Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։20

Ա. Լոպուխին

20-21․ «Եվ իրենց գեղեցիկ հանդերձանքներով նրանք այն վերածեցին հպարտության, դրանից իրենց պիղծ կուռքերի պատկերներ սարքեցին, ուստի այն անմաքուր պիտի դարձնեմ նրանց համար»։ [20] «Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն»։ (Սինոդական թարգ․)

   «Այն, ինչը որ Ես նրանց տվեցի իրենց հագուստը զարդարելու համար, նրանք իրենց այդ հարստությունը (ոսկին և արծաթը) վերածեցին հպարտության» (Հերոնիմոս Երանելի): Այս երախտամոռությանը գումարվեց նաև մի ավելի վիրավորական արարք․ թանկարժեք մետաղներից՝ Աստծո տված այդ լավագույն պարգևներից, նրանք սկսեցին կուռքեր պատրաստել՝ այն վերոնշյալ հպարտությանն ավելացնելով նաև իրենց իսկ այսօրինակ աստվածացումը, մետաղների աստվածացումը։ Աստծո համար պիղծ, սակայն երկրպագողների համար «սուրբ» այս պատկերներին Աստված կզրկի սրբությունից հենց այդ երկրպագողների աչքերում, և դա այն դեպքում, որ այդ պատկերների էական հատկանիշը դրանց «սրբությունն» իսկ էր։ Այդ ամենը տեղի կունենա ա՛յն պղծման միջոցով, որին ենթարկվելու են նշված կուռքերը՝ ամենուր նվաճողների անմաքուր ձեռքերում հայտնվելով, ա՛յն նվաճողների, որոնք հայտնի են այլ ժողովուրդների ազգային սրբությունների հանդեպ իրենց անհարգալից վերաբերմունքով:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:19
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ընտիր-ընտիր զարդեր են դրել՝ գոռոզութեամբ, եւ դրանցից սարքել են գարշելի պաշտամունքի կուռքեր: Դրա համար էլ պղծութեան առարկայ եմ դարձնելու դրանք
(Արարատ թարգ․) Եվ նրանց զարդերի գեղեցիկից, որով հպարտանում էին, սարքեցին իրենց պիղծ կուռքերը և գարշելի քանդակները. ուստի դրանք անմաքուր առարկա պիտի դարձնեմ նրանց համար։
(Գրաբար) Զընտիր ընտիր զարդուցն եդին ‘ի հպարտութիւն. և պատկերս գարշելեաց պաշտամանցն իւրեանց արարին ‘ի նոցանէ. վասն այնորիկ տաց զայն նոցա ‘ի պղծութիւն,