Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Մխիթարուեցէ՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գօտեպնդուեցէ՛ք եւ մի՛ երկնչէք: Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի, նա ինքը պիտի գայ ու փրկի մեզ:
Հարց. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է. «Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի»։
Պատասխան. Այն ցույց է տալիս, որ Աստծո դատաստանը կրկնակի է. այստեղ՝ մասնավոր, և այնտեղ՝ ընդհանուր։ Մասնավոր, ինչպես Սոդոմի, փարավոնի, հրեաների պարագայում, որոնք Քրիստոսի հանդեպ դրսևորած ամբարշտության պատճառով կոտորվեցին հռոմեացիների կողմից, և Հուդան խեղդվեց, իսկ Հերովդեսը սատկեց՝ որդերի բաժին դառնալով: Դարձյալ մասնավոր է կոչվում, որովհետև այստեղ միայն մարմինն է տանջում, իսկ ահա այնտեղ համընդհանուր դատաստանն է, որովհետև այնտեղ բոլորին է պատժում և ամբողջապես՝ հոգով ու մարմնով: Եվ սա երեք պատճառով է լինում, քանզի այստեղ բոլորին չէ, որ տանջում է։ Իսկ դա հետևյալ պատճառներով․ նախ՝ որպեսզի աշխարհը չվերանա, որովհետև բոլորը հանցավոր են, իսկ եթե բոլորին պատժեր՝ աշխարհը վաղուց վերացած կլիներ:
Երկրորդ՝ որովհետև նրանցից ծնվելու են պիտանի ծնունդներ:
Երրորդ՝ որպեսզի չմտածեն, թե միայն այստեղ է կյանքը ու չկա այլ հատուցում: Մասնավոր է պատժում [դարձյալ] երեք պատճառներով. նախ՝ որպեսզի իմանան, թե կա դատավոր ու հատուցող, երկրորդ՝ որպեսզի մյուսները զգուշանան մեղքերից, երրորդ՝ որպեսզի երևա Աստծո մարդասիրությունը, քանզի ներում է ամբարիշտներին և ապաշխարելու ժամանակ է տալիս:
Հարց. Ինչո՞ւ է Աստված կամենում, որ նախ խնդրեն, և ապա՝ տալիս (հմմտ.Սաղմ 2։8).
Պատասխան. Կարող է տալ և առանց խնդրելու, սակայն այդպես այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև այն, ինչ խնդրանքով ենք ստանում՝ խնդրանքի պտուղ է: Մինչդեռ առանց խնդրանքի ստացվածը ձրի պարգև է, ուստի պարտական ենք փոխհատուցել: Ուրեմն պարզ է, որ ստանալը ավելի պատվական է խնդրանքի պատճառով, քան թե առանց խնդրանքի ստացվածն է։ Այդ պատճառով էլ, երբ Ռափսակը պաշարեց Երուսաղեմը, Եզեկիան նախ խնդրեց և ապա փրկվեց, ու երբ մահամերձ հիվանդացավ, արտասուքով աղոթեց և ապա առողջացավ: Երբ, օրինակ, թագավորը բարկանում է, երկու ձևով են մեղմում նրա բարկությունը. խնդրանքով և աղերսանքով: Նույնպես աղոթքը մաքուր սրտից բխած խոսք ու խնդրանք է առ Աստված, իսկ արտասուքը մեծ աղերս և ընծա է՝ տրված Աստծուն։ Եվ ամեն տեսակ ընծաները, որոնք մատուցում ենք Աստծուն՝ արծաթ կամ ոսկի, կամ արջառ ու ոչխար կամ որևէ այլ բան, արտաքին նվերներ են, մինչդեռ արտասուքը երկնում են մեր հոգիները, որի պատճառով առավել հաճելի է Աստծուն: Նաև տե՛ս, որ երբ Եզեկիան լսեց Ռափսակի խոսքերը, նախ ինքը ցնցոտի հագավ՝ սովորելով Դավթից, որ ասում է. «Ես նրանցից նեղված ցնցոտի հագա» (Սաղմ. 34։13), և ապա Եսայի մարգարեին իբրև բարեխոս առաքեց Աստծո մոտ: Նույնպես և մեզ նախ հարկ է աղաչել Աստծուն, և ապա այլ սուրբերին միջնորդ ու օգնական դարձնել մեզ, և ոչ թե ինչպես այժմ է, երբ շատերը ննջում են մեղքի հեշտանքի մեջ, մինչդեռ ուրիշներին հրավիրում են պաշտամունք ու աղաչանք մատուցել։ Սակայն ինչպես անօգուտ են նրա ջանքերը, ով կառուցում է, սակայն միաժամանակ նրա կառուցածը մեկ ուրիշը քանդում է, նույնպես և աղոթքի վերոնշյալ տարբերակն է անօգուտ:
Ա. Լոպուխին
Ասացե՛ք թուլասիրտներին, պի՛նդ եղեք, մի՛ վախեցեք, ահա՛ ձեր Աստվածը․ Աստծո հատուցումը գալիս է վրեժ լուծելու, Նա պիտի գա ու պիտի փրկի ձեզ։ [4] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 35:3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) մխիթարուեցէ՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գօտեպնդուեցէ՛ք եւ մի՛ երկնչէք: Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի,
(Արարատ թարգ․) Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։
(Գրաբար) մխիթարեցարո́ւք կարճամիտք սրտիւք. զօրացարո́ւք եւ մի́ երկնչիք։ Ահաւասիկ Աստուած մեր հատուցանէ դատաստան՝ եւ հատուսցէ. ինքնին եկեսցէ՝ եւ փրկեսցէ զմեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: