Եսայու մարգարեության մեկնություն 2։13

Ա. Լոպուխին

13-16․ Նաև Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների դեմ, Բասանի բոլոր կաղնիների դեմ։ [13] Բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ։ Բոլոր վերասլաց աշտարակների և ամուր պարիսպների դեմ։ Թարսիսի բոլոր նավերի դեմ, և նրանց բոլոր վեհաշուք զարդարանքների դեմ: (Սինոդական թարգ․)
   
   Լիբանանի լեռների վրա առատորեն մայրիներ էին աճել: Նրանք մշտապես ունեն կանաչ հանդերձներ ու ճյուղեր, որոնք տարածվում են հովանոցի նման և ներկայանում են շատ գեղեցիկ ու վեհաշուք տեսքով:

   Բասանի կաղնիները (անդրհորդանանյան տարածքը) տարբերվում էին իրենց ամրությամբ:

   Աշտարակները կառուցվել էին Օզիա և Հովաթամ թագավորների օրոք՝ մոտեցող թշնամական բանակներին հետևելու համար (Բ Մնաց. 26:9; 27:3):

   Թարսիսյան նավերը ծովային ահռելի նավեր են, որոնցով հնարավոր էր նավարկել մինչև Թարսիս (Իսպանիայում գտնվող փյունիկյան գաղութ է) և այլ հեռավոր երկրներ (Գ Թագ. 9:26-28):

   «Նավերի զարդարանքները» շատ թանկարժեք իրեր էին, որոնք նավերի վրա բարձված տեղափոխվում էին Պաղեստին (Գ Թագ. 10:22): Օզիան, ինչպես հայտնի է (Դ Թագ. 14:22), իր տիրապետությունն էր տարածել Սև ծովի հունական բնակավայրերի վրա, որոնք հետագայում՝ Աքազի օրոք, կրկին սպրդում են հրեաների ձեռքից (Դ Թագ. 16:6):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) նաեւ Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների վրայ եւ Բասանի բոլոր կաղնի ծառերի վրայ,
(Արարատ թարգ․) Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ,
(Գրաբար) Եւ ի վերայ ամենայն մայրից Լիբանանու բարձրացելոց եւ վերացելոյ. եւ ի վերայ ամենայն ծառոց կաղնեաց Բասանու: