Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։5

Ա. Լոպուխին

«Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, քո աչքերը բարձրացրո՛ւ դեպի հյուսիս»։ Եվ ես իմ աչքերը դեպի հյուսիս բարձրացրի, և ահա, զոհասեղանի դռան հյուսիսային կողմում այդ նախանձի կուռքն էր՝ մուտքի մոտ»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   «Զոհասեղանի դռան» - հյուսիսային ներքին դարպասն այդպես էր կոչվում գուցե այն պատճառով, որ զոհաբերվող կենդանիները, որոնք ենթադրաբար պետք է մորթվեին զոհասեղանի հենց հյուսիսային կողմում (Ղևտ. 1:4, 11), այդուհետ պետք է տարվեին ներքին, քահանայական գավիթը ճիշտ այս դարպասի միջով։ Հնարավոր է, որ այս դարպասի միջով նաև մի սովորական ճանապարհ կար (հմմտ․ 40:35, 37) դեպի զոհասեղան (եթե նկատի ունենանք, որ արևելյան դարպասը, ինչպես կարելի է ենթադրել Եզեկիելի մարգարեության 46։1-ին և այլ տեղիների հիման վրա, սովորաբար փակ էր պահվում՝ հավանաբար բացվելով միայն հանդիսավոր թափորների համար, իսկ հարավային դարպասներն էլ թագավորական թափորի համար էին նախատեսված)։ Մյուսները «զոհասեղանի դուռ» (կամ «դարպաս») արտահայտության անվանումը բացատրում են նրանով, որ այդտեղ է կանգնեցվել Սողոմոնի զոհասեղանը՝ տեղաշարժվելով Աքազի բակում ունեցած իր կենտրոնական տեղից (Դ Թագ. 16:14):

   «Նախանձի կուռքը», գտնվելով այդ դարպասների «հյուսիսային կողմում»՝ դրանց մուտքի մոտ, պետք է որ կանգնեցված լիներ արդեն արտաքին բակում՝ ներքին բակի ամենահյուսիսային դարպասի մոտ, հնարավոր է ա՛յն պատճառով, որ դա տաճարի ամենամարդաշատ և տարանցիկ վայրն էր (բոլոր դեպքերում՝ ավելի մարդաշատ, քան քահանայական գավիթը): Յոթանասնից թարգմանության տեքստը փոքր-ինչ տարբեր է․ «Մուտքի արևելյան դարպասից դեպի հյուսիս»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր աչքերովդ դէպի հիւսիս»: Աչքերս բարձրացրի դէպի հիւսիս, եւ ահա հիւսիսային կողմում, խորանի դռան վերեւում, մուտքի մօտ, որ դէպի արեւելք էր նայում, կար նախանձի կուռքը:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերդ բարձրացրո՛ւ դեպի հյուսիս», և ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի. ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքին, այդ նախանձի կուռքն էր։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ՝ հայեա՛ց աչօք քովք ‘ի կողմն հիւսւսոյ։ Համբարձի՛ զաչս իմ ‘ի կողմն հիւսւսոյ, և ահա ‘ի հիւսւսոյ կողմանէ ‘ի վերայ դրան սեղանոյն ուր կա՛յր պատկերն Նախանձու ‘ի մուտս դրանն որ հայէ՛ր ընդ արևելս: