Ելից գրքի մեկնություն 12։14

Ա․ Լոպուխին

Եվ այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն»»: (Սինոդական թարգ․)[14]
   
   Տոնի նշանակությամբ է բացատրվում նրա մշտական կատարումն այնքան ժամանակ, քանի դեռ հինկտակարանյան պաշտամունքը պահպանում էր իր զորությունը: Միայն այս իմաստով է «Պասեխ»-ը տոնելը հավիտենական օրենք (Ա Կորնթ. 5:7):

   Մյուս տոների և օրենքների նման՝ հինկտակարանյան Պասեխը ևս ստվերն է, գալիքի նախօրինակը (Կող. 1:15-17): Զատկական օրենքներում գալիքի ստվերն էին տեսնում դեռ հինկտակարանյան հեղինակները: Նրանք Մեսիային, որը ապագայում պիտի գար, այնպիսի՛ անուններով էին բնորոշում, որոնք, ակնհայտորեն, փոխ էին առնված զատկական գառին հատկանշող անվանումներից: Այսպես՝ Եսայի և Երեմիա մարգարեները Նրան նմանեցնում են գառան (Ես. 53:7, Երեմ. 11:19): Այս համանմանության մեջ նորկտակարանյան հեղինակները Հիսուս Քրիստոսի վերաբերյալ հստակ ակնարկ են տեսնում (Գործք. 8:32-35): Այդ նույն իմաստով Մեսիային գառ են անվանում նաև Նոր Կտակարանում (Հովհ. 1:29, Ա Պետ. 1:19), իսկ Հովհաննես ավետարանիչը, պատմելով, որ զինվորները չկոտրեցին Քրիստոսի սրունքները, նշում է. «Այս պատահեց, որպեսզի կատարվի գրվածը, թե՝ Նրա ոսկորը չպիտի փշրվի» (Հովհ. 19:33-36 Հովհ. Ելք. 12:10):

   Զատկի նախօրինակային նշանակությունն առավել մանրամասն բացահայտում են Եկեղեցու հայրերն ու ուսուցիչները: «Գառը, - գրում է սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, - պետք է նախապես ընտրված և հոտից առանձնացված լիներ զոհաբերության համար. այդ նույն կերպ էլ Քրիստոս հավիտյաններից ի վեր նախասահմանված էր մարդկային ցեղի համար չարչարվելու»: Զատկական գառը պետք է կատարյալ լիներ՝ առանց արատի, արական սեռի և մեկ տարեկան (Ելք 12:5):

   Բոլոր այս հատկանիշները, ըստ Եկեղեցու հայրերի, հստակորեն նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Գառան կատարելությունը խորհրդանշում է Քրիստոսի կատարելությունը ո՛չ միայն ըստ Աստվածության, այլև ըստ ընդունած բնության, որն օծված էր Աստվածությամբ: Գառան անարատությունը խորհրդանշում էր Քրիստոսի անարատությունը, քանի որ Նա բժշկում էր խայտառակությունից, պակասությունից և ախտերից: Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերն ու հիվանդությունները, սակայն Ինքը ենթակա չեղավ որևէ մեղսալի կրքի, որը բժշկության կարիք կունենար:

   Գառը պետք է մեկ տարեկան լիներ, ինչպես ճշմարտության արեգակը (Մաղ. 4:2, սբ. Գրիգոր Աստվածաբան): Զատկական գառան մորթվելու մեջ Եկեղեցու հայրերը տեսնում են մեծ Զոհաբերության հետ նմանությունը: Եվ նախևառաջ զոհաբերության ժամը համընկավ Քրիստոսի խաչելության ժամին: «Նա (Մովսեսը), - գրում է սուրբ Իրենիոսը, - գիտեր նաև Նրա չարչարվելու օրը, և Զատկի անվան տակ պատկերավոր կերպով կանխասաց այդ: Եվ հենց այդ տոնին Տերը չարչարվեց՝ կատարելով Զատիկը»: «Տասնչորսերորդ օրը զատկական գառը մորթվում էր այնպես, ինչպես Տերը գամվեց Խաչին», - նշում է սուրբ Եփրեմ Ասորին:

   Իսկ ահա զատկական գառան արյամբ ցողելը Քրիստոսի արյամբ կատարված մեր քավության պատկերն է ներկայացնում (սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի): Ըստ նրա՝ «Բաղարջ հաց ուտելը ցույց էր տալիս, որ Քրիստոսին հաղորդակից եղողները պետք է իրենց հոգիները սնուցեն անթթխմոր, մաքրամաքուր ցանկություններով՝ սեփական անձը վարժեցնելով նենգությունից հեռու և ապականությունից անկախ կյանքի»: Դառը խոտերը պատկերն են այն չարչարանքների, որոնք մենք պետք է կրենք հանուն Նրա՛ սիրո, Ով հանուն մեզ ճաշակեց մահը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը թող ձեզ համար հիշատակի օր լինի: Տոնե՛ք այն Տիրոջ համար, որպես հավիտենական կանոն՝ տոնե՛ք այն սերնդե-սերունդ:
(Գրաբար) Եւ եղիցի ձեզ արիւնդ այդ ի յիշատակ, եւ տաւնեցէք զդա` տաւն Տեառն յազգս ձեր. աւրէն յաւիտենական տաւնեցէք զդա: