Ա. Լոպուխին
12-13․ Սակայն այդ օրը կլինի այսպես․ Տերն ամեն բան կցնցի՝ սկսած մեծ գետից մինչև Եգիպտոսի հեղեղատը, և դուք, Իսրայելի՛ որդիներ, մեկդ մյուսի հետևից կհավաքվեք։ [12] Եվ այդ օրը կլինի այսպես․ կհնչի մեծ փողը, և կգան Ասորեստանյան երկրում կորածներն ու Եգիպտոսի երկիր աքսորվածները և Երուսաղեմի սուրբ լեռան վրա կերկրպագեն Տիրոջը։ (Սինոդական թարգ․)
Ի հակադրություն այն տխուր պատկերին, որը պիտի ներկայացնեն համաշխարհային հեթանոսական տերությունները, Իսրայելական ժողովրդի կյանքն ամենաերջանիկը պետք է լինի։
«Այդ օրը»- տե՛ս․ Ես․ 2:11 ։
«Տերն ամեն բան կցնցի»։ Այս «ցնցել» բառը կարող է մատնանշել այն մեծագույն ցնցումը, որը Տիրոջ դատաստանի ժաամանակ տեղի կունենա այն բոլոր տարածքներում, որտեղ որ ցրված էին իսրայելացի գերիները։ Այստեղ կարելի է տեսնել նաև ձիթապտղի ծառերից պտուղները հավաքելու պարզ ցուցումը (այդ պտուղները հավաքվում էին ծառերը թափահարելու միջոցով, կամ էլ փայտերի միջոցով էին ծառերից ցած թափվում (Բ Օր․ 24։20)։ Բոլոր դեպքերում այս «ցնցման» արդյունքն ա՛յն կլինի, որ բոլոր իսրայելացիները ի մի կհավաքվեն, ինչպես պտուղները՝ մեկ զամբյուղի մեջ, կամ էլ ինչպես հասկերը՝ խրձի մեջ։
«Մեծ գետը» Եփրատն է, որը հանդես է գալիս որպես հյուսիսային երկրների խորհրդանիշ, որտեղ էլ որ գերի էր տարվել իսրայելացիների մեծամասնությունը:
«Եգիպտոսի հեղեղատը» – այստեղ Եփրատի հետ համապատասխանությամբ թվում է թե ավելի լավ է ընդունել ոչ թե Ռինոկորուրուն, որը Պաղեստինը սահմանազատում է Սինայական թերակղուց (Ծննդ․ 15:18 ), այլ հենց եգիպտական Նեղոս գետը՝ որպես հարավային երկրի գերության խորհրդանիշ։
«Մեծ փողը» – սա ևս խորհրդանիշ է։ Մարգարեն այստեղ մատնանշում է Աստծո կամքի դրսևորումը, որի ուժով հրեաները պետք է վերադառնային գերությունից (Ա Եզր․ 1։1-2)։ Սակայն կասկած չկա, որ, եզրափակելով իր հայտնութենական բաժինը, մարգարեն այստեղ ի նկատի ուներ թողություն ստացած ամբողջ մարդկության վերադարձը դեպի իրենց Հոր երկնային տունը և դեպի երկնային Երուսաղեմ (Հայտն․ 21։2)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին:
(Արարատ թարգ․) Այդ օրը Տերը Գետի հորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, արգել արկցէ Տէր ի Փոսոյ գետոյն մինչչեւ ի կողմանս Ռինոյ Կորուրայ. բայց դուք մի մի ժողովեցէք զորդիսն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: