Եզեկիելի մարգարեության մեկնություն 9։7

Ա. Լոպուխին

«Եվ ասաց նրանց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով ու դո՛ւրս եկեք»։ Եվ դուրս եկան ու սկսեցին սպանել քաղաքում»։ [7] (Սինոդական թարգ․)
   

   «Անմաքո՛ւր դարձրեք («պղծե՛ք») տունը» - ասել է թե՝ մի՛ ամաչեք տաճարը պղծելուց: Սուրբ վայրի համար, բնականաբար, մարդկային արյան հեղումը, ինչպես և դիակի առկայությունը, մեծագույն պղծությունն էր (Թվ. 19:11), և ողբերգության գագաթնակետն էր այն, որ Յահվեն Ինքը պահանջում է պղծության մատնել Իր տաճարը. այդ տաճարում այլևս ոչ մի սուրբ բան չկա. արյունն այլևս չի կարող այն աստիճան պղծել նրան, որքան կռապաշտության պղծություններն են դա արել:

   «Տուն»-ն  այստեղ, ինչպես և 6-րդ համարում, կարող է նշանակել ոչ թե ամբողջ տաճարի շենքը, այլ միայն սրբարանի և սրբություն սրբոցի շինությունը, որովհետև տաճարի այս ամենասուրբ մասը կարող էր պղծվել ոչ միայն դրա մեջ, այլ նաև դրա դիմաց տեղի ունեցած արյունահեղությամբ: Այս դեպքում արդեն հաջորդող խոսքերը կլինեն ոչ թե կրկնություն, այլ մտքի շարունակություն: Սուրբ տունը կպղծվի, եթե «գավիթները» (տաճարի; սլավոներենում՝ «ճանապարհները», այսինքն՝ քաղաքի փողոցները) լցվեն դիակներով։

   «Ու դո՛ւրս եկեք» – Սա մի արտահայտություն է, որը ցույց է տալիս այն արագությունը, որով կատարվում էին Աստծո պատվիրանները և որը հիշատակվում է նաև 5-րդ և 11-րդ համարներում: Այդ վեց հոգին այնքան արագ են կատարում հրամանը, որ Տերն այդ ընթացքում հազիվ է հասցնում ասել. «Անմաքո՛ւր դարձրեք տունը»։ Յոթանասնից թարգմանությունը «ու դո՛ւրս եկեք»։ Եվ դուրս եկան ու սկսեցին սպանել» արտահայտության փոխարեն տարընթերցում են հետևյալ կերպ․ «Ելնելով կոտորե՛ք»՝ այդպիսով ամենևին էլ տեղեկություն չփոխանցելով հրամանի կատարման մասին, ինչն ինքնին հասկանալի էր։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ ասաց նրանց. «Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով, ելէ՛ք, հարուածեցէ՛ք, կոտորեցէ՛ք այդ քաղաքը»:
(Արարատ թարգ․) Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Պղծեցէ՛ք զտունդ, և լցէ՛ք զտունդ դիակամբք. և ելէ՛ք կոտորեցէք և հարէ՛ք զքաղաքդ: