Եսայու մարգարեության մեկնություն 31։9

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Նրանք, ովքեր բանտարկուածների պէս թաքնուած են լինելու ժայռերի մէջ, նոյնպէս պարտութեան են մատնուելու. փախչողն էլ պիտի բռնուի: Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ նրան, ով զաւակ ունի Սիոնում, եւ ում տանեցիները Երուսաղէմում են»:
   
   Տերն ասում է. «Երանի նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են».

    Ոմանք ասում են, թե լույսը Սիոնում է, և փրկությունն է խորհրդանշում, իսկ հուրը Երուսաղեմում է և խորհրդանշում է ասորեստանցիների կողմից պատուհասած սաստիկ տանջանքը: Մեկն ուրիշն էլ ասում է, որ Սիոնը և Երուսաղեմը վերինն ու հոգեղենն են, ըստ այս խոսքի, որ ասում է. «Որ մեր բոլորի մայրն է» (Գաղ. 4:26-27): Եվ եթե մարդիկ, որ փրկվում են մարմնավոր տանջանքներից, կոչվում են երանելի, որչափ ևս առավել երանելի են նրանք, ովքեր փրկվում են անդենական կրակի տանջանքներից, որոնք այրում են սատանային՝ մեր թշնամուն: Իսկ զավակ է անվանում բարեգործությունների հոգևոր ծնունդին, քանզի հղանում ենք Աստծո երկյուղով, երկնում համբերությամբ՝ ճգնության մեջ, և ծնում հոգու փրկություն, որ միշտ ուրախացնում է ծնողին, համաձայն այն խոսքի, թե՝ «Ամուլին բնակեցնում է տան մեջ, իբրև մայր, որ հրճվում է զավակներով» (Սաղմ. 112:9): Այլև տանեցիներին ընդունում ենք զգալի եկեղեցում, որ նոր Սիոնն ու Երուսաղեմն է իբրև պատարագի ընծա, որ միշտ մեր փոխարեն եղած անմոռաց հիշատակն է: Եվ տանեցիները հարազատ են Աստծուն՝ անուշահոտ բուրմունքով և անշեջ լույսով բնակվելով Աստծո աչքի առջև, նաև եկեղեցիներում զանազան այլ պտուղներ տալով։
   

Ա. Լոպուխին

Եվ վախից վազելու է իր ամրոցի կողքով, և նրա իշխանները վախենալու են դրոշակից,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և հնոցը՝ Երուսաղեմում։ [9] (Սինոդական թարգ․)
   
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 31:7
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նրանք, ովքեր բանտարկուածների պէս թաքնուած են լինելու ժայռերի մէջ, նոյնպէս պարտութեան են մատնուելու. փախչողն էլ պիտի բռնուի: Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ նրան, ով զաւակ ունի Սիոնում, եւ ում տանեցիները Երուսաղէմում են»:
(Արարատ թարգ․) «Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։
(Գրաբար) Եւ եղիցին վիմարգելք իբրեւ զորմարգելս. եւ ի պարտութիւն մատնեսցին. եւ որ փախիցեն, ըմբռնեսցի: Այսպէս ասէ Տէր. երանի որ ունիցի զաւակ ի Սիովն, եւ ընտանեակք իցեն նորա յԵրուսաղէմ: