ԱՍՈՐԵՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ
(Դ Թագ., 18.13-27, Բ Մնաց., 32.1-19)
Նախընթաց նկատառումներ Եսայու մարգարեության 36-39-րդ գլուխների վերաբերյալ։
Այս գլուխներն իրենցից ներկայացնում են Դ Թագավորությունների 18-րդ գլխի 13-րդ համարից մինչև 20-րդ գլխի 19-րդ համարն ընկած հատվածի գրեթե տառացի կրկնությունը։ Մարգարեն իր կողմից ավելացնում է միայն Եզեկիա արքայի աղոթքը (Ես. 38:9-20): Ակնհայտ է, որ Սենեքերիմի՝ Երուսաղեմի վրա արշավելու պատումը Եսայու կողմից ներկայացվում է այնպիսի ձևով, որպեսզի ցույց տրվի, թե ինչպես են իրականացել նրա մարգարեություններն Ասորեստանի մասին՝ վերջինիս կողմից Հուդայական թագավորության հանդեպ հաստատված հարաբերությունների համատեքստում։ Ինչ վերաբերում է 38-րդ և 39-րդ գլուխներին, որտեղ խոսվում է Եզեկիայի հիվանդության և հրաշքով բժշկման, ինչպես նաև բաբելոնյան արքայի կողմից ուղարկված դեսպանության՝ Եզեկիայի մոտ ժամանման մասին, ապա այս գլուխները կարծես թե ապահովում են անցումը դեպի Եսայի մարգարեի գրքի հաջորդ բաժինը, որում ամենից առաջ խոսք է գնում հրեաների՝ բաբելոնյան գերությունից ազատագրվելու մասին։ Պետք է նկատել, որ դիտարկվող բաժնում մարգարեն պատմական նյութը տեղադրում է ոչ թե ժամանակագրական, այլ՝ համակարգային (սիստեմատիկ) հաջորդականությամբ։ Այս իսկ պատճառով էլ 36-րդ և 38-րդ գլուխների ենթագրերը պետք է տեղերով փոխվեն, քանի որ նորագույն ժամանակագրության տվյալների համաձայն՝ Եզեկիայի հիվանդությունը համընկնում է նրա թագավորության 14-րդ տարվա հետ, իսկ Երուսաղեմի դեմ Սենեքերիմի արշավանքը տեղի է ունեցել միևնույն թագավորի գահակալման 27-րդ տարում։
Ո՞րն է նախնական բնագիրը՝ Եսայո՞ւ, թե՞ «Դ Թագավորություններ» գրքի տեքստը։
Քննադատններն այս հարցի շուրջ տարաձայնություններ ունեն, և միևնույն փաստերը որպես ելակետ են ընդունվում բոլորովին տարբեր կարծիքներ պաշտպանելու համար։ Ամեն դեպքում առավել հավանական է այն կարծիքը, ըստ որի «Թագավորություններ» գրքում է զետեղված նախնական տեքստը, քանի որ այնտեղ տեղ գտած Սենեքերիմի արշավանքի ամբողջ պատմությունը շատ մոտ է ու անքակտելիորեն կապվում է «Թագավորաց» գրքի մյուս բոլոր պատումներին և ներկայացված է շատ ավելի մանրամասնորեն, քան դա արված է Եսայու գրքում։ Ինչ վերաբերում է Եսայու գրքում այդ պատումի որոշակի հատվածների բացակայությանը, ապա դա մի կողմից պատմական այնպիսի փաստերի շրջանցման հետևանք է, որոնք չեն համապատասխանում մարգարեական այս գրքի հետապնդած նպատակին (օրինակ՝ Ես. 36:1, Ես. 37:36, Ես. 38:4-7), մյուս կողմից էլ հետևանք է «Դ Թագավորություններ» գրքում հանդիպող պատմական իրողությունները «շրջանցելուն» (Ես. 36:2, 6, 7, 12-14, 17, Ես. 37:4, 11, 21, 25, Ես. 39:2): Եսայու մոտ երբեմն նաև «Դ Թագավորաց» գրքի որոշ բառեր փոխարինվում են համապատասխան այլ եզրույթներով (Ես. 36:5, 7, 10, 11, 13, Ես. 37:2, 6, 9, Ես. 38:2, 3 և այլն)։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: