Ա. Լոպուխին
11-13․ «Ահա, ամոթի ու անարգանքի մեջ պիտի մնան բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել քո դեմ, ոչնչի պես պիտի լինեն նրանք, ու պիտի կործանվեն քո դեմ մարտնչողները»: [11]«Դու կփնտրես, բայց չես գտնի նրանց՝ քո դեմ պատերազմողներին, քո դեմ մարտնչողները ոչնչի կվերածվեն, բացարձակապես ոչնչի, որոնք քո դեմ թշնամություն էին անում. քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան:»: «Որովհետև Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ բռնում եմ քո աջ ձեռքն ու ասում եմ քեզ․ «Մի՛ վախեցիր, Ես կօգնեմ քեզ»: (Սինոդական թարգ․)
Առանց որևէ նոր գաղափար տալու՝ այս համարները շեշտակի ընդգծում ու զարգացնում են նախորդ համարը, որտեղ խոսվում էր իր թշնամիների առջև Իսրայելի բացարձակ անվտանգության ու նույնիսկ այդ թշնամիների նկատմամբ Իսրայելի՝ լիակատար հաղթանակի հասնելու մասին: Այս վերջին միտքը նկարագրվում է այնպիսի վառ ու խիտ գույներով, որ մեր մեկնաբաններից մեկի արդարացի դիտողության համաձայն՝ այս խոսքերն իրենց ամբողջ զորությամբ հանդերձ չի կարելի վերագրել որևէ այլ իրադարձության, քան միայն Քրիստոսի Եկեղեցու՝ աշխարհի հանդեպ տարած հաղթանակին (Վլաստով): Հետևաբար այստեղ մենք ականատեսն ենք մարգարեական չափազանցության մի օրինակի (եթե ասված բոլոր խոսքերը վերագրենք միայն «մարմնական» Իսրայելին), որը, սակայն, ստանում է իր ամբողջական ու իրական իմաստը, երբ այն տարածում ենք հոգևոր Իսրայելի, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու վրա:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն:
(Արարատ թարգ․) Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։
(Գրաբար) Ահաւադիկ ամաչեսցեն` եւ պատկառեսցեն ամենայն հակառակորդք քո, եւ եղիցին նոքա իբրեւ զչեղեալս. եւ կորիցեն ամենայն դատախազք քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: