Ելից գրքի մեկնություն 18։1

Ա․ Լոպուխին

1-27․ Մադիամի քուրմ Հոթորը՝ Մովսեսի աները, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին ու Իսրայելի ժողովրդին, և թե ինչպես էր Տերը Եգիպտոսից դուրս բերել Իսրայելին: [1] Եվ Հոթորը՝ Մովսեսի աները, վերցրեց Սեփորային՝ Մովսեսի կնոջը, որ մինչ այդ վերադարձել էր, և նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետև Մովսեսն ասել էր․ «Պանդուխտ էի օտար երկրում», իսկ մյուսի անունը Եղիազար էր, որովհետև ասել էր. «Իմ օգնականն իմ հոր Աստվածն է, որ ինձ ազատեց փարավոնի սրից»: Եվ Հոթորը, Մովսեսի աները, նրա կնոջ և նրա որդիների հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, ուր նա բնակվում էր Աստծո լեռան վրա։ Եվ ասաց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորը, քեզ մոտ եմ գալիս քո կնոջ և երկու որդիների հետ»: Մովսեսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ և համբուրեց նրան: Նրանք ողջագուրվեցին և ապա մտան վրան: Եվ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ Տերն արել էր փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի համար, նաև այն բոլոր նեղությունների մասին, որ կրել էին ճանապարհին, և թե ինչպես էր Տերն ազատել իրենց: Հոթորն ուրախացավ այն բոլոր բարի գործերի համար, որ Տերն արել էր Իսրայելի համար՝ փրկելով նրան եգիպտացիների ձեռքից: Եվ Հոթորն ասաց. «Օրհնյա՛լ լինի Տերը, որ փրկեց ձեզ եգիպտացիների և փարավոնի ձեռքից, որովհետև ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից: Հիմա գիտեմ, որ Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները. ինչով որ ամբարտավանում էին իսրայելացիների դեմ, իրենց դեմ եղավ»: Եվ Մովսեսի աները՝ Հոթորը, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն: Եվ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծո առաջ հաց ուտելու:  Հաջորդ օրը Մովսեսը նստեց՝ դատելու ժողովրդին, և ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի առաջ: Եվ Մովսեսի աները տեսավ ամեն բան, ինչ որ անում էր Մովսեսը ժողովրդի հետ ու ասաց. «Այդ ի՞նչ ես անում այս ժողովրդին: Ինչո՞ւ միայն դու ես նստում, իսկ ամբողջ ժողովուրդն առավոտից մինչև երեկո կանգնած է քո առաջ»: Եվ Մովսեսն ասաց իր աներոջը. «Որովհետև ժողովուրդը գալիս է ինձ մոտ Աստծուց իրավունք հայցելու համար։ Երբ նրանք հարց են ունենում, գալիս են ինձ մոտ, ես նրանց միջև դատ եմ անում ու նրանց սովորեցնում Աստծո կանոններն ու օրենքները»: Բայց Մովսեսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ։ Այդպես կտանջվես թե՛ դու, թե՛ քեզ հետ եղած ժողովուրդը, որովհետև այդ գործը քեզ համար խիստ ծանր է, և դա մենակ անել չես կարող: Արդ լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի: Աստծո մոտ եղիր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդիր Աստծուն։ Սովորեցրու նրանց Աստծո կանոններն ու օրենքները: Ցո՛ւյց նրանց այն ճանապարհը, որով պիտի քայլեն և թե ինչ պիտի անեն: Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարողունակ, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդիկ և նրանց վրա նշանակիր հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ: Եվ մշտապես թող նրանք դատեն ժողովրդին: Ամեն մեծ խնդիր թող ներկայացնեն քեզ, իսկ ամեն փոքր խնդիր թող իրենք դատեն, և այսպես քեզ օգնելով՝ կթեթևացնեն քո բեռը: Եթե այդպես անես, և Աստված էլ դա քեզ պատվիրի, այնժամ դու կկարողանաս դիմանալ, և ողջ ժողովուրդը խաղաղությամբ իր տեղը կգնա»: Եվ Մովսեսը լսեց իր աներոջ խոսքերը և արեց այն ամենը, ինչ նա ասաց իրեն: Եվ Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց: Եվ մշտապես նրանք էին դատում ժողովրդին. դժվար գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ փոքր գործերն իրենք էին դատում: Եվ Մովսեսը ճանապարհեց իր աներոջը, և նա գնաց իր երկիրը: (Սինոդական թարգ․)
   
   Սույն գլխում նկարագրված իրադարձությունները վերաբերում են ավելի ուշ շրջանի, և ոչ թե հրեաների՝ Ռափիդիմում գտնվելու ժամանակներին, իսկ սրա մասին պատմությունը մեկնիչների կարծիքով պետք է տեղադրված լիներ Թվոց գրքի 10-րդ գլխի 10-11-րդ համարների միջև (Թվ. 10:10-11): Նման ենթադրության արդարացիությունը կայանում է հետևյալում. Ելքի 18:5-ի համաձայն՝ իրադարձությունը տեղի էր ունենում Աստծո լեռան, այսինքն՝ Քորեբի մոտ (Ելք. 3:1), այլ ոչ թե Ռեփիդիմում, որտեղ այդ պահին գտնվում էին հրեաները:  Ավելի ճշգրիտ՝ Բ Օրինաց 1:6-19-րդ համարների համաձայն, Մովսեսի կողմից իրեն որպես օգնականներ հազարապետներ և հարյուրապետներ ընտրելը տեղի ունեցավ սինայական օրենսդրությունից հետո, հրեաների՝ Քորեբից հեռանալուց առաջ, որին համապատասխանում է նաև հրեաների կայանատեղիից Հոթորի վերադարձն իր երկիր (Ելք. 18:27; Թվ. 10:29): Եվ, քանի որ հրեաների ճանապարհորդությունը Սինայի մոտից սկսվում է Թվոց գրքի 10:11-րդ համարից, ապա ուրեմն դրանից առաջ պետք է տեղադրված լինեն Ելից գրքի  18-րդ գլխի իրադարձությունները:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ Տէրը իսրայէլացիներին հանել էր Եգիպտոսից:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին ու Իսրայելի ժողովրդին, և թե ինչպես էր Տերը Եգիպտոսից դուրս բերել Իսրայելին:
(Գրաբար) Եւ լուաւ Յոթոր քուրմ Մադիամու աներ Մովսիսի զամենայն զոր արար Տէր ընդ Մովսիսի, եւ յԻսրայէլի ժողովրդեան իւրում. զի եհան Տէր զԻսրայէլ յԵգիպտոսէ: