Ա․ Լոպուխին
14-18․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացել է, ու նա չի ուզում արձակել ժողովրդին: [14] Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ, և երբ նա դեպի ջուրը գնա, կանգնի՛ր նրա դիմաց՝ գետեզերքին, և ձեռքդ առ օձ դարձած գավազանը։ Եվ ասա՛ նրան. «Տերը՝ եբրայեցիների Աստվածն ինձ ոււղարկել է քեզ մոտ՝ ասելով. «Արձակի՛ր Իմ ժողովրդին՝ անապատում Ինձ պաշտելու համար», սակայն մինչև հիմա դու չլսեցիր: Այսպես է ասում Տերը. «Սրանով կիմանաս, որ Ես եմ Տերը»: Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և այն արյան կվերածվի։ Եվ գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմելուց»»: (Սինոդական թարգ․)
Փարավոնի անհնազանդությունը գալիս էր նրանից, որ նա չէր ցանկանում ընդունել Բարձրյալին, Նրա զորությունը և ուժը իր նկատմամբ (Ելք 5:2), որը հանգեցնում է մի շարք նշանների՝ աղետների, որոնք ապացուցում էին Աստծո գերազանցությունը եգիպտական աստվածների նկատմամբ (Ելք 7:17, 18:11): Դրանցից առաջինը Նեղոսի ջրերը արյուն դարձնելն էր: Կանխագուշակումը տրվում է փարավոնին այն ժամանակ, երբ նա գնում էր «դեպի ջուրը»՝ կամ լվացվելու, կամ էլ Նեղոսին որպես աստծո երկրպագելու համար: Նեղոսի ջրերի փոխակերպումն արյան, որը զուգակցվում էր նրանով, որ ջուր խմելն անկարելի էր դառնում և ձկները սատկում էին (Ելք 7:18), պետք է որ փարավոնին համոզեր այն բանում, որ Յահվեն Աստվածն է (7:17):
Ինչպես հայտնի է, Նեղոսը աստվածներից ամենագլխավորն էր, որը պաշտամունքի էր արժանանում ողջ Եգիպտոսի կողմից (Պլուտարքոս), համարվում էր Օսիրիսից բխած և պաշտվում էր տարբեր անուններով՝ իմիջիայլոց անգամ Գայիի անունով: Նրա՝ «ամեն ինչին կյանք տվողի, աստվածների հոր» պատվին տաճարներ են կառուցվել (օրինակ՝ Նիկոլիսում), զոհեր են մատուցվել (Ջեբել-Սելեմեի կռատանը պատկերված է Ռամզես II-ը, որը զոհաբերություն է մատուցում Նեղոսին), տոնախմբություններ են կազմակերպվել և այլն: Առաջին իսկ աղետից հետո այս հայտնի աստվածը կորցնում է իր բարերար ազդեցությունը (ջուրը աղտոտվում է, ձկները վերանում են), և դա տեղի է ունենում Ահարոնի ու Մովսեսի գործողության պատճառով (Ելք 17, 20): Կամ, այլ կերպ ասած, այս աստվածությունը ենթարկվում է ա՛յն Աստծո կամքին, Որի ներկայացուցիչներն են հանդիսանում Մովսեսն ու Ահարոնը:
Երբեմնի սուրբ Նեղոսը այժմ դառնում է խորշանքի առարկա, պղծվում է, քանի որ արյունը՝ Թիֆոնի խորհրդանիշը, ըստ եգիպտացիների մտածելակերպի անմաքուր էր դարձնում յուրաքանչյուրին, ով դիպչում էր նրան: Այս բոլորը միասին ծառայում են իբրև ակնհայտ ապացույց այն բանի, որ Նեղոս աստվածը ոչինչ է հրեաների Աստծո հետ համեմատ: Այս մտքին է հանգում երանելի Թեոդորիտոսը՝ դատելով դեռ առաջին իսկ աղետից: Այն հարցին, թե «ինչո՞ւ առաջին աղետը եղավ, ա՛յն, որ ջուրը արյուն դարձավ», սուրբը պատասխանում է. «Որովհետև եգիպտացիները բարձր կարծիք ունեին գետի մասին, և որպես անձրևաբեր ամպերի «փոխարինիչի» նրանք գետին աստված էին համարում»:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը խստացավ, ու նա չի ուզում արձակել ժողովրդին:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կարծրացեալ է սիրտն փարաւոնի չարձակել զժորովուրդն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: