Ա. Լոպուխին
6-7․ Այդ ժամանակ մարդ կբռնի իր եղբորն իր հոր ընտանիքում՝ ասելով. «Դու հագուստ ունես, իշխան եղիր մեզ վրա, թող այս ավերակները քո ձեռքի տակ լինեն»։ [6] Իսկ նա երդվելով կասի. «Ես չեմ կարող բուժել հասարակության վերքերը, և իմ տանը ո՛չ հաց կա, ո՛չ էլ հագուստ. ինձ ժողովրդին իշխան մի՛ կարգեք»: (Սինոդական թարգ․)
Ոչ ոք չի ցանկանում իր վրա վերցնել հասարակությանը ծառայելու լուծը:
«Կբռնի», այսինքն՝ կստիպի:
«Իր հոր ընտանիքում»: Ավելի ճիշտ կլինի այս խոսքերը, համաձայն եբրայական լեզվի քերականական իմաստի, վերագրել հետևյալ արտահայտությանը՝ «դու հագուստ ունես»: Ըստ այսմ՝ տվյալ հատվածը կարելի է թարգմանել այսպես. «քո հօր տանը դու հագուստ ունես, (այսինքն՝ ունես ինչ-որ յուրահատուկ, շքեղ հագուստ, որը նախատեսված է թագավորների համար). արի՛ և դարձի՛ր մեր առաջնորդը, քո ձե՛ռքը վերցրու այս ավերակները» (բառացիորեն այս տարուբերվող, կործանման սպառնալիքի տակ եղողները, որն էլ խորհրդանշում է իսկապես հիվանդ ու տկար պետական կառուցվածքը):
«Չեմ կարող բուժել»: առավել ճշգրիտ՝ «չեմ ցանկանում դառնալ բժիշկ» (եբր.՝ «խովեշ»): Այս արտահայտությունը մարգարեի կողմից տեղին է ընտրված, որն ունի և՛ վերքերը բուժող «բժշկի» (հմմտ. 1:6), և՛ «տիրակալ» իմաստը (հմմտ. Հոբ 34:17):
«Եվ իմ տանը չկա․․․․»։ Արևելքում շեյխերը պարտավոր են իրենց տանն ընդունել իրենց կարիքավոր հպատակներին և այդ իսկ պատճառով էլ պարտավոր են ունենալ հացի և հագուստի հավելյալ պաշարներ:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. «Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»:
(Արարատ թարգ․) Մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ՝ ասելով. «Դու հագուստ ունես, իշխան եղիր մեզ վրա, թող քո ձեռքի տակ լինի այս ավերակը»։
(Գրաբար) Զի բուռն հարկանիցէ այր զեղբօրէ իւրմէ, կամ զընտանւոյ հօր իւրոյ, եւ ասիցէ. հանդերձք գոն քո, լեր մեր իշխան. եւ կերակուր մեր ընդ քեզ լիցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: