Եսայու մարգարեության մեկնություն 32։5

Ա. Լոպուխին

5-8. Տգետին այլևս «պատվավոր» չեն անվանի, և նենգամիտին «ազնիվ» չեն կոչի։ [5] Որովհետև տգետը հիմարություն է խոսում, և նրա սիրտն անօրենություն է խորհում, որ կեղծավորություն անի և հայհոյախոսի Տիրոջ դեմ, որ քաղցածի հոգին զրկի հացից և ծարավածին զրկի ըմպելիքից։ Նենգամիտի գործողությունները նույնպես մահացու են, նա նենգություններ է խորհում, որպեսզի աղքատներին սուտ խոսքերով կորստյան մատնի, եթե անգամ աղքատն իրավացի էլ լինի։ Իսկ ազնիվ մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ է առնում ազնիվ բաների վրա։ (Սինոդական թարգ․)
   
   Հրեա կառավարիչներից և առաջնորդներից հետո մարգարեն այժմ անցում է կատարում պարզապես նշանավոր մարդկանց նկարագրությանը։ Տվյալ ժամանակահատվածում մարդկանց հաճախ մեծարում են ո՛չ իրենց իրական արժանիքների համար։ «Նշանավոր», այսինքն՝ «ազնվական» են կոչում տգետ և նենգամիտ, ասել է թե՝ մերձավորների համար ծուղակներ պատրաստող մարդկանց։ Մեսիայի օրոք այդպես չի լինելու։ Յուրաքանչյուրին հատուցվելու է ըստ իր վաստակի։ Որպեսզի ցույց տա, թե տվյալ ժամանակահատվածում մարդիկ որքան անճիշտ են գործում՝ սխալ գնահատելով ազնվությունն ու անազնվությունը, մարգարեն ասում է, որ տգետ կամ հիմար մարդը մեծ վնաս է պատճառում հասարակությանը։ Նա ոչ միայն հիմարություններ է խոսում, այլև իր ներսում դավեր է նյութում, մերժում է Տիրոջը և վնասում անպաշտպան մարդկանց՝ նրանց զրկելով ապրելու վերջին հնարներից։ Նույնպես և մեղք է խոնարհվելը նենգամիտ մարդկանց առջև, որոնք պատրաստ են բոլոր հնարավոր միջոցներով կորստյան մատնել աղքատին։ Իսկ ազնիվ մարդը, ընդհակառակը, խորհում և գործում է այն, ինչը համապատասխանում է խղճի օրենքներին, և դա ենթակա չէ անգամ նվազագույն կասկածի։ Այսպիսով՝ սա նշանակում է, որ Մեսիայի ժամանակներում պատվավոր տիտղոսները որևէ մեկին հենց այնպես չեն տրվի։ Հարգանքի կարժանանա միայն որոշակի բարձր բարոյական աշխարհայացք ունեցող և իր մտքերը կյանքի կոչելու ունակ մարդը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Էլ չեն դիմելու յիմարին, որ լինի իրենց իշխան, եւ ոչ էլ քո պաշտօնեաներն են ասելու, թէ՝ լո՛ւռ կաց.
(Արարատ թարգ․) Անզգամին այլևս ազնվաբարո չեն անվանի և նենգամիտին վսեմաշուք չեն ասի,
(Գրաբար) Եւ ոչ եւս ասասցեն ցյիմարն լինել նոցա իշխան: եւ ոչ եւս ասասցեն պաշտաւնեայք քո` թէ լուռ լեր: