Ելից գրքի մեկնություն 29։8

Ա. Լոպուխին

8-9. Կբերես նրա որդիներին և նրանց կհագցնես շապիկներ: [8]Եվ կգոտևորես նրանց՝ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց գլխներին ապարոշներ կփաթաթես: Եվ թող քահանայությունը նրանցը լինի հավիտենական կանոնով: Այսպես կսրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին: (Սինոդական թարգ․)
   
    Արդյոք Ահարոնի որդիների զգեստավորումն ուղեկցվո՞ւմ էր օծումով, թե՞ ոչ. այդ մասին չի խոսում ո՛չ սույն գլուխը, ո՛չ էլ նրան զուգահեռ համարվող Ղևտացվոց գրքի 8-րդ գլուխը: Իսկ ինչ վերաբերում այս խնդրին առնչվող մյուս հատվածներին, ապա նրանց միջև տարաձայնություն է նկատվում: Այն դեպքում, երբ մի քանի համարների համաձայն (Ղևտ. 6:13, 15 (եբր.), 16:32, 21:10, 12, Թվ. 35:25) օծվում է միայն Ահարոնը, մյուս համարները վկայում են քահանաների՝ Ահարոնի որդիների օծման մասին (Ելք 28:41, 30:30, 40:14-15, Ղևտ. 10:6-7, Թվ. 3:3): Եթե առաջին երկու մասերն ու վերջին հատվածը կարող են կասկածներ հարուցել քահանաների՝ քահանայապետի նմանողությամբ օծվելու վերաբերյալ, ապա երրորդ ու չորրորդ հատվածները տեղ չեն թողնում այդ կասկածների համար. «Կօծես նրանց,- ասվում է (Ելք 40:15),- ինչպես որ օծեցիր նրանց հորը»: Ահարոնն ու նրա որդիները՝ Եղիազարն ու Իթամարը, մահացած Նաբադի ու Աբիուդի համար չպետք է սգի մեջ մտնեն ու դուրս գան վկայության խորանից, «քանի որ նրանց վրա կա Տիրոջ օծության յուղը» (Ղևտ. 10:7):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները,
(Արարատ թարգ․) Մոտ կբերես նրա որդիներին և նրանց շապիկներ կհագցնես:
(Գրաբար) Եւ զորդիս նորա մատուսցես, եւ զգեցուսցես նոցա պատմուճանս. եւ ածցես նոցա կամարս.