Ա. Լոպուխին
Մարգարեություն Դումայի մասին․«Ինձ կանչում են Սեիրից․ «Պահա՛կ, քանի՞ գիշեր, պահա՛կ, քանի՞ գիշեր»։ [11] (Սինոդական թարգ․)
Մարգարեն Եդովմին հայտարարում է, որ նրա համար դեռ երկար ժամանակ չի ծագելուօտարազգի (հավանաբար՝ ասորեստանյան) ծանր լծից ազատագրման լուսաբացը։
«Դումա» - Եդովմի կրճատ անվանումն է։ Այսպես էր կոչվում այն երկիրը, որը գտնվում էր Մեռյալ ծովի հարավային մասում։ Երկրի անվանումն առաջացել է «Եդովմ» բառից (Եսավի մականունն էր դա), սակայն միգուցե նաև այդ երկրի հողի կարմրավուն երանգն է առիթ դարձել, որ տարածաշրջանի անունը վերափոխվել է «Եդովմ»-ի («Եդովմ» բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «կարմիր»): Հարավային մասում Եդովմը ձգվում է մինչև Ելաթ, որը ընկած է Ելաթյան հրվանդանի հյուսիսային ծայրամասում և եդովմյան նավերի համար ծառայում է որպես նավահանգիստ։ Եդովմացիների հնագույն մայրաքաղաքն է եղել Բոսրա քաղաքը, սակայն երկրի գլխավոր ամրոցը Սելան էր, որն ավելի հայտնի է հունական «Պետրի» անունով։ Այս երկրի բնակիչները հնագույն ժամանակներից ի վեր հրեաների թշնամիներն էին, սակայն Սավուղը, Դավիթը և Սողոմոնը նրանց հնազանդեցրին և զբաղեցրին եդովմացիների կալվածքների մի մասը։ Իսրայելական թագավորության թուլացումով պայմանավորված՝ եդովմացիները ոչ միայն վերադարձրին հրեաների կողմից իրենցից գրավված քաղաքները, այլ նաև սկսեցին հարձակումներ գործել հարավային Պաղեստինի վրա։
Սկզբում եդովմացիները կառավարվում էին շեյխերի կողմից, սակայն, սկսելով պատերազմել քորեբացիների հետ, որոնք Եդովմի հնագույն բնակիչներն էին, եդովմացիները սկսեցին իրենց համար թագավորներ ընտրել, չնայած առանձին ցեղերի իշխաններ նաև արքաների օրոք էին շարունակում պահպանել իրենց իշխանությունը (Ելք 15:15)։ Ըստ իրենց կրոնի եդովմացիները կռապաշտներ էին, ինչպես որ դա երևում է այն բանից, որ Ամասիա թագավորը, Եդովմը գրավելով, այնտեղ տարավ Սեիրի որդիների աստվածներին (Բ Մնաց․ 25։14-15, 20)։ Եդովմացիներն իրենց բնակավայրերը գլխավորապես կառուցում էին քարանձավներում և վիրապներում, որոնք փորվում էին լեռնային փխրուն հողերի մեջ։
Պետք է նկատել, որ այստեղ Եսայու կողմից օգտագործվող «Եդովմ» բառը (եբրայերեն՝ «դումա») նշանակում է լռություն։ Մի՞թե մարգարեի այս խոսքերում չկա ակնարկ այն մասին, որ այս Եդովմը, որը նախկինում այդքան խիտ էր բնակեցված և կյանքով լեցուն էր, ժամանակի ընթացքում լռության երկիր է դառնալու։ Այդ դեպքում տվյալ արտահայտությունը զուգահեռ կլիներ «մահվան ստվերի երկիր» արտահայտությանը, որը մարգարեն կիրառում էր Գալիլիայի մասին խոսելիս (Ես․ 9։2)։
«Սեիրից»։ Սա հենց նույն Եդովմի մեկ այլ անվանումն է, որը հավանաբար առաջացել է քորեբացի Սեիրի անունից, որի հետնորդները սկզբնապես գրավել էին եդովմական լեռները, որոնք ավելի ուշ բնակեցվեցին Եսավի սերունդների կողմից։ Այս լեռները Մեռյալ ծովից ձգվում են մինչև Էլանիտյան ծովածոցը և գլխավորապես կազմված են պորֆիրի շերտերից, իսկ երբեմն էլ ունենում են կրաքարի բաղադրություն։ Այդ լեռների մեջ հանդիպում են բազմաթիվ պտղատու հովիտներ, որտեղ աճում են ցորեն և խաղող, ինչպես նաև տարատեսակ ծաղիկներ և մրգատու ծառեր։ Միայն լեռների արևմտյան լանջերն են, որ իրենցից ներկայացնում են սարսափելի անապատային վայրեր՝ զերծ ցանկացած տեսակի բուսականությունից։ Ամենայն հավանականությամբ հնագույն ժամանակներում «Սեիրյան լեռներ» էր անվանվում նշված լեռնաշղթայի հենց արևելյան հատվածը։
«Քանի՞ գիշեր», այսինքն՝ գիշերվա ո՞ր ժամին։ Դեռ երկա՞ր կշարունակվի գիշերը։ Անկասկած է, որ Սեիրի բնակիչներն այդ հարցի միջոցով հետաքրքրվում էին Ասորեստանի ծանր լծից իրենց ազատագրման շուտափույթության մասին։ Ամեն դեպքում, Սենեքերիմի տարեգրքերը նաև Եդովմի արքային են հիշատակում ա՛յն թագավորների թվում, որոնք դեպի Պաղեստին արշավանքի ժամանակ համբուրում էին Սենեքերիմի՝ Ասորեստանի արքայի ոտքերը։ Իհարկե, Ասորեստանյան հաջորդող արքաները, որպես նաև հզորագույն միապետներ, իրենց հնազանդության տակ էին պահում եդովմացի արքաներին։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տեսիլք եդոմայեցիների վրայ: Մի ձայն ինձ կանչում է Սէիր լերան վրայից. «Պահպանեցէ՛ք պարսպաբուրգերը»:
(Արարատ թարգ․) Դումայի պատգամը։ Սեիրից մի ձայն է գալիս դեպի ինձ. «Պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց, պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց»։
(Գրաբար) Տեսիլ եդովմայեցւոցն: Առ իս կոչեա ի Սէիր լեռնէ. պահեցէք զմահարձանս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: