Ելից գրքի մեկնություն 13։5

Ա. Լոպուխին

5-10․ Եվ երբ Տերը քեզ տանի քո հայրերին խոստացած քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հենց այդ ամսին այս ծիսակատարությունը կանես: [5] Յոթը օր բաղարջ հաց կուտեք, իսկ յոթներորդ օրը Տիրոջ տոնը կլինի։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք և ձեզ մոտ թթխմորով հաց պիտի չլինի, և ոչ էլ թթխմոր պիտի լինի քեզ մոտ՝ քո բոլոր սահմաններում: Այդ օրը քո որդուն կպատմես՝ ասելով. «Դա կատարվում է ի հիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տեր Աստվածը, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից»: Եվ սա քեզ համար նշան պիտի լինի ձեռքիդ վրա, և հիշատակ՝ աչքերիդ առաջ, որ Տիրոջ օրենքները քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզոր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից: Այս օրենքները կպահպանեք տարեցտարի՝ իր ժամանակին»: (Սինոդական թարգ․)
   
   Բաղարջների մասին օրենքի կատարումը վերաբերում է ավետյաց երկրում հաստատվելու ժամանակահատվածին: Ըստ այսմ՝ Մովսեսը մեկ այլ տեղում էլ ասում է. «Այնտեղ չանե՛ք այն ամենը, ինչը որ այսօր մենք անում ենք այստեղ․ յուրաքանչյուրն ինչ ուզում է, այն էլ անում է» (Բ. Օր. 12:8): Իսկապես, եթե մինչև ավետյաց երկրի սահմաններին հասնելն իրենց թափառելու ողջ ընթացքում հրեաները ալյուր չունեին և մանանան էր նրանց հացը (Ելք. 16:35, հմմտ. Հեսու 5:11-12), ապա ինքնըստինքյան հասկանալի է դառնում, որ մինչ Քանանում բնակվելը հրեաները բաղարջ հաց պատրաստելու նյութ չունեին և չէին կարող դրանց վերաբերյալ օրենքը կատարել:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կ՚անես:
(Արարատ թարգ․) Եվ երբ Տերը քեզ տանի քո հայրերին խոստացած քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, այս ամսվա մեջ պիտի կատարես այս պաշտամունքը:
(Գրաբար) Եւ եղիցի յորժամ եթէ տանիցի զքեզ Տէր Աստուած քո յերկրին Քանանացւոց, եւ Քետացւոց, եւ Ամովրհացւոց, եւ Խեւացւոց, եւ Յեբուսացւոց, եւ Փերեզացւոց, եւ Գերգեսացւոց. զոր երդուաւ հարցն քոց տալ քեզ, երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր. եւ արասցես զպաշտաւնս զայս յամսեանս յայսմիկ: