Եսայու մարգարեության մեկնություն 1։13

Ա. Լոպուխին

«Այլևս ապարդյուն ընծաներ մի բերեք Ինձ, ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար, չեմ կարող տանել ձեր ամսամուտներն ու շաբաթները և տոնական հավաքույթները, ձեր տոնախմբությունն արդեն իսկ անօրենություն է։ (Սինոդական թարգ․) [13]
   
   Ընծաները՝ եբրայերեն «մինխա», ի տարբերություն «զեբախ»-ի, նշանակում են հացի կամ ալյուրի ընծաներ (Ղևտ. 2) 4

   «Ապարդյուն» բառի փոխարեն ավելի ճիշտ է ասել «ստահոդ» ընծաներ, քանի որ «ապարդյուն» բառն ամբողջականորեն չի արտահայտում ընծայաբերողների տրամադրվածությունը: Այդպիսի ընծայաբերությունը՝ եբրայերենից ավելի ստույգ կատարված թարգմանության համաձայն, հասկացվում է որպես Աստծո համար տհաճ խնկարկություն: Այստեղ  «մինխա» տերմինով բնութագրվում է խնկարկությունը, քանի որ ալյուրի զոհաբերության մի մասը խնկի հետ միասին այրվում էր զոհասեղանի վրա (Ղևտ. 2:2):

   Ամսամուտները Ամեն ամսվա սկիզբը կամ էլ ամեն նորալուսին ուղեկցվում էր ամենօրյա զոհաբերությանը հավելադրելով տոնական զոհաբերության ողջակեզը, որը բաղկացած էր երկու հորթերից, մեկ ոչխարից և յոթ մեկամյա գառնուկներից՝ համապատասխանաբար այլյուրի զոհաբերություններին: Բացի այդ, մեղքերի համար ևս մատուցվում էր զոհաբերություն, որը բաղկացած էր մեկ այծից: Այդ ժամանակ քահանաները հնչեցնում էին սրբազան փողերը (Թվոց. 28:11-15; 10:10): Հրեական ժողովրդի պատմության ավելի ուշ ժամանակաշրջանում ամսամուտների ընթացքում դադարեցվում էին առևտուրն ու վաճառքը (Ամ. 8:5) և բարեպաշտ իսրայելացիներն իրենց համար հորդորներ էին փնտրում մարգարեների մոտ: Տոնելով ամսամուտները՝ Իսրայելը Տիրոջից օրհնություններ էր հայցում ամսվա ընթացքում նախատեսվող աշխատանքների համար (Kейль K. Руководство к библейской археологии. Մաս Ա, § 73. Kиев, 1871 թ.):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ՝ զուր է լինելու. ձեր խնկերն էլ են պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ.
(Արարատ թարգ․) Այլևս սին ընծաներ մի՛ բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։
(Գրաբար) Եթէ մատուցանիցէք ինձ նաշիհ` զուր է: եւ խունկք ձեր պիղծ են ինձ. զգլուխս ամսոց ձերոց` եւ զշաբաթս` եւ զաւրն մեծ` ոչ առնում յանձն: