Եսայու մարգարեության մեկնություն 22։9

Ա. Լոպուխին

9-11․ Սակայն դուք տեսնում եք, որ Դավթի քաղաքի պարսպի վրա շատ անցքեր կան, և ջուր եք հավաքում ներքին լճակից։ [9] Եվ հաշվե՛ք Երուսաղեմում եղող տները, և քանդե՛ք  այդ տները, որպեսզի ամրացնեք պարիսպը։ Եվ երկու պարիսպների միջև պահեստ կառուցեք հին լճակի ջրերի համար։ Սակայն ձեր հայացքը մի՛ ուղղեք Նրա վրա, Ով անում է այս, և մի՛ նայեք Նրան, Ով վաղուց նախանշել էր այս։ (Սինոդական թարգ․)
   
   «Սակայն դուք տեսնում եք, որ․․․»։ «Սակայն» – ավելի ճիշտ է՝ «և»։

   «Դուք տեսնում եք․․․», այսինքն՝ հատուկ ուշադրություն եք դարձնում քաղաքի կայազորի անկարգության  վրա, «սակայն այն ժամանակ արդեն,- շարունակում է խոսել մարգարեն,- ամենաշատը դա չէ, որ պետք է ձեզ անհանգստացնի, այլ մեկ ուրիշ բան, մասնավորապես՝ Տիրոջից մեղքերի թողություն և պաշտպանություն խնդրելը։

   «Դավթի քաղաքը» – այսինքն՝ Սիոնի ամրոցը, որը գտնվում էր Սիոն լեռան արևելյան բլրի հարավային լանջին։

   «Ներքին լճակ»։ Ընդհանուր առմամբ Երուսաղեմի դիրքը շատ բարենպաստ էր, սակայն ջրի պակասն ինքնին մեծ անհարմարություն էր առաջացնում։ Ներկայումս Երուսաղեմում ընդամենը մեկ աղբյուր կա՝ Գեհոնը (Գ Թագ․ 1։33), որն անվանվում է «Մարիամի աղբյուր»։ Այս աղբյուրն էլ, սակայն, գտնվում է Կեդրոնյան հովտում՝ քաղաքի պարիսպներից այն կողմ։ Դրա ջրերն արդեն վաղուց ստորգետնյա ջրանցքի միջոցով տարվել են դեպի պարսպի ներսը՝ դեպի Սիլովամյան լճակը (հմմտ․ Հովհ․ 9)։ Հակառակ դեպքում քաղաքը ստիպված կլիներ օգտագործել միմիայն անձրևաջուրը, որը և մշտապես պահպանվում էր հատուկ ավազաններում։ Բացի այդ լճակից, որն իր դիրքի պատճառով անվանվում էր «վերին» (Ես․ 7:3), Երուսաղեմում գոյություն ուներ նաև մեկ այլ լճակ, որն այժմ անվանվում է «Սուլթանյան»։ Այսօր այդ լճակն իրենից ներկայացնում է մի հսկայական ջրամբար՝ 245 ֆուտ՝ վերին, և 275 ֆուտ ներքին լայնությամբ։ Նրա երկարությունը 592 ֆուտ է, իսկ խորությունը՝ 40 ֆուտ (մեկ ֆուտը հավասար է 30,48 սմ)։ Ամռանը լճակի հատակը ծառայում է որպես մի հիանալի հնձան, քանի որ  խոտը, որը գարնանը պատում նրա քարքարոտ մակերեսը, ամբողջովին չորանում է արևի տակ։ Նրա մեջ գրեթե երբեք չի ջուր լինում, սակայն անկասկած հին ժամանակներում այս լճակն իր մեջ պարունակում էր մոտ մեկ միլլիոն դույլ ջուր։ «Սուլթանյան» կոչված այդ լճակը գտնվում է քաղաքի պարիսպներից դուրս։

   Ոմանք (օրինակ՝ Ռոբինսոնը) այդ լճակը նույնացնում են այն «ներքին» լճակի հետ, որի մասին Եսային խոսում է 9-րդ համարում, սակայն այդ նույնացումը գրեթե անհավանական է։ Ըստ Եսայու խոսքերի՝ պաշարված երուսաղեմացիներն իրենց համար ջուր էին  հավաքում, հետևաբար այն ջրամբարը պետք է լիներ այնպիսի մի վայրում, որը գտնվում էր քաղաքային պարիսպների սահմաններից ներս, մինչդեռ «Սուլթանյան լճակը» գտնվում էր Երուսաղեմյան պարիսպներից այն կողմ։ Այդ պատճառով էլ ավելի ճիշտ կլինի «ներքին լճակ» անվան տակ հասկանալ այսպես կոչված «Եզեկիայի լճակը», որը գտնվում էր առաջին և երկրորդ պարիսպների միջև։ Այն լճակի միջով, որը 11-րդ համարում մարգարեն անվանում է «ջրամբար հին լճակի ջրերի համար», իրապես հոսում էր Սիլովամի վերին կամ հին լճակի ջուրը։ Այդ լճակը գտնվում է Երուսաղեմի արևմտյան մասում, մինչդեռ «վերին» լճակը՝ արևելյան մասում։

   «Հաշվե՛ք․․․կործանե՛ք – այդպես պետք էր վարվել աղյուսներ և քարեր հայթայթելու համար, որոնք էլ իրենց հերթին անհրաժեշտ էին պարիսպը վերանորոգելու համար։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ի յայտ պիտի բերեն Դաւթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը: Եւ պիտի տեսնեն, որ դրանք շատ են: Հին ջրմուղը պիտի շուռ տան դէպի քաղաք,
(Արարատ թարգ․) ու տեսաք Դավթի քաղաքի պատի բազմաթիվ ճեղքերը, ջուր ամբարեցիք ստորին ավազանում։
(Գրաբար) եւ յայտնեսցեն զծածուկս ապարանից բարձանցն Դաւթի: Եւ տեսին զի բազումք էին: եւ զի դարձուցին զհին ջրմուղն ի քաղաքն: