Եսայու մարգարեության մեկնություն 17։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Քանի որ դու մոռացար քո Փրկիչ Աստծուն ու չհիշեցիր Տիրոջը՝ քո ապավեն վեմին. այդ պատճառով տնկեցիր զվարճության այգիներ ու օտար սերմ ցանեցիր»: (Սինոդական թարգ․) [10]
   

   «Զվարճության այգիներ»։ Նորագույն շրջանի քննադատներից շատերը (Duhm, Marti, Condamin և ուրիշներ) ենթադրում են, որ այստեղ խոսքը Ադոնիսի՝ Վեներայի սիրելիի պատվին տնկված այգիների մասին է, ա՛յն Ադոնիսի, որը հոշոտվել էր վարազի կողմից ու հետո նորից կենդանացել էր հունիս ամսին: Հենց այս ամիսը հույների մոտ կոչվում էր «Ադոնիսի ամիս»: Հույն կանայք հատուկ Ադոնիսին նվիրված այգիներում հիշատակում էին նրա վերակենդանացումը՝ սգալով նրա մահվան օրվա թախիծը, և ապա զոհաբերելով իրենց կուսությունը: Հենց «նաամանիմ»՝ «զվարճություն» բառն ինքն իրենով հիշեցնում է այն ծաղկի հունարեն անվանումը, որը նվիրված էր Ադոնիսին (կարմիր հողմածաղիկը արաբերենում կրում է «Ադոնիսի վերք» անվանումը): Ամենայն հավանականությամբ հրեաներն Ադոնիսի պաշտամունքը վերցրել էին սիրիացիներից (Դ Թագ. 16:10-13), որոնք այդ պաշտամունքին ծանոթացել էին Փյունիկիայում:  Շատ մեկնիչներ Ադոնիսին նույնացնում են Եզեկիելի մարգարեության մեջ հիշատակվող Թամուզի հետ (Եզ․ 8:14):

   «Օտար սերմեր․․․»․ սա ակնարկ է այն բանի, որ իսրայելացիները տարվել էին օտար աստվածների պաշտամունքներով (հմմտ. Եր. 2:21):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն եւ չյիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհաւատ տունկ եւ անհաւատ սերմ պիտի տնկես:
(Արարատ թարգ․) որովհետև դու մոռացել ես քո փրկության Աստծուն և չես հիշել քո ապաստան վեմը։ Դրա համար էլ հաճելի տունկեր ես տնկում և օտար ճյուղեր ես սերմանում։
(Գրաբար) փոխանակ զի թողեր զԱստուած զփրկիչ քո, եւ զՏէր զաւգնական քո ոչ յիշեցեր: վասն այսորիկ տնկեսցես տունկ անհաւատ, եւ սերմն անհաւատ: