Եսայու մարգարեության մեկնություն 32։13

Ա. Լոպուխին

13-14. Իմ ժողովրդի հողում փշեր և տատասկներ պիտի բուսնեն, այդ թվում նաև՝ զվարճացող քաղաքի ուրախության բոլոր տների վրա: [13] Որովհետև պալատները դատարկվելու են, աղմկոտ քաղաքը լքվելու է, ՕՖելն ու աշտարակը քարանձավների փոխարեն հավիտենապես պիտի ծառայեն որպես ապաստարան վայրի էշերի և արածող նախիրների համար։ (Սինոդական թարգ․)
   
   Ակնհայտ է, որ այստեղ մարգարեն նկատի չունի Եզեկիայի օրոք ասորեստանցիների կողմից Երուսաղեմի պաշարումը, երբ հրեաների թշնամիները ստիպված էին ամոթալի կերպով փախչել Երուսաղեմի պարիսպներից այն կողմ, այլ ակնարկում է Նաբուգոդոնոսորի օրոք բաբելոնացիների կողմից Երուսաղեմին հասցված ավերածությունների մասին: Հետևաբար այստեղ ևս, ինչպես որ մյուս պարագաներում է, մարգարեն մոտ ապագայից տեղափոխվում է ավելի հեռավոր ժամանակներ։

   «Օֆել»-ը (բլուր, պաշտամունքի վայր) Երուսաղեմի մի մասն էր և, ինչպես որ երևում է, հանդիսանում էր տաճարի լեռան հարավարևելյան լանջը։ Օֆելի գագաթին եղել է աշտարակ (հմմտ. Նեեմ. 3:26):

   «Վայրի էշ» - այս կենդանին սիրում է անապատների միայնությունը (Հոբ. 39:5): Հետևաբար այն վայրը, ուր նա հայտնվում է, լուռ է և անմարդաբնակ, ինչպես որ անապատում։ Եվ այդպես է լինելու նաև նախկինում կյանքով լեցուն Երուսաղեմում։

   «Հավիտենապես» արտահայտությունը երբեմն մատնանշում է շատ երկար ժամանակահատված, ինչպես որ դա երևում է հաջորդ համարից (հմմտ. Ես. 43:16 ):

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, եւ բոլոր ապարանքների միջից ուրախութիւնը պիտի վերանայ. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքուեն:
(Արարատ թարգ․) Իմ ժողովրդի հողում փուշ ու ցախ պիտի բուսնի, զվարթ քաղաքի ամեն ուրախ տան համար,
(Գրաբար) Յերկիր ժողովրդեան իմոյ փուշ եւ խոտ բուսցի. եւ յամենայն ապարանից ուրախութիւն բարձցի: