Ա. Լոպուխին
Ծովափնյա անապատի մասին մարգարեությունը – ինչպես մրրիկներն են մոլեգնում հարավում, այդպես էլ նա է գալիս անապատից՝ սարսափելի երկրից։ (Սինոդական թարգ․) [1]
Համարներ 1-10․ մարգարեն ուժգին մրրիկ է տեսնում, որը մոտենում է ծովափնյա անապատին կամ Բաբելոնին։ Այս մրրիկը մարերի և էլամացիների թշնամական բանակներն են, որոնք վերջ կդնեն Բաբելոնին ենթակա ժողովուրդների տանջանքներին։ Աղետը, որը կթափվի Բաբելոնի վրա, այնքան ծանր է լինելու, որ նույնիսկ ինքը՝ մարգարեն, ցավակցում է Բաբելոնի բնակիչներին։ Այնուհետև մարգարեն մանրամասնորեն պատմում է այն մասին, թե ինչպես էր Աստված իրեն հայտնել Բաբելոնի ճակատագիրը։ Մարգարեությունն ավարտվում է մարգարեի ուրախալի աղաղակով, որը վերաբերում էր Բաբելոնի լծից Իսրայելի ազատագրմանը։
21-րդ և 22-րդ գլուխներում բովանդակվում են, այսպես ասած, խորհրդանշական բնույթի մարգարեություններ։ Հայտնի երկրներն այստեղ հանդես են գալիս ոչ իրենց սեփական անուններով, այլ ստանում են որոշակի խորհրդավոր անուններ։ Այսպիսով՝ Բաբելոնն այստեղ կոչվում է «ծովափնյա անապատ»։ Ո՞րտեղից է գալիս այս անվանումը։ Ասորեստանի գրավոր հուշարձաններում Բաբելոնը երբեմն անվանվում է «ծով» կամ «ծովային երկիր»։ Այսպիսի անվանակարգման համար հիմք կարող էր դառնալ կա՛մ այն, որ Բաբելոնի տարածքով հոսող Եփրատը թափվում էր հարավում, ինչպես ծովը, կա՛մ էլ այն, որ, ինչպես հայտնի է նորագույն հետազոտություններից, հնագույն ժամանակներում Պարսից ծոցը համարյա հասնում էր մինչև Բաբելոն, որն այդպիսով ծովափնյա քաղաք դարձավ։ Բայց քանի որ Եսայու օրոք և՛ հյուսիսային, և՛ հարավային Քաղդեան միավորված էին Ասորեստանի թագավորի մեկ գավազանի ներքո, ուստի մարգարեն ակնհայտորեն ի նկատի ուներ այն, որ ժամանակի ընթացքում ամբողջ Քաղդեան կամ ամբողջ Միջագետքը պետք է վերածվեր անմարդաբնակ անապատի (հմմտ․ Ես․ 14։23)։
Ամբողջ համարը եբրայերենից կարելի է թարգմանել այսպես․ «Ինչպես անկառավարելի հարավային փոթորիկ է գալիս այն անապատից՝ սարսափելի երկրից»։ Մարաստանն այդպես է անվանվում, քանի որ այնտեղ ապրում էին Բաբելոնի ահարկու և մեծաքանակ թշնամիները։ Բացի այդ Մարաստանը Բաբելոնից տարանջատված էր անապատներով։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տեսիլք ծովափնեայ անապատի վրայ:
Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից:
(Արարատ թարգ․) Ծովեզրի անապատի պատգամը։ Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։
(Գրաբար) Տեսիլ անապատին ի ծովու: Իբրեւ մրրիկ ընդ անապատ անցցէ, յանապատէ եկեալ յերկրէ: Ահագին է տեսիլն,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: