Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։17

Ա. Լոպուխին

«Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, բավական չէ՞ Հուդայի տան համար անել այսպիսի պղծություններ, որ նրանք անում են այստեղ․ դեռ երկիրն էլ լցրել են ամբարշտությամբ և առավել գրգռում են Իմ բարկությունը․ և ահա, նրանք ճյուղերը դեպի իրենց քիթն են տանում»»։ [17] (Սինոդական թարգ․)
   

   Տաճարը պղծելով չբավականանալով («այստեղ», ասել է թե՝ տաճարում)՝ Հուդայի տունը (6-րդ և 11-րդ համարներում կիրառվում է «Իսրայելի տուն» արտահայտությունը, քանի որ, հավանաբար, այդ համարներում ի նկատի են առնվում նաև Իսրայելի թագավորության մեջ կատարվող պաշտամունքները) ամբարշտությամբ (բառացիորեն՝ «բռնությամբ», «վիրավորանքով» («խամաս»)) պղծում է նաև ողջ երկիրը։ Իսկ թե ինչպիսի ամբարշտությունների մասին է խոսքը, բացատրված է 9:9-րդ համարում. «Երկիրը լցվել է արյունով, քաղաքը լիքն է անիրավությամբ»։

   «Եվ ահա, նրանք ճյուղերը դեպի իրենց քիթն են տանում» - Սա մի շատ խորհրդավոր արտահայտություն է։ Համաձայն ամենաընդունելի բացատրության՝ այն մատնացույց  է անում արևի պաշտամունքի նկարագրությունը՝ հավանաբար ընդգծելով ա՛յն իրողությունը, որ այդ պաշտամունքն ի հայտ է եկել բոլորովին վերջերս և այդպիսով հատկապես մոլորեցուցիչ մի քայլ կատարել դեպի կռապաշտությունը՝ առ ի համեմատություն Մանասեի ստանձնած «մեղքի լծի» հետ։ Մեկնիչները մասնավորապես կարծում են, որ այստեղ խոսքը Պարսկաստանում արևապաշտների ունեցած այն սովորության մասին է, ըստ որի՝ աղոթքի ժամանակ նրանք իրենց բերանի մոտ են պահել խուրմայի, նռան և տամարիսի մի փունջ ճյուղեր, որոնք կոչվում էին «բարեսմա» և նպատակ ունեին ծառայելու կա՛մ բերանը դևերից պաշտպանելուն համար, կա՛մ էլ իրենց շնչով սրբարանը չպղծելուն։ Այդ միևնույն նպատակները հետապնդելով՝ քահանաներն աստվածապաշտական ծառայության ժամանակ իրենց բերանները ծածկում էին հատուկ շղարշով (Strabo XV, 733. Hyde, De relig. Pers. ed. 2, 350 և այլ հիշատակություններ)։ Չնայած որ այստեղ կիրառված եբրայեցերեն «զեմորա»  բառը, որը թարգմանվել է «ճյուղ», նշանակում է հենց խաղողի ճյուղը (սլավոներենում՝ «վազ»), սակայն ենթադրվում է, որ այն կարող է վերաբերել նաև այլ տեսակի ճյուղերի, և դեռ չենք խոսում այն ​​մասին, որ այն կարելի է համարել «բարեսմա» բառի ձևափոխված կամ արամեացված տարբերակը: Չնայած որ, արդարև, նմանատիպ ընկալումը չի համադրվում համատեքստի հետ։ Համատեքստը մեզ հարկադրում է այստեղ ակնկալել ո՛չ թե աստվածապաշտական մի նոր ծիսակատարության ցուցում, այլ բացատրությունն ա՛յն մտքի, թե ինչպես էր Հուդան իր անօրենությամբ հարուցում Աստծո բարկությունը։ Այդ պարագայում ուրեմն մարգարեն կարո՞ղ էր այդ սովորությունը, որն արևապաշտության մեղքի մի մասնիկն էր միայն, այնքա՜ն սարսափելի հանցանք համարել, որ դրա կողքին արևապաշտության մեղքը պակաս նշանակալից թվար: Վերջապես, քիչ հավանական է, որ այդ ժամանակաշրջանում պարսկական պաշտամունքը Պաղեստին ներթափանցած լինի այդպիսի մանրուքներով այն դեպքում, որ Եզեկիելի գրքում պարսիկները հայտնվում են որպես մարգարեին հազիվ հայտնի, անվնաս բարբարոսներ (Եզեկ․ 27:10, 38:5): Սակայն այս արտահայտության մյուս բոլոր բացատրությունները շատ ավելի կամայական են, իսկ որոշները՝ նույնիսկ անպարկեշտ: «Ճյուղ» բառը մի փոքր այլ կերպ տարընթերցելով՝ ստանում ենք «մանգաղը դեպի իրենց քիթն են տանում» արտահայտությունը, որը պետք է որ մի ասացվածք լինի՝ «իրենք իրենց կործանումն են պատրաստում» նշանակությամբ։

   «Զեմորա» բառը, ռաբբինական բացատրության համաձայն, «crepitus ventris» (հնում պաշտամունքի առարկա եղող մի ձայն) է, իսկ «դեպի իրենց քիթն են տանում» արտահայտությունը գրչագիրների 18 ուղղագրումներից մեկն է («տիկկուն սոֆերին»)՝ որ հանդես է գալիս «իմ քթի» արտահայտության փոխարեն, և իմիջիայլոց (ըստ Կրեչմարի տեսակետի) այդ խոսքով նկատի է առնվում բարձունքներից զոհաբերության ծուխ մատուցելը, որը, ի դեպ, Տիրոջ համար գարշահոտություն է համարվում։ Բերթոլետի տեսակետի համաձայն՝ «զեմորա»՝ «ճյուղ»  բառը այս վերջին արտահայտության («իմ քթի») հետ կիրառելու պարագայում մենք առերեսվում ենք անպարկեշտ նշանակություն ունեցող մի գործողության (Levy, Neuehebrach. Worterbuch I, 544), և այս դեպքում արդեն խոսքը վերաբերում է մի այլասերված պաշտամունքի, որը դատապարտել է նաև Եսայու կողմից՝ 57:8-րդ համարում։ Այդ պաշտամունքն իրականացվում էր մարդկանց տներում և, հետևաբար, այդպիսով պղծությամբ էր լցնում ամբողջ երկիրը՝ ի տարբերություն նախկինում հիշատակված պաշտամունքների, որոնք պղծում էին միայն տաճարը: Թե՛ մեկ և թե՛ մյուս իրականություններն էլ, հավանաբար, վիրավորական կթվային հին հրեայի ականջների համար և դժվար թե պատշաճեին աստվածաշնչայնությամբ ներշնչված հեղինակին: Մյուսներն այս արտահայտության մեջ տեսնում էին մի կորուսյալ իմաստով ասացվածքի առկայության, սակայն արդյո՞ք մարգարեն կօգտագործեր այդպիսի կարճատև կյանք ունեցող մի ասացվածք:

--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի: Մի՞թէ փոքր բան է Իսրայէլի այդ տան անօրէնութիւնը, որ դրանք այստեղ գործում են, որպէսզի այդ երկիրը լցուի անօրէնութիւններով, ու դրանք բարկացնեն ինձ: Ահա որթատունկի ճիւղն էլ քաշում են որպէս արհամարհանքի նշան:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, մի՞թե թեթև բան է Հուդայի տան համար այս պիղծ բաներն անել, որ անում են այստեղ, որ երկիրը լցրել են բռնությամբ և առավել գրգռում են իմ բարկությունը։ Եվ ահա նրանք ճյուղը դեպի իրենց քիթն են տանում։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Տեսե՞ր զայդ որդի մարդոյ. միթէ փո՞քր ինչ իցէ անօրէնութիւն տանդ Իսրայէլի զոր գործեն աստ. զի լցին զերկիրդ անօրէնութեամբք, և դարձան ‘ի բարկացուցանել զիս. և ահա ձգեն զբազուկ որթուն ընդ արհամարհանս: