Ա․ Լոպուխին
Մանուկը մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի դստեր մոտ, և մանուկը նրա համար որդու պես եղավ: Նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Որովհետև նրան ջրից հանեցի»: (Սինոդական թարգ․)[10]
Երբ լրացավ մայրական կաթով սնվելու ժամանակը, այսինքն՝ երեք տարի հետո (Բ Մակ. 7:27), մանկանը բերում են փարավոնի դստեր մոտ, որը և նրան տալիս է Մովսես անունը: Եգիպտուհու կողմից անվանադրումը անկասկած խոսում է այն մասին, որ տրված անունն իր ծագումով եգիպտական բառ էր: Այդպես են կարծում նաև Փիլոնն ու Հովսեփիոս Փլավիոսը, ընդ որում՝ ըստ վերջինիս խոսքերի «Մովսես» անունը կազմված է եգիպտական երկու բառերի միավորումից՝ «մօ»՝ ջուր, և «իսիս»՝ փրկված: Այս տեսակետին համակարծիք են նաև որոշ հնագույն եկեղեցական հեղինակներ՝ Կղեմես Ալեքսանդրացին, Եվստաթեոս Անտիոքացին, և անգամ նոր շրջանի շատ մեկնիչներ: Առավել հավաստի բացատրությունն այն է, որ Մովսես անվան առաջին հատվածը համապատասխան է եգիպտական «մօ»՝ ջուր բառին, իսկ երկրորդը՝ ‘‘υσῆς” կամ “υσῆυς”, հին եգիպտական «ուդշա», «ուդշ» բային, որ նշանակում է «փրկվել»: Այդ իսկ պատճառով «Մոուդշե», «Մոիսի» կամ էլ հունարեն վերջավորությամբ՝ «Մոիսիս» բառը նշանակում է «ջրից փրկված»: Իսկ այն ենթադրությունը, ըստ որի Մովսես անունն առաջացել է եբրայերեն «մաշա» բառից, որը նշանակում է «դուրս հանել», ոչ մի հիմք չունի: «Մաշա» բայը օգտագործվում է միայն բառացի նշանակությամբ (Բ Թագ. 22:17, Սաղմ. 17:17), ուստի դերբայական «մոշե» ձևը նշանակում է «դուրս հանված», «դուրս բերված», բայց ոչ թե՝ «փրկված», որպիսին Մովսես անվան նշանակությունն է:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․)եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան:
(Արարատ թարգ․)Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ: Եվ տղան նրա որդեգիրը դարձավ: Նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Որովհետև նրան ջրից հանեցի»:
(Գրաբար) եւ եղեւ նմա յորդեգիրս: Եւ անուանեաց զանուն նորա Մովսէս. ասէ, Ի ջրոյ անտի հանի զդա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: