Ա. Լոպուխին
«Եվ ես մտա ու տեսա, և ահա ամեն տեսակի սողունների և անմաքուր կենդանիների պատկերներ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված»։ [10] (Սինոդական թարգ․)
Սենյակի բոլոր պատերը («շուրջբոլորը») փորագրված էին հեթանոսական աստվածների պատկերներով, ինչն ամենից առաջ մարգարեի աչքին ցնցող տպավորություն էր թողնում այդ պատկերների համեմատական բազմաքանակության կամ էլ այդտեղ դրանց՝ տարբեր ցեղատեսակներին պատկանող սողունների պատկերների «հայտնվելու» անսպասելիության պատճառով (սլավոներենում՝ «սողունի ամեն նմանություն»), ինչպես նաև կենդանիների (առանց բացառության նաև՝ անմաքուր կենդանիների) և Իսրայելի տանն արդեն իսկ վաղուց հայտնի մյուս բոլոր կուռքերի առկայությամբ պայմանավորված: Սյս պատկերների մեջ կենդանիների և մասնավորապես սողունների ունեցած գերակշռող դիրքից ելնելով՝ մեկնիչները կարծում են, որ այստեղ խոսքը վերաբերում է եգիպտական պաշտամունքին, որում պաշտվում էին ինչպես կոկորդիլոսները, օձերը, բզեզները, այդպես էլ նաև կատուները, շնագայլերը, ցուլերը, իսկ այդ պաշտամունքի՝ հրեաների վրա ունեցած ազդեցությունը, Հերոբովամի հորթերի ժամանակահատվածից սկսած, կարող էր ավելի զորեղանալ Նեխաոյի արշավանքից հետո՝ Բաբելոնի դեմ պայքարում Եգիպտոսի հնարավոր օգնության հետ ունեցած հույսերի շնորհիվ (հմմտ․ Եզեկ․ 17:15; 23:8, 19): 19-րդ դարի սկզբում Բելզոնին Նեղոսի ափին գտնվող քարայրների մեջ հայտնաբերել է բազմաթիվ ստորգետնյա սենյակներ, որոնք ծառայել են ազնվականների թաղման համար։ Այդ սենյակների պատերը միատեսակ զարդարված են եղել, ի թիվս այլ բաների, նաև պաշտամունքային առարկաների պատկերներով։ Այդ հնարավոր նմանությունը հաստատելու համար Բելզոնին պատի խորշի միջով ներս մտավ այնտեղ (այդ խորշն ամենևին էլ պատշաճ մուտքի տեսք չուներ)։ Այս տեսակի քարանձավների մասին խոսում է նաև Ամմիակ Մարցելանը (22, 15. Տրոշոն)։ Եթե այստեղ նկատի ունենանք եգիպտական պաշտամունքը և, մասնավորապես, եգիպտական առեղծվածային խորհուրդները՝ միստերիան (այդ առեղծվածային խորհուրդները հիմնականում նպատակաուղղված են եղել անդրաշխարհի հետ հաղորդակցությանը), ապա ուրեմն այդ տեսիլքում մարգարեի հայացքի առջև պիտի հառներ Աստարտի քանանական պաշտամունքից հետո (որի մասին որ և, հավանաբար, խոսվում էր 3-6-րդ համարներում) արդեն երկրորդ օտարազնյա պաշտամունքի պատկերը՝ մի պաշտամունք, որն արդեն բոլորովին այլ բնույթ է կրում։ Դրան համապատասխանաբար՝ 13-14-րդ համարներում նկարագրվում են ասորա-բաբելոնական, իսկ 16-րդ համարում՝ պարսկական ամենաբնորոշ պաշտամունքները։ Սակայն հնարավոր է նաև, որ այստեղ նկատի չի առնվում եգիպտական պաշտամունքը, քանի որ Հին Կտակարանի ոչ մի հատվածում այս պաշտամունքի ունեցած ազդեցության հստակ հետքեր չեն նշմարվում։ 23:14-րդ համարը խոսում է հրեաների պատերին առկա բոլոր տեսակի պատկերների ունեցած քաղդեական ծագումնաբանության մասին։ Բաբելոնի ազդեցությունն այդ ժամանակաշրջանում պետք է որ մեծ ներգործություն ունենար կյանքի բոլոր ոլորտներում՝ հատկապես արիստոկրատիայի ներսում, քանի որ արիստոկրատիան իր մասնակցությունն էր բերում «ճշմարիտ» պաշտամունքին։ Իսկ այդ ժամանակահատվածում էլ Բաբելոնում տարածված էր դևերի պաշտամունքը, որը պատկերավորվում էր կարիճների, օձերի և այլնի տեսքով։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մտայ ու տեսայ ամէն տեսակ սողուն ու անասուն, սնոտի գարշանքներ: Տեսայ եւ դրանց շուրջը քանդակուած՝ Իսրայէլի տան բոլոր կուռքերը:
(Արարատ թարգ․) Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։
(Գրաբար) Մտի՛ և տեսի, և ահա ամենայն նմանութիւն սողնոց և անասնոց, սնոտի գարշելիք. և տեսի զամենայն կուռս տանն Իսրայէլի նկարեա՛լ շուրջ զնոքօք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: