Եսայու մարգարեության մեկնություն 4։2

Ա. Լոպուխին

Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու պատիվ կլինի Իսրայելի փրկված որդիների համար: (Սինոդական թարգ․) [2]
   
   2-6 համարներ: Երուսաղեմի վրա տեղացած ամպրոպից հետո կրկին արև է ծագում: Աստծո զայրույթի փոթորիկը մաքրել է մեղքի ծանր մթնոլորտը, որի մեջ ապրում էր Երուսաղեմը, և աստիճանաբար նոր կյանք է ծնունդ առնում:

   Տիրոջ շառավիղը կամ Մեսիան իր երկրային հայրենիքի համաձայն կոչվում է [հրեական] երկրի պտուղ: Այնժամ մարդիկ կսրբանան և արժանի կլինեն մերձենալու Բարձրյալին: Տիրոջ փառքի ամպը հովանի կլինի Սիոնի վրա՝ որպես հնագույն ժամանակներից սուրբ համարվող այդ լեռան հանդեպ Աստծո բարեհաճության նշան: Ինքը՝ Երուսաղեմը կդառնա  նոր քաղաք, որում այլևս չեն կրկնվի այն անօրինությունները, որոնք նախկինում տեղ էին գտել այդ քաղաքում:

   «Այդ օրը», նույնն է թե՝ «օրերի վերջում» կամ «վերջին օրերին» (հմմտ. 2:2):

   Տիրոջ շառավիղը (եբր. «Ցեմախ Յեխովա»): Մարգարեի հնչեցրած այս արտահայտությունը տարբեր ձևերով են մեկնաբանում: Որոշներն այստեղ ուղղակիորեն ակնարկ են տեսնում երկրի պտղաբերության վերաբերյալ, ինչպես որ նախորդ՝ «երկրի պտուղը» արտահայտության պարագայում էր: Սակայն չի կարելի համաձայնել նմանատիպ նեղմիտ և ծայրահեղ մակերեսային տեսակետի հետ, մանավանդ երբ պտղաբերությունը պետք է հանդես գար որպես Իսրայելի զարդարանքի պատճառ (եբր. «ցեբի»): Բացի այդ, այս 2-րդ համարին զուգահեռ տեղին՝ վերցված Եսայու 28-րդ գլխից ՝  «Զորությունների Տերը գեղազարդ (եբր. «ցեբի») թագ և շքեղ պսակ է լինելու Իր ժողովրդի մնացորդացի համար» (28:5), ուղղակիորեն հակասում է վերոնշյալ ընկալմանը, քանի որ չի կարելի մեկ հարթության վրա դնել Տիրոջը և երկրի պտղաբերությունը: Եվ վերջապես պտղաբերությունը, այսինքն՝ լիուլի դաշտերը, կարող են հանդես գալ որպես երկրի զարդարանքներ, այլ ոչ թե՝ ժողովրդի: Ուրիշներն էլ (օրինակ՝ Orelli-ն) այս «ցեմախ» արտահայտության տակ ակնարկ են տեսնում մեսիական ա՛յն փրկության վերաբերյալ, որը Տերը պարգևում է հրեաներին նրանց հանդեպ ի կատար ածած դատաստանից հետո: Կամ էլ այդ «ցեմախ» արտահայտությամբ ակնարկվում է նոր ու սուրբ կյանքի տվչությունն ա՛յն մարդկանց, ովքեր աճել են աստվածային բարեհաճության շողերի ներքո: Սակայն նմանատիպ մեկնաբանությունը շատ արհեստական է թվում, քանի որ այդ դեպքում փրկությունը դիտարկվում է որպես փրկվածներից «առանձին» եղող ինչ-որ երևույթ:

   Ամենաճիշտ մեկնաբանությունը հնուց ի վեր և՛ հրեական, և՛ քրիստոնեական Եկեղեցիների կողմից ընդունված տարբերակն է: Ըստ այդ մեկնաբանության՝ «Ցեմախ Յեխովա»-ն Ինքը՝ Մեսիան է: Այդպիսի բացատրության ճշմարտացիությունը հավաստվում է Եսայու մարգարեության այլ զուգահեռ հատվածներով, ինչպես նաև Երեմիայի և Զաքարիայի մարգարեությունների զուգահեռ տեղիներով:

   Երեմիա մարգարեի գրքում (23:5 և 33:15) «ցեմախ» բառի տակ հստակաբար տեսնում ենք Դավթական տնից սերող մեսիական թագավորին: Զաքարիա մարգարեի գրքում այդ տերմինը դառնում է արդեն հենց Մեսիայի անվանումը (6:12 և 3:8): Անձամբ Եսային հիմքեր է տալիս նմանատիպ ըմբռնման համար (տե՛ս Ես. 53:2):

   «Երկրի պտուղը» արտահայտությունը հոմանիշ է «Տիրոջ շառավիղ» արտահայտությանը, սակայն ավելի ճիշտ է «երկրի պտուղը» արտահայտության կիրառությունը: Սրանով մարգարեն կանխագուշակում է այն, որ Մեսիան Իր երկրավոր ծնունդով հրեա է լինելու: Այս տեսակետը պաշտպանվում է նաև Եսայու 9-րդ գլխում (6-րդ համար), ուր ասվում է՝ «մեզ համար մի մանուկ ծնվեց», «մեզ», այսինքն՝ «հրեաներիս համար»: Միայն թե Եսային դրանով չէր ցանկանում ասել, որ Մեսիան դառնալու էր միայն հրեաների փրկիչը: Ինչպես նշվում է 3-րդ համարում, Սիոնում մնացածների հետ մեսիական թագավորության բարիքները վայելողներ են լինելու նաև բոլոր նրանք, ովքեր Աստծո կողմից արժանավոր կհամարվեն այդ թագավորություն մտնելու համար: Սա էլ հստակ ակնարկ է համընդհանուր փրկության վերաբերյալ:

   Փրկվածները, ենթադրաբար, նրանք են, ովքեր փրկվել են Աստծո ահեղ դատաստանից:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն օրն Աստուած իր խորհրդաւորութեամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրայ՝ բարձրացնելու եւ փառաւորելու համար Իսրայէլի մնացորդին:
(Արարատ թարգ․) Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ծագեսցէ Աստուած խորհրդովք փառաւք իւրովք յերկիր, բարձրացուցանել եւ փառաւոր առնել զմնացորդս Իսրայէլի: