Ելից գրքի մեկնություն 28։30

Ա. Լոպուխին

Եվ դատաստանի լանջապանակի մեջ կդնես Ուրիմն ու Թումիմը: Երբ Ահարոնը կանգնի Տիրոջ առաջ, թող դրանք լինեն իր սրտի վրա: Եվ թող Տիրոջ առաջ Ահարոնն Իսրայելի որդիների դատաստանը միշտ իր սրտի վրա կրի: (Սինոդական թարգ․)[30]
   
   Դատաստանի լանջապանակին էր միացված «ուրիմն ու թումիմը»։ Եբրայերեն տեքստը, խոսելով «թումիմի»՝ «ուրիմի» հետ հարաբերակցության մասին, օգտագործում է «նատաթաթա» արտահայտությունը («նատան» բառից), որ նշանակում է «ավելացնել». «ավելացրո՛ւ» ուրիմն ու թումիմը լանջապանակին (Ղևտ. 8:8)։ Հետևաբար «ուրիմ և թումիմ» անվանումը նշանակում է առարկա, որն ավելանում է լանջապանակին։ Սրանց միջև հարաբերությունը մեծ ճշգրտությամբ արտահայտվում է տվյալ համարի և Ղևտ. 8:8-ի՝ Ելք 25:16-րդ և 21-րդ համարների հետ համեմատությամբ։ Այս և մյուս համարում խոսվում է ուխտի տապանակի մեջ օրենքի տախտակների դրվելու մասին, ընդ որում եբրայերեն տեքստում օգտագործված է այն նույն բայը՝ «նատան», ինչ Ելից 28:30-ում և Ղևտ. 8:8-ում՝ «էլ» նախդիրով։ Սակայն եթե դրանցում այն բնորոշում է տախտակների՝ տապանակի հետ ունեցած հարաբերությունը, ապա մյուս համարներում էլ ներկայացնում է ուրիմի և թումիմի հարաբերությունը լանջապանակի հանդեպ։ Ինչպես տախտակներն են դրված ուխտի տապանակի մեջ, այնպես էլ ուրիմը՝ լանջապանակի մեջ։

   Այս տեսակետի հավանականությունն ակնհայտ է դառնում, քանի որ լանջապանակը «երկձև» է եղել, այսինքն՝ բաղկացել է նյութի երկու մասերից։ Սակայն եթե ուրիմն ու թումիմը «դրվել» են լանջապանակի մեջ, ապա այն հնարավոր չէ նույնացնել 12 քարերի հետ, ինչպես դա անում են ոմանք. քարերը եղել են լանջապանակի վրա, և ոչ թե՝ դրա մեջ։ Ուրիմի և թումիմի մասին ճշգրիտ է նաև մեկնաբանների այն տեսակետը, ըստ որի այդ անուններով կոչվում էր քահանայապետի ստացած հայտնությունը։ Մասնավորապես ուրիմի տարբերակումը հայտնությունից մատնանշում է Թվոց գիրքը. «Եվ նա (Հեսու Նավեն) կդիմի Եղիազար քահանային և կհարցնի նրան ուրիմի որոշման մասին (Թվ. 27:21): «Դա թող լինի Ահարոնի կրծքի վրա» բառերը «և Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրա միշտ թող կրի Իսրայելի որդիների դատաստանը» արտահայտության հետ համեմատելու դեպքում անկասկած հետևում է, որ «դատաստան» անվանումը տրվում է ուրիմին և թումիմին, ուստի և այդ հանգամանքով է պայմանավորված դրանք «պարունակող» լանջապանակի՝ «դատաստանի լանջապանակ» անունը (Ելք 28:15)։

   Այսպիսով՝ ինչպես «դատաստան» արտահայտությունը (եբր. «միշպատ») ենթադրում է հայտնության մասին պատկերացումը (Ես. 51:4), այնպես էլ ուրիմի «դատաստան» անվանումը մատնանշում է, որ դրա միջոցով բացվում էր Աստծո կամքը՝ տրվում էր հայտնությունը (Թվ. 27:21)։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես: Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից: Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը 107: Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ, երբ նա սրբարան մտնելով՝ ներկայանայ Տիրոջը: Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»:
(Արարատ թարգ․) Եվ դատաստանի լանջապանակի մեջ կդնես Ուրիմն ու Թումիմը: Երբ Ահարոնը կանգնի Տիրոջ առաջ, թող դրանք լինեն իր սրտի վրա: Եվ թող Տիրոջ առաջ Ահարոնն Իսրայելի որդիների դատաստանը միշտ իր սրտի վրա կրի:
(Գրաբար) Եւ դիցես ի վերայ տախտակին դատաստանի զվերջսն շղթայագործս` յերկոցունց կողմանց տախտակին դիցես: Եւ զերկուս վահանակսն դիցես ի վերայ երկուց ուսոց վակասին յերեսաց կողմանէ ի ներքուստ: Եւ դիցես ի վերայ տախտակին դատաստանի զյանդիմանութիւն եւ զճշմարտութիւն. եւ եղիցի ի վերայ լանջացն Ահարոնի յորժամ մտանիցէ ի սրբութիւնսն առաջի Տեառն: Եւ տարցի Ահարոն զդատաստանս որդւոցն Իսրայէլի ի վերայ լանջաց իւրոց առաջի Տեառն հանապազ: