Ա. Լոպուխին
6-9․ Փարավոնը լծեց իր կառքը և իր հետ տարավ իր ամբողջ ժողովրդին: [6] Եվ նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր, Եգիպտոսի բոլոր կառքերն՝ իրենց զորավարներով: Եվ Տերը կարծրացրեց Եգիպտոսի արքա փարավոնի սիրտը, և սա հետապնդեց իսրայելացիներին: Եվ իսրայելացիները գնում էին՝ ձեռքները բարձր պահած: Եվ եգիպտացիները հետապնդեցին նրանց։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա հեծյալներն ու զորքերը հասան նրանց, որոնք բանակատեղի էին դրել ծովի՝ Փիաիրոթի մոտ, Բեեղսեփոնի դիմաց: (Սինոդական թարգ․)
Հրեաների՝ անելանելի իրավիճակում հայտնված լինելու վերաբերյալ (Ելք 14:3) ունեցած համոզմունքի ազդեցությամբ ձևավորված փարավոնի այս զգացողությունը վերաճեց նրանց շտապ ետ վերադարձնելու վճռականության: Սկսվում է հետապնդումը: Հետապնդողների կազմի մեջ մտան «վեց հարյուր ընտիր մարտակառք»՝ եգիպտական բոլոր կառքերը, այսինքն՝ յուրաքանչյուր կառք, որն այս կամ այն չափով կարող էր պիտանի լինել զինվորներին, ինչպես նաև «զորավարները»: Յուրաքանչյուր մարտակառքի համար նշանակվել էին երեք մարդ, երկուսը՝ կռվելու համար, երրորդը՝ ձիավարելու:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»: Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի դէմ, եւ նրանք ասացին. «Այդ ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ իսրայէլացիները գնան, եւ մենք զրկուենք մեր ստրուկներից»:
(Արարատ թարգ․ 14։5) Եվ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է: Եվ փարավոնի ու նրա ծառաների սիրտը ժողովրդի դեմ դարձավ, ու ասացին. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թույլ տվեցինք, որ իսրայելացիները հեռանան և չծառայեն մեզ»:
(Գրաբար) Եւ ազդ եղեւ արքային Եգիպտացւոց եթէ փախեաւ ժողովուրդն: Եւ շրջեցաւ սիրտն փարաւոնի` եւ ծառայից իւրոց ի վերայ ժողովրդեանն, եւ ասեն. Զի՞նչ գործեցաք զայն զի արձակեցաք զորդիսն Իսրայէլի, զի մի ծառայեսցեն մեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: