Եսայու մարգարեության մեկնություն 1։9

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին:
   
   Հարց. Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ՝ կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին.

   Պատասխան. Նախ այն է ասում, որովհետև երբ գերվեցին Բաբելոն, մնացածներից շատերը փախան Եգիպտոս:

   Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին:

   Երկրորդ՝ որովհետև Եգիպտոսից դուրս ելածները դառնացրին Տիրոջը, որ երդվեց չհաշտվել նրանց հետ: Սակայն Հեսուն և  Քաղեբը անցան Հորդանանը և ժառանգեցին երկիրը՝ օրինակ լինելով Քրիստոսին հավատացողների, ովքեր անցնում են սուրբ ավազանով և ժառանգում երկնքի արքայությունը:

   Երրորդ՝ որովհետև Քրիստոսից հետո, երբ Երուսաղեմը գերվեց Տիտոսի կողմից, առաքյալները և հավատացյալներից  շատերը փրկվեցին գերությունից և եղան հրեաների մնացորդները, որի համար մարգարեն շնորհով գոհանում է Աստծուց:

   Չորրորդ՝ թեպետ տիրասպաններ եղան և կորավ Իսրայելի ազգը, սակայն վերջին ժամանակներում դառնալու են Տիրոջը, համաձայն Պողոսի. «Մինչև մյուս ժողովուրդների ամբողջությունը փրկվի, եւ ապա ամբողջ Իսրայելը կփրկվի» (Հռոմ.11:25-26): Եվ սա լինելու է Նեռի օրերին, ինչպես ասում է Հովհաննեսը Տեսիլքում. «Տեսա Իսրայելի ազգից հարյուր  քառասունչորս հազար կնքվածների» (հմմտ. Հայտ. 20:2):

   Հինգերորդ՝ որովհետև մեղքի մեջ մխրճվածների հանդեպ Աստված բարեմտորեն ներողամիտ է, մինչև որ նրանք զղջան, խղճի խայթ զգալով, և չմատնվեն անվախճան տանջանքների:
   

Ա. Լոպուխին

Եթե Զորությունների Տերը թույլ չտար մեր ոչ մեծ թվով մնացորդացի գոյությունը, մենք կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին:(Սինոդական թարգ․) [9]
   
   Զորությունների Տեր Այս անվանումն առաջին անգամ հանդիպում է Ա Թագավորաց գրքում (1:3, 11): «Զորություններ» (Սաբաոթ) տերմինը եբրայերեն բառ է («Ցեբեոթ»՝ դրված է հոգնակի թվով և առաջացել է «Ցոբա» բառից), որը կարող է նշանակել․

   ա) Զինվորական ջոկատներ (Թվոց 1:3, Դատ. 8:6, Գ Թագ. 2:5);

   բ) «Հաշշամմայիմ» բառի հավելադրմամբ՝ «երկնային զորություններ», այսինքն՝ կա՛մ երկնային լուսատուներ (Բ Օր. 4:19; Դ Թագ. 17:16), կա՛մ հրեշտակային զորություններ (Գ Թագ. 22:19): Այդ իսկ պատճառով մեկնիչների մի մասը «Զորությունների Տեր» բառակապակցության տակ տեսնում է Տիրոջը՝ որպես հրեական ազգային ռազմի Աստծո, ուրիշները «զորություններ» արտահայտության տակ տեսնում են Աստծո արարչագործությունների ամբողջությունը՝ որպես աստվածային զորության արտահայտություն: «Զորությունների Տեր» կապակցությանը հոմանիշ է համարվում «ամենակալ» արտահայտությունը: Երկրորդ մեկնությունն ավելի շատ է համապատասխանում Աստծո մասին ընդհանուր պատկերացմանը, որը Եսայի մարգարեն ներկայացնում է սույն գլխում: Աստված այստեղ՝ 9-րդ համարում, ներկայանում է որպես Իսրայելին նախախնամող և նրա մնացորդը պահպանող, այլ ոչ թե որպես «պատերազմի Աստված»: Այդ իսկ պատճառով այս «Զորությունների Տեր» բառակապակցությունն ավելի լավ կլինի մեկնել որպես «ամենակալ», որն Իր ենթակայության տակ ունի տիեզերքի բոլոր արարածներին, անգամ նաև՝ հրեշտակային զորություններին, և այդ «զորություններին» Նա ծառայեցնում է Իր վսեմ գաղափարների իրականացման համար (Глаголев А. Ветхозаветное библейское учение об Ангелах. Kиев, 1900.С. 238–256):

   «Ոչ մեծ թվով մնացորդաց» ասելով մարգարեն հավանաբար նկատի ունի Երուսաղեմի այն բնակիչներին ու այն հրեաներին, որոնք փրկվել էին թշնամու արշավանքներից: Սակայն, դրանից բացի, մարգարեն անկասկած ի նկատի ուներ նաև այն սրբազան սերմի մնացորդացը, հանուն որի Տերը խղճաց հանցավոր հրեա ազգին: Այդ մնացորդացը Եսայի մարգարեի շուրջ համախմբված իսկապես հավատացողների ոչ մեծ շրջանակն էր (Ես. 8:16, 18):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին:
(Արարատ թարգ․) Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։
(Գրաբար) Եւ եթէ ոչ Տեառն զաւրութեանց թողեալ էր մեզ զաւակ` իբրեւ զՍոդոմ լինէաք, եւ Գոմորայ նմանէաք: