Եսայու մարգարեության մեկնություն 32։9

Ա. Լոպուխին

9-10. Ո՜վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսեցե՛ք իմ ձայնը: Ո՜վ անզբաղ դուստրեր, ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ [9] Եվս մեկ տարի ու մի քանի օրեր, և դուք պիտի սարսափեք, ո՜վ անհոգներ, որովհետև խաղողի այգեկութ չի լինելու և հունձքի ժամանակը չի գալու։ (Սինոդական թարգ․)
   
   Ես. 32:9-20: Այժմ անդրադառնալով հրեա անհոգ ազնվական կանանց՝ մարգարեն պատկերում է Հուդայի երկրի ավերածությունները, մասնավորապես՝ Երուսաղեմի կործանումը: Ընտրյալ ժողովրդի երկիրն այդ վիճակում պիտի մնա այնքա՜ն ժամանակ, քանի դեռ ի վերուստ հեղված Հոգին չի նորոգել ժողովրդի կյանքը։ Իսկ այդժամ արդեն Հրեաստանում ամենուր կհաստատվի ճշմարտությունն ու խաղաղությունը և առհասարակ ամենայն բարօրություն։

   Մարգարեն Հուդայի երկրին սպասվող ավերածությունների մասին կանխասացությամբ դիմում է կանանց, քանի որ այդ ազնվական կանայք, որոնց այստեղ ի նկատի ունի մարգարեն, առավել մեծ դժվարությամբ ստիպված պիտի լինեն կրել այն զրկանքները, որոնք ուղեկցելու են երկրին սպասվող մոտալուտ ավերածություններին։

   29-րդ գլխում (2-րդ և հաջորդ համարներում)  մարգարեն ասում էր, որ մինչ Երուսաղեմի պաշարումը մնացել է մեկ տարի։ Այստեղ նա այդ մեկ տարվան ավելացնում է նաև անորոշ քանակի օրեր, քանի որ ի նկատի ունի հուդայական ամբողջ երկրի ավերածությունը, որը պիտի տեղի ունենար Երուսաղեմի պաշարումից մի փոքր ավելի ուշ։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ո՛վ բարեկեցիկ կանայք, եկէք ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ դուք, դուստրե՛ր, խոհե՛մ եղէք ու լսեցէ՛ք իմ խօսքերը:
(Արարատ թարգ․) Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսե՛ք իմ ձայնը, ո՛վ ինքնավստահ աղջիկներ, ակա՛նջ դրեք իմ խոսքին։
(Գրաբար) Կանայք մեծատունք, արիք եւ լուարուք բարբառոյ իմոյ. եւ դստերք կասկածանաւք լուարուք զբանս իմ: