Ա․ Լոպուխին
10-11․ Փարավոնն ասաց նրանց. «Թող այդպես լինի: Տերը ձեզ հետ: Ես պատրաստ եմ արձակել ձեզ, բայց ինչո՞ւ երեխաներին էլ ազատ արձակեմ: Տեսե՛ք, որ չարություն կա ձեր մեջ: [10] Այդպես չի լինի: Նախ թող գնան միայն տղամարդիկ և պաշտեն Աստծուն, քանի որ դուք հենց այդ էիք խնդրում»: Եվ նրանց վտարեցին փարավոնի մոտից: (Սինոդական թարգ․)
Մովսեսի պատասխանի մեջ նկատելով չար մտադրություն, այսինքն՝ Եգիպտոսից ընդմիշտ հեռանալու ցանկություն՝ փարավոնը դիմում է նրան հեգնական դիտողությամբ. «Տերը ձեզ հետ լինի այնպես, ինչպես որ ես ազատ կարձակեմ ձեզ և ձեր երեխաներին: Եթե Աստված նույնպես կարող է օգնել ձեզ, որպեսզի բոլորդ հեռանաք, ինչպես ե՛ս կարող եմ ազատ արձակել ձեզ ձեր նորածինների, ծերերի և դուստրերի հետ, ապա, իհարկե, դուք կգնաք: Բայց ես չեմ կարող ձեզ բոլորիդ ազատ արձակել, և այդ հարցում չի կարող օգնել անգամ ձեր Ամենաբարձրյալը: Եվ այսպես, գնացե՛ք, ինչպես ե՛ս եմ թույլ տալիս, միայն տղամարդիկդ (եբր. «гаттебарим»), և ո՛չ կանայք ու երեխաները, տղամարդիկ՝ առանց կանանց և երեխաների» (Ելք 12:37): Ազատ արձակելով միայն տղամարդկանց և երեխաներին պահելով՝ փարավոնը, ակնհայտորեն, ցանկանում է վերջիններիս պահել իբրև երաշխիք իրենց հայրերի վերադարձի:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի: Տէրը ձեզ հետ: Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում: Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն թող Տերը ձեզ հետ լինի: Ես կարձակեմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխաներին: Բայց զգուշացե՛ք, քանի որ չարություն կա ձեր մեջ:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Եղիցի այդպէս. Տէր ընդ ձեզ. քանզի արձակեմ զձեզ, միթէ եւ զստացուածս ձեր: Տեսանէ՞ք զի չարիք կան ի ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: