Ա. Լոպուխին
«Եվ ահա, այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այնպիսին, ինչպիսի որ ես տեսել էի դաշտում»։ [4] (Սինոդական թարգ․)
Տաճարում մարգարեն տեսնում է Տիրոջ Փառքը ճիշտ այն տեսքով, ինչ տեսքով որ նա այն տեսել էր դաշտում, այսինքն՝ Թել-Ավիվի շրջակայքում (Եզեկ․ 3:24), ինչը կարող էր լինել կա՛մ այն բանի նշանը, որ Տիրոջ Փառքը (Աստված) միշտ ներկա էր տաճարում այն տեսքով, ինչ տեսքով որ նա հայտնվեց Թել-Ավիվում և Քոբարում, կա՛մ էլ նշանն այն բանի, որ այժմ Աստված տաճար եկավ այս առանձնահատուկ (ցնցող և սարսափելի) կերպարանքով՝ հանուն ինչ-որ մի նպատակի, որը նման էր և ոչ պակաս կարևոր էր, ինչպես նախորդ երկու դեպքերում Աստծո Փառքի այդ հայտնությունները։ Աստծո Փառքի հայտնությունն այստեղ նպատակ ուներ ցույց տալու Երուսաղեմի հանդեպ Աստծո դատաստանը, որի նկարագրությունն էլ հենց ներկայացված է 8-11-րդ գլուխներում և որի հռչակումը Եզեկիելի մարգարեական կանչի գլխավոր դրդապատճառն էր։
«Այնտեղ» - արտահայտությունը կիրառվում է ո՛չ թե նեղ իմաստով՝ նկատի ունենալով այն վայրը, որտեղ Եզեկիելը կանգնեց տաճարում, ասել է թե՝ հյուսիսային ներքին դարպասի մոտ, այլ լայն իմաստով՝ նկատի ունենալով, առհասարակ, տաճարը: Այն, թե տաճարի հսկայածավալ տարածության կոնկրետ որ կետում էր գտնվում Տիրոջ փառքը, նշվում է միայն 10:3-րդ համարում. այն գտնվում էր աջ կողմում, այսինքն՝ տաճարի հարավային կողմում, իսկ մարգարեն գտնվում էր հյուսիսում: Փառքը կոչվում է ոչ թե պարզապես «Տիրոջ Փառք», ինչպես նախկինում բոլոր դրվագներում, այլ «Իսրայելի Աստծո Փառք» (կիրառվում է «Էլոհիմ», և ոչ թե «Յահվե» անունը, ինչպես 2:1-ին համարում է, որովհետև ուխտը խախտվել է)»՝ առ ի հակադրություն օտար աստվածության, որի կուռքը գտնվում էր տաճարում։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում:
(Արարատ թարգ․) Եվ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։
(Գրաբար) Եւ ա՛նդ էին փառք Աստուծոյ Իսրայէլի, ըստ տեսլեանն զոր տեսի ‘ի դաշտի անդ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: