնեցին Իմ պահպանության համար, որոնք Իսրայելի որդիների ուրացության ժամանակ չուրացան Ինձ, ինչպես ուրացան մյուս ղևտացիները»։  «Նրանց պիտի պատկանի այդ հողակտորը` սրբազան բաժնից, սրբավայրերի սրբավայրից, ղևտացիների տարածքի կողքին»։  «Եվ ղևտացիներինը քահանայական տարածքի կողքին պիտի ստանան քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարությամբ և տասը հազար եղեգ (կանգուն) լայնություն. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, իսկ լայնությունը՝ տասը հազար եղեգ (կանգուն)»։  «Եվ այդ հողակտորից նրանք ոչ կարող են վաճառել, ոչ փոխանակել. և հողի առաջին պտուղները չեն կարող փոխանցել ուրիշներին, որովհետև այն Տիրոջ սրբավայրն է»։  «Իսկ այն հինգ հազար [եղեգ] (կանգուն) լայնությամբ և քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարությամբ [տարածքը] պիտի հատկացվի քաղաքին` ընդհանուր օգտագործման, բնակության և ազատ տարածքի համար. քաղաքը պիտի լինի մեջտեղում»։  «Եվ ահա նրա չափերը. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր [եղեգ] (կանգուն), և հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր [եղեգ] (կանգուն), արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր [եղեգ] (կանգուն), և արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր եղեգ (կանգուն)»։ «Իսկ քաղաքի ազատ տարածքը պիտի լինի դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն [եղեգ] (կանգուն), և դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն [եղեգ] (կանգուն), և դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն [եղեգ] (կանգուն), և դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն եղեգ (կանգուն)»։  «Իսկ ինչ մնում է սրբազան բաժնի դիմաց գտնվող [տարածքի] երկարությանը` տասը հազար [եղեգ] (կանգուն) դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք` որ սրբազան բաժնի դիմաց կլինի, այդ հողի արտադրանքը կերակուր պիտի լինի քաղաքում աշխատողների համար»։  «Իսկ քաղաքում աշխատել կարող են աշխատողներ` Իսրայելի բոլոր ցեղերից»։ «Առանձնացված ամբողջ բաժինը պիտի լինի քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարությամբ և քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) լայնությամբ` քառանկյուն, առանձնացրե'ք որպես սրբազան բաժին` ներառելով քաղաքի սեփականությունը»։  «Իսկ մնացածը իշխանինը [պիտի լինի]: Ինչպես սրբազան բաժնի կողմից, այդպես էլ քաղաքի սեփականության կողմից՝ քսանհինգ հազար եղեգի (կանգունի) դիմացից մինչև բաժնի արևելյան սահմանը, և դեպի արևմուտք` քսանհինգ հազար [եղեգի] (կանգունի) դիմացից մինչև արևմտյան սահմանը` [ցեղերի] բաժիններին համապատասխան՝ իշխանի բաժինը պիտի լինի` այնպես, որ սրբազան բաժինը և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի»։  «Եվ այն, ինչը որ ղևտացիների սեփականությունից ու քաղաքի սեփականությունից դուրս միջանկյալ տարածքում լինի, դա նույնպես պիտի պատկանի իշխանին. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև ընկած միջանկյալ տարածքը պիտի պատկանի իշխանին»։ (Սինոդական թարգ․)
   
    Սահմանվում է «սրբազան բաժնի» մեծությունը: Եբրայեցերենում` «teruma», Յոթանասնից թարգմանության մեջ` «երախայրիք» (առաջին պտուղներ), Վուլգաթայում` «primitiae» (Եզեկ. 45:1-ին համարի բացատրությունը), որի մեջ ներառվում էին`

    1) քահանաների հողաբաժինը` տաճարի հետ մեկտեղ (9-12-րդ համարներ),

    2) ղևտացիների հողաբաժինը (13-17-րդ համարներ),

    3) քաղաքները (15-20-րդ համարներ) և 4) իշխանների հողաբաժինները (21-22-րդ համարներ): Այս հողակտորի չափսերի հաշվարկը` հողակտոր, որը, ըստ էության Ղևիի ցեղի ժառանգությունն էր, ավելի ճշգրտորեն է մատնանշվում, քան դա արվում է ցեղերին բաժին ընկնող հողակտորների պարագայում: Բացի երկարությունից, որը, ինչպես ցեղերի հաղոբաժինների դեպքում էր, հավասար էր Սուրբ Երկրի ամբողջ երկայնքին, նշվում է նաև այս «սրբազան բաժնի» լայնությունը՝ հատկորոշված 25000 չափումն ունեցող մի անհայտ միավորով (տե՛ս Եզեկ. 45:1-ին համարի բացատրությունը)։ Այս հողակտորը կարևոր էր նաև նրանով, որ նրա մեջ էր գտնվում «սրբարանը» - «gamikdash» (Յոթանասնից թարգմանության մեջ` «սուրբ»), այսինքն՝ տաճարը, որը, այդպիսով, տեղակայված էր ամբողջովին քաղաքից դուրս: Չափման միավորը չի նշվում (այդ առնչությամբ տե'ս Եզեկ. 45:2-րդ համարի բացատրությունը):

    «Լայնությամբ» - այսինքն՝ հյուսիսից հարավ։

    «Երկարությամբ» - արևելքից արևմուտք:

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Յուդայի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ քսանհինգ ձողաչափ երկարութեամբ եւ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, թող լինի ձեր սրբավայրի հողամասը՝ իբրեւ բաժիններից մէկը, որտեղ կը լինի սրբարանը,
(Արարատ թարգ․) Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազար կանգուն լայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ ցեղերի բաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
(Գրաբար) Եւ ‘ի սահմանացն Յուդայի յարևելից կողմանէ մինչև ցծովակողմ. և եղիցի պտուղ նուիրաց քսան և հինգ հազար յերկայնութիւն, և տասն հազար ‘ի լայնութիւն. իբրև զմի ‘ի վիճակաց ‘ի կողմանցն արևելից մինչև ցծովակողմն։ Եւ եղիցի սուրբ ‘ի մէջ նոցա.ի: