Ա. Լոպուխին
22-24․ Այդ պատճառով Հակոբի տան մասին այսպես է խոսում Տերը, Որը փրկեց Աբրահամին․ «Այդ ժամանակ Հակոբն ամոթով չի մնա, և նրա դեմքն այլևս չի սփրթնի։ [22] Քանի որ երբ նա իր մոտ տեսնի իր որդիներին՝ Իմ ձեռքի գործը, նրանք սրբությամբ կպաշտեն Իմ անունը և սրբությամբ կպաշտեն Հակոբի Սրբին ու կերկրպագեն Իսրայելի Աստծուն։ Այդ ժամանակ հոգով մոլորվածները կճանաչեն իմաստությունը, և համառները ենթարկվել կսովորեն»։ (Սինոդական թարգ․)
Այս գլխի եզրափակիչ հատվածում մարգարեն Իսրայելական ժողովրդի լավագույն բաժինն է համարում Աստծո կողմից շնորհվող փրկությունը։ Այս ընտրյալ մնացորդացը սրբությամբ պիտի պաշտի Աստծո անունը և իրական իմաստություն պիտի ունենա։
«Փրկեց Աբրահամին», այսինքն՝ Աբրահամին ազատեց հեթանոսական (թեկուզև նրա համար հարազատ) միջավայրի ազդեցությունից (Հս․ 24։2, 14-15)՝ նրան դուրս բերելով Միջագետքից։
«Հակոբն ամոթով չի մնա», այսինքն՝ նա կստանա այն ամենը, ինչ իրեն խոստացվել էր Աստծո կողմից (հմմտ․ 19:9, 20։5, 37։27)։
«Նրա դեմքն այլևս չի սփրթնի»։ Դեմքի բրոնզագույն երանգ ունեցող ժողովուրդների մեջ շփոթությունն ու ամոթը չէին արտահայտվում կարմրելով, այլ մասնավորապես սփրնածությամբ։
«Երբ նա իր մոտ տեսնի իր որդիներին՝ Իմ ձեռքի գործը» – ավելի ճիշտ կլինի թարգմանել այսպես․ «Երբ որ նրա (Իսրայելի) որդիները (սերունդները) տեսնեն Իմ գործը, որը Ես կիրագործեմ նրանց մեջ․․․»։
«Հոգով մոլորվածները» – սրանք ոչ միայն հրեաներն են, այլ նաև հեթանոսները (Եփես․ 4։18)։ Եվ առհասարակ, մարդկանց՝ դեպի Աստված դառնալու վերաբերյալ այս մարգարությունը շարունակում է իրագործվել նաև այսօր (Հռոմ․ 11-րդ գլուխ, Հովհ․ 9։5, 39)։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ուստի եւ Տէրն այսպէս է ասում Յակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. «Հիմա Յակոբը չի ամաչելու, Իսրայէլը հիմա երեսի գոյնը չի փոխելու,
(Արարատ թարգ․) Դրա համար Տերը, որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. «Այլևս չպիտի ամաչի Հակոբը, նրա երեսը չպիտի դժգունի.
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ տանն Յակովբայ զոր ընտրեացն յԱբրահամէ. ոչ այժմ ինչ ամաչեսցէ Յակովբ, եւ ոչ այժմ զերեսս այլագունեսցէ Իսրայէլ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: