Եսայու մարգարեության մեկնություն 1։1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսաւ Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ, երբ Հրէաստանում թագաւորում էին Օզիան, Յովաթամը, Աքազը եւ Եզեկիան:
   
   Հարց. Ի՞նչ է, որ ասում է՝ Եսայու տեսիլք.

   Պատասխան.
   Մարգարեությունը տեսիլք է անվանում, քանզի մարգարեն, համաձայն եբրայեցիների, տեսանող է կոչվում, որովհետև ինչ հետո պետք է կատարեր Աստված, հույժ պայծառությամբ տեսնել էր տալիս մարգարեական աչքերին, այդ  պատճառով տեսիլք է անվանում, ինչպես Միքիան, ասում է Աքաաբին, թե՝ «...տեսել եմ, թե ինչպես բոլոր Իսրայելացիները ցրված են...» (Գ Թագ 22:17): Եվ Դանիելն ասում է. «նայում էի, մինչև որ Աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ...» (Դան.7:9-10), դարձյալ տեսիլք է անվանում, որպեսզի ունկնդիրներին ուղարկի Աստծո մոտ, որ ցույց էր տալիս տեսիլքը: Իսկ այն բանը, թե՝ Տիրոջ խոսքը պատգամ է՝ Աստծո ձայնն էր հայտնում, ովքեր լսում էին, թե ինչ էր խոսում Աստված նրանց  հետ: Ըստ այնմ. «Տերը խոսեց Մովսեսի  հետ» (Ելք 6:10), և Եսային, թե՝ «Լսեցի  Տիրոջ խոսքը» (6:8): Իսկ այն, որ պատգամ են անվանում, մարգարեական ներգործություն է, ինչպես  Նավումը  Նինվեի պատգամ է անվանում (Նավում 1:1), այսինքն՝ ինչ ստանում էին Սուրբ Հոգուց, այն էին խոսում: Եվ Պողոսը ավետարանի վերաբերյալ ասում է. «...մարդուց չառա... այլ՝ Հիսուս Քրիստոսի մի հայտնությունից» (Գաղատ.1:12-13): Այս  պատճառով  առաքյալը  բոլոր թղթերում այսպես է գրում՝ ցույց տալու համար, թե իրենից չի ասում, այլ՝ առաքողից: Ըստ որում նաև Քրիստոսն է ասում. «Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև ձեր ուսուցիչը Քրիստոսն է» (Մտթ. 23:10): Դարձյալ, մարգարեների  տեսնելն ու լսելը մեր նման չէ, որովհետև այլ կերպ էին տեսնում ու լսում: Ինչպես  Եսային է ասում. «Սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ: Տիրոջ  խրատը  կբացի  իմ ականջները...» (50:4-5): Եվ Դավիթն ասում է. «Բաց իմ  աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշալիքները» (Սղմ.118:18): Բայց թե ինչպես է սա տեղի ունենում՝  մեզ  համար անգիտելի է: Ընդամենը մի փոքրիկ  օրինակով կարելի է այսպես ասել. ինչպես զուլալ ջուրն ընդունելով արևի  ճառագայթն իր մեջ՝ փայլատակում է,  նույնպես մարգարեների սիրտն ընդունելով Սուրբ Հոգին՝ հստակորեն տեսնում  էր  լինելիքը:
   

Ա. Լոպուխին

Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ այն ժամանակ, երբ Հուդայում թագավորում էին Օզիան և Հովաթամը, Աքազը և Եզեկիան:
   
   Տեսիլք: Այսպես է կոչվում մարգարեի յուրահատուկ վիճակը, որի մեջ լինելով նա Աստծուց հայտնություններ էր ստացել (տե՛ս մարգարեական գրքերի վերաբերյալ նախաբանը 1): Այստեղ, սակայն, այս արտահայտությունն ունի հայտնութենական ընդհանուր նշանակություն, որ վերաբերում է Հուդային և Երուսաղեմին: Այս խորագիրը վերաբերում է ամբողջ գրքին, քանի որ հետագայում որպես հավելում նշվում է, որ մարգարեն ցանկանում է հաղորդել այն բոլոր հայտնությունների մասին, որոնք նա ստացել է հրեա չորս թագավորների օրոք: Հուդան և նրա մայրաքաղաք Երուսաղեմը հատկապես հիշատակվում են, քանի որ մյուս բոլոր մարգարեությունները վերաբերում են Հուդայի [թագավորությանը], Հուդայի թագավորների ճակատագրին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսաւ Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ, երբ Հրէաստանում թագաւորում էին Օզիան, Յովաթամը, Աքազը եւ Եզեկիան:
(Արարատ թարգ․) Ամոզի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին։
(Գրաբար) Տեսիլ Եսայայ որդւոյ Ամովսայ. զոր ետես ի վերայ Հրէաստանի, եւ ի վերայ Երուսաղէմի: Ի թագաւորութեանն Ոզիայ` եւ Յովաթամայ` եւ Աքազու` եւ Եզեկիայ, որք թագաւորեցին Հրէաստանի: