Եսայու մարգարեության մեկնություն 30։1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց ոչ իմ հոգով, մեղքերի վրայ մեղքեր էք բարդում:
   
   Տերն ասում է. Վա՜յ ձեզ, ապստամբ որդիներ (գրաբարում՝ «որդիք ապստամբք»)

   Նախ պատիվն է թվում, որ արտահայտվում է «որդիներ» բառի կիրառությամբ, բայց այդպիսովնաև սաստիկ պատժի սպառնալիքն է ցույց տալիս, որովհետև թեպետ մեծ է որդու պատիվը, բայց և ծառայից ավելի մեծ է նաև նրան [հասանելի] պատիժը, ինչը երևում է երեք բանով. նախ՝ որովհետև ծառային վարձում են գումարով, մինչդեռ որդուն ցավով ու երկունքով են ծնում սեփական էությունից:

   Երկրորդ՝ որովհետև որդին հոր էությունից է, իսկ ծառան՝ պատահական մեկը, ում «պահում»է վարձատրության սպասումը:

   Երրորդ՝ որովհետև որդին ժառանգն է բովանդակ ունեցվածքի, իսկ ծառան՝ մասնակիի: Իսկ որդուն [հասանելի] պատժի մասին Օրենքն ասում է. «Ով անարգի իր հորը կամ մորը՝ մահով կմեռնի» (Բ Օր. 27։16): Մինչդեռ ծառայի համար ոչինչ չկա այստեղ: Ապա ուրեմն հարկ է, որ որդին առավել չափով սիրի իր հորը, քան ծառան՝ տիրոջը: Իսկ մենք Աստծո որդի ենք կոչվում ոչ միայն համաձայն արարչության, այլև ըստ ավազանի՝ Սուրբ Հոգուց ծննդյան, «Որով աղաղակում ենք.Աբբա Հայր» (Հռոմ. 8։15): Եվ մենք բազում առավելություններ ունենքմ որոնցով ուրիշներից առավել ենք. Նախ՝ որովհետև մեզ տրվեց Սուրբ Հոգին, որ Աստծո էությունն է, և ապա մեր Գլխի՝ Քրիստոսի կողմից մեզ շնորհվեց հավատի կենդանությունը: Նաև, մենք ժառանգակից ենք Քրիստոսի բովանդակ բարիքին, մինչդեռ անհավատներն, իբրև Աստծուց ստեղծված ծառաներ, լոկ աշխարհի սակավ բարիքն ունեն: Այս պատճառով մենք պարտավոր ենք Աստծուն ավելի շատ սիրել, քան մեր մարմնական տերերին, «որովհետև ում շատ տրվեց, նրանից շատ է պահանջվելու» (Ղուկ. 12։48): Նույնպես և հանցանք գործելիս [մեզ հասանելի] պատիժն ավելի մեծ է լինելու, քան նրանց դեպքում, որովհետև «Ով իմանում է Տիրոջ կամքը և չի անում Նրա կամքի համաձայն, շատ ծեծ կուտի»,- ինչպես ասում է Տերը (Ղուկ. 12։47):
   Խորհուրդ արեցիք, բայց ոչ Ինձնով
   Այսինքն՝ ոչ Իմ կամքով։ Այսինքն՝ «ոչ ինձնով» նշանակում է «առանց Իմ կամքը հաշվի առնելու»:

   «Ինձնով»-ը տիրական է, և ոչ թե ծառայական, որովհետև Նա Ինքն էր իշխաններին հաստատում իրենց կոչմանը, որի մասին մարգարեն ասում է. «Ինքը հրամայեց և հաստատվեցին» (Սաղմ. 148։5):
   Եվ դաշինք եք կռում, բայց ոչ Իմ հոգով
   Տե՛ս և ի մտի ունեցի՛ր այս խոսքը, որովհետև Սուրբ Հոգին հավասար հարթության վրա է դրվում Աստծո հետ, քանզի այնտեղ ասաց, թե՝ «ոչ Ինձնով», իսկ և այստեղ ասում է․ «Ոչ Իմ հոգով»։

   Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։

   Սա երկրորդ հատոր է կոչվում, որի գրության պատճառը նյութի ընդարձակությունն է, ըստ որում նաև Ոսկեբերանն է հատոր-հատոր շարադրել մեկնությունը։ Ոսկեբերանը Մատթեոսի մեկնությունը ևս երեք հատորի է բաժանել 1, կամ էլ համաձայն խորհրդի տեսության է հատոր կոչվում, ուստի խոսքն այլ դեմքով է ասոում:

   Չորքոտանիների. որովհետև մարդիկ չորքոտանիների բարք էին ձեռք բերել, համաձայն այն խոսքի, թե՝ «Հավասարվեց անբան անասուններին» (Սաղմ. 48։13)՝ զրկված բարությունից, կամ էլ նկատի ունի այն տառապանքը, երբընդարձակ և անջուր անապատներով, բազում նեղությամբ ասորեստանցիներից հալածական լինելով Եգիպտոս էին իջնում:
   

Ա. Լոպուխին

1-2․ Վա՜յ ապստամբ որդիներին, ասում է Տերը, որոնք խորհուրդ են անում, բայց առանց Ինձ, և դաշինքներ են կնքում, սակայն ոչ Իմ հոգով, որպեսզի մեղքի վրա մեղք ավելացնեն: [1] Չհարցնելով Իմ շուրթերից՝ գնում են Եգիպտոս, որպեսզի իրենց ամրացնեն փարավոնի զորությամբ և թաքնվեն Եգիպտոսի ստվերում։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն նախատում է իր հայրենակիցներին ա՛յն բանի համար, որ նրանք, չենթարկվելով Աստծո կամքին, դաշինք են կնքում Եգիպտոսի հետ։ Այդ դաշինքից նրանք ոչ մի օգուտ չեն ստանա, այլ միայն՝ խայտառակություն։

   «Առանց Ինձ» – ավելի ճիշտ կլինի՝ «Իմ կամքին հակառակ»։

   «Ոչ Իմ հոգով», այսինքն՝ ոչ այնպես, ինչպես Աստված ճշմարիտ մարգարեների միջոցով սովորեցրել էր նրանց, ովքեր խոսում էին Աստծո Հոգու ներգործությամբ։

   «Մեղքը մեղքի վրա», այսինքն՝ նրանք բացի այդ էլ արդեն շատ մեղքեր ունեն, մինչդեռ նրանք հների վրա նորերն են ավելացնում։

   «․․․Իմ շուրթերից», այսինքն՝ «չեք լսում Իմ կողմից ուղարկվածին՝ Եսայի մարգարեին»։

   «Ստվերի տակ» – նույնն է թե՝ «պաշտպանության տակ»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց ոչ իմ հոգով, մեղքերի վրայ մեղքեր էք բարդում:
(Արարատ թարգ․) «Վա՜յ ապստամբ որդիներին,- ասում է Տերը,- որոնք խորհուրդ են անում, բայց ոչ ինձնով, որոնք դաշինք են կապում, բայց ոչ իմ հոգով, այդպիսով մեղքի վրա մեղք են շատացնում,
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. վայ ձեզ որդիք ապստամբք, զի խորհեցարուք խորհուրդ եւ ոչ ինեւ, եւ դաշինս կռեցէք` եւ ոչ իմով հոգւով. յաւելուլ մեղս ի վերայ մեղաց: