Ելից գրքի մեկնություն 21։20

Ա․ Լոպուխին

20-21. Եվ եթե մեկը գավազանով հարվածի իր ստրուկին կամ աղախնուն, և նրանք մեռնեն նրա ձեռքի տակ, ապա տերը պիտի պատժվի։ [20] Բայց եթե նրանք մեկ կամ երկու օր ապրեն, ապա տերը վրեժխնդրության չի ենթարկվի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել: (Սինոդական թարգ․)
   
   Ստրուկի կամ ստրկուհու սպանության համար, եթե նա սպանվել է պատժի պատճառով, տերը մահվան չի ենթարկվում, այլ պարզապես դատարանի սահմանած պատժին է ենթարկվում: Դրա պատճառը կա՛մ այն է, որ ստրուկը ազատ մարդուն հավասար չի համարվում (Ելք 21:21 հմմտ. 21:19, Ելք 21:26 հմմտ. 21:23; Ելք 21:32 հմմտ. 21:29), կա՛մ էլ այն, որ տերն ընդամենը պատժում էր անհնազանդ ստրուկին (Սաղմ. 10:13)՝ նպատակ չունենալով նրան սպանել: Եվ անգամ տերն առհասարակ ազատվում է պատժից, երբ ստրուկի մահն անմիջապես չի հաջորդում ծեծին, այլ նա մահանում է ծեծից մեկ կամ երկու օր հետո: Այս պարագայում տիրոջ համար բավարար հատուցում է և այն պատիժը, որ, իր ստրուկին կորցնելով, նա կորցնում է ստրուկի համար վճարած գումարները և այդպիսով վնաս է կրում, քանի որ ստրուկին «իր արծաթով էր գնել»:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով,
(Արարատ թարգ․) Եվ եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ աղախնուն, և նա նրա ձեռքի տակ մեռնի, նրանից անպատճառ վրեժ պիտի լուծվի:
(Գրաբար) Եթէ ոք հարցէ զծառայ իւր` կամ զաղախին իւր գաւազանաւ, եւ մեռցի ի ձեռաց նորա, դատաստանաւ վրէժխնդրութիւն լիցի: