Եսայու մարգարեության մեկնություն 38:5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

«Գնա՛ եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. «Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի.

   
   Հարց.Տերն ինչո՞ւ Եզեկիայի կյանքի տարիները տասնհինգով ավելացրեց, և ճի՞շտ է, որ ասում են, թե նույնքան ավելացրեց Ղազարոսինը՝ նրա հարությունից հետո:
   Պատասխան. Որովհետև այս կյանքը զգայական է, և համաձայն զգայարանների թվի այն եռապատկվեց: Եվ հիրավի ամեն զգայարան երեք կերպ է մեղանչում․ նախ՝արտաքին տեսքով, երկրորդ՝ իրենք իրենց մեջ են հեշտանք ապրում, երրորդ՝ գործով են մեղանչում: Նույնպես և այս երեքը զղջում են առաջացնում, որով և մարդ երեք պարգևներ է ստանում, ինչպես այնժամ, երբ Աստված խորտակեց զորքը՝ ճանաչվեց, թե մահվան Տերն է, իսկ երբ առողջացրեց Եզեկիային՝ ճանաչվեց, թե կյանքի իշխանն ու պարգևատուն է, համաձայն այն խոսքի, թե՝ «Ես եմ սպանում ու Ես՝ ապրեցնում, Ես եմ հարվածում ու Ես՝ բժշկում» (Բ օր. 32։39):

   Հարց. Ինչո՞ւ մեղմությամբ, և ոչ թե կտրուկ շրջեց հնգահեղյանը (արեգակը) (Հեսու 10։12).

   Պատասխան. Նախ որպեսզի բովանդակ աշխարհում հրաշքը բացահայտ երևա: Երկրորդ՝ որպեսզի երևա, թե ումից է հրամանը: Երրորդ՝ որպեսզի աշխարհը չվնասվի արեգակի հանկարծակի ծագումից: Հեսուն կապեց արեգակը, Աստված շրջեց այն, Քրիստոս խավարեցրեց Խաչի վրա, որպեսզի երևա Արարչի գործը, Նրա՛, Ում հրամանով են [լուսատուները] շարժվում ու լուսավորում աշխարհը: Արեգակը կասեցվեց տասներորդ աստիճանում, այսինքն՝ տասը ժամ շարունակ, ու տասով ետ շրջվեց, և տասը ժամ անց դարձյալ եկավ նույն կենդանակերպի ժամի վրա, և այդ օրը տևեց երեսուներկու ժամ: Թեպետ երկինքը ևս արեգակի հետ շրջվեց ու կանգ առավ, բայց իմացավ իր ընթացքով գնալ, որ խոսում է Աստծո հրաշագործության մասին, որ հեռու է մեր կարողությունից։ Եվ հնգահեղյանն (արեգակի ընթացքն) այն է, որ տասը ժամերի ընթացքում հինգ կենդանակերպերի վրա հեղվեց:

   Իսկ պաղատիտը թզի կաթն է, կամ չոր թուզն է, որ մանրեց ու դրեց վերքի վրա (Ես․ 38։21). բժշկությունը ոչ թե թզի զորությունից էր, այլ Աստծո խոսքից: Սակայն թուզը դրեց իբրև հրաշքի նշան, ինչպես Նեեմա Ասորու պարագայում, երբ նան երկրի հողից վերցրեց, իսկ Տերը կավ վերցրեց և ծեփեց կույրի աչքերը: Բայց քանի որ կավը կուրացնում է աչքերը, այսու հայտնի է, որ զորությունը բժշկողից է, և ոչ թե նյութից: Դարձյալ, Տերը ամեն պարագայում հօգուտ մեզ զիջումների է գնում և մեզանից այլ բան չի խնդրում, բայց միայն՝ հավատ, որի առկայության դեպքում միայն ասում է. «Կամենում եմ, սրբվի՛ր» (Մատթ. 8։3)։ Նաև սոսկ Իր ձեռքը երկարեց ու չմտավ հարյուրապետի տուն, քանզի մեծ էր նրա հավատքը, մինչդեռ քահանայապետի մոտ մտավ աշակերտների հետ, որովհետև քահանայապետի հավատը փոքր էր:
   

Ա. Լոպուխին

«Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. «Ես լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը, և ահավասիկ, Ես քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։ [5] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 38:1
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Գնա՛ եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. «Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի.
(Արարատ թարգ․) «Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։
(Գրաբար) երթ` եւ ասա ցԵզեկիա. այսպէս ասէ Տէր Աստուած Դաւթի հաւր քո. լուայ բարբառոյ աղաւթից քոց, եւ տեսի զարտասուս քո. ահաւադիկ յաւելում ի ժամանակս քո ամս հինգետասան: