Եսայու մարգարեության մեկնություն 12։1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Եվ եղավ այն տարի, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա.
   
   Ոզիան բարեպաշտ թագավոր էր, և բազում ողորմություններ արեց, ինչպես պատմում է Չորրորդ Թագավորությունը, բայց քանի որ համարձակվեց [մտնել տաճարի սրբության սրբոց] ու խունկ գցել, բորոտացավ, և ժողովուրդն էլ անփույթ գտնվեց [Աստծո օրենքի] հանդեպ: Այդ պատճառով Աստված բարկացավ և արգելեց մարգարեների տեսիլքը, և նրանց չէր պատասխանում: Եվ երբ Ոզիան մեռավ, այնժամ այս տեսիլքը երևաց:

    Հարց.Ի՞նչ է, որ ասում է Ավետարանը. «Աստծուն ոչ ոք չի տեսել երբեք» (Հովհ. 1։18). մինչդեռ Եսայի մարգարեն ասում է՝ Տեսա Տիրոջը:

   Պատասխան. Իրար հակառակ չեն, որովհետև «Աստծուն ոչ ոք չի տեսել» խոսքը վերաբերում է Աստծո բնությանը, էությանը. որը եղականներիցս մեկն իսկ չի կարող տեսնել։ Մարգարեների տեսնելն ընդգրկելի է, մինչդեռ Աստված բնությամբ անընդգրկելի է: Իսկ մարգարեն տեսավ՝ որքան ի զորու է տեսնելու մարդը՝ կերպարանքներով և նմանությամբ: Ուստի պարզ է, երբ ասում է «Տիրոջը տեսա նստած», իսկ Աստված ամենուրեք է [և լցնում է ամեն ինչ], Աստված անընդգրկելի է, և անպատշաճ չէ՞ նրան [վերագրել] նստելը:

   Եվ ի՞նչ է նստելը. նախ նշանակում է խոնարհվելը և զիջելը:
Երրորդ՝ Աստծո հաստատուն, անեղծ, անփոփոխ էությունն է նշանակում, ինչպես Երեմիան է ասում, «Մենք կկորչենք և դու կնստես հավիտյան»(հմմտ.Ողբ 5։19):
    Երրորդ՝ «հանգիստը» սուրբերի մեջ աստվածային կամքն է նշանակում, ըստ այնմ, թե՝ «Ես ու՞մ վրա հանգչեմ, եթե ոչ հեզերի և խոնարհների» և այլն (66։2):
   Չորրորդ՝ Աթոռին նստելը դատել ու պատժել է նշանակում, ըստ այնմ՝ «Աթոռին նստեցիր դատավորդ արդարության» (Սաղմ. 9։5):
    Հինգերորդ՝ բարձր ու վեհ աթոռին նստելը բոլոր արարածների վրա նրա անհասանելի գերբարձրյալ թագավորությունն է մատնանշում, ինչը երևում է նրա շուրջը խմբված սերովբեների ահով: Ըստ այն խոսքի, թե «Աստված մեծ թագավոր է երկրի վրա»,(Սաղմ. 46։3): Իսկ ասելը, թե՝ «Տաճարը լի է նրա փառքով». նախ փառքը հրաշալիքների ներգործման համար է ասում:
   Երկրորդ՝ փառքը լույսն է, ըստ առաքյալի. «Այլ է արեգակի փառքը և այլ է լուսնի փառքը» (1 Կորնթ. 15։41):
   Երրորդ՝ [այդպես է] անվանվում գերապայծառ աստվածային լույսը:
   Չորրորդ՝ աստվածավայելուչ գեղեցկությունը փառք է անվանում:
   Հինգերորդ՝ փառքը, որ տաճարում էր, Սուրբ Հոգու շնորհն էր, որ ամպի նման հովանի էր սեղանին:

   Հարց. Ի՞նչ է նշանակում՝ թևերն անմարմինների վրա:

   Պատասխան. Նախ նրանց արագաշարժությունն է ցույց տալիս և մարդկանց համար Աստծո հրամանին պատրաստ լինելը:
   Երկրորդ՝ ցոււց է տալիս որ բարձր են ստորին խորհուրդներից:
   Երրորդ՝ նրանց պահպանությունն է ցույց տալիս, համաձայն Աստծո [կամքի], ինչպես մարգարեն է ասում. «Ծածկվենք քո թևերի հովանու ներքո» (Սղմ. 16։9): Իսկ վեց թևերից «երկուսով երեսը ծածկելը, երկուսով՝ ոտքերը, և երկուսով՝ թռչելը» (6։2) նախ այն է ցույց տալիս, թե անկարելի է Աստծո մեջ տեսնել սկիզբն ու վախճանը, քանզի անսկիզբ և անվախճան է, սակայն որոշ միջոցներով, այսինքն՝ օրինակների միջոցով աշխարհի արարված լինելն ենք տեսնում: Դարձյալ՝ երեսների ու ոտքերի ծածկելը՝ Աստծուն նայելիս [նրանց համակած] ահագին, սաստիկ երկյուղն է ցույց տալիս, ինչպես մենք ճայթյունից կամ փայլատակումից զարհուրում ենք և հակում մեր գլուխները: Իսկ միջին թևերը ցույց են տալիս հարատև սերը, որ Աստծո հանդեպ ունեն անփոփոխ կամքով, ինչպես ասացինք թևերի մասին: Իսկ մեկ առ մեկ աղաղակելը նախ ցույց է տալիս պատկառանքը, ինչպես մարդիկ ամաչելով մեծամեծներից չեն համարձակվում նրանց դեմ հանդիման կանգնել, այլ մեկը մյուսի ետևն են անցնում: Դարձյալ՝ մեկը փառաբանություն էր երգում և մյուսին էր փոխանցում, և ոչ թե աշխատում էին, այլ պահպանում էին կարգավորությունը: Իսկ երեքսրբյան երգաբանությունը նախ Աստծո փառաբանությունն է, որ միշտ մատուցում են: Երկրորդ՝ մարգարեություն է հանդերձյալ կյանքում աստվածպաշտության մասին, որ լինելու է:
    Երրորդ՝ վկայությունն է մեր հաստատուն և անմերժելի կրոնի՝ դավանելով Աստծուն երեք Անձնավորությունների մեջ և նրա մեկ Աստվածությունն ու Տերությունը:
   

Ա. Լոպուխին

1-2․ Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ Քեզ, Տե՛ր: Դու բարկանում էիր ինձ վրա, բայց Քո զայրույթը հեռացրիր ինձանից ու մխիթարեցիր ինձ»: [1] «Ահա Աստված՝ իմ փրկությունը, ես հույսս դրեցի նրա վրա և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն իմ ուժն է ու իմ օրհնությունը, և Նա փրկություն եղավ ինձ համար»: (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելի ընտրյալ մնացորդացը գերությունից հայրենիք վերադառնալուց հետո պիտի փառաբանի իր Փրկիչ Աստծուն, ու մարգարեն հենց այս փառաբանական երգի բառերն է դնում իսրայելական ժողովրդի գալիք սերունդների շուրթերին:

   «Այն օրը», այսինքն՝ երբ որ տեղի կունենա իսրայելի ժողովրդի մնացորդացի վերջնական փրկությունը:

   2-րդ համարի խոսքերը շատ նման են Մովսեսի փառաբանական աղոթքի բառերին, որոնց միջոցով հրեաներն օրհներգում էին Աստծուն Կարմիր ծովն անցնելու ժամանակ (Ելք 15:2):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ:
(Արարատ թարգ․) Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։
(Գրաբար) Եւ ասասցես յաւուր յայնմիկ. աւրհնեցից զքեզ Տէր. զի բարկացար ինձ, եւ դարձուցեր զսրտմտութիւն քո յինէն, եւ ողորմեցար ինձ: