Ա. Լոպուխին
15-16․ «Ահա Ես քեզ դարձրեցի սուր, նոր և ատամնավոր կամնասայլ. դու պիտի կալսես ու փշրես լեռները, և բլուրները հարդի պես պիտի դարձնես։ [15] Դու դրանք պիտի քշես, քամին պիտի քշի-տանի դրանք, և փոթորիկը ցիրուցան պիտի անի դրանք, բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով»: (Սինոդական թարգ․)
«Ահա քեզ դարձրեցի սուր կամնասայլ…դու պիտի փշրես լեռներն ու բլուրները և դրանք հարդի պես պիտի դարձնես։ Դու դրանք պիտի քշես, քամին պիտի քշի-տանի դրանք․․․»։ Այս խոսքերը պատմական Իսրայելին վերագրելու պարագայում կրկին նշանակալի չափազանցության ենք հանգելու, որի իրական պատկերը կարելի է ընկալել միայն այն կրոնա-մշակութային առաքելության առումով, որը հրեա ժողովուրդն իրականացնում էր հին աշխարհում՝ կամա թե ակամա ապրելով այլ ժողովուրդների շրջակայքում, որտեղ նա որդի նման կրծում էր հեթանոսության արմատներն ու նպաստում ճշմարիտ աստվածգիտության հաղթանակին:
Հեթանոսության ներկայացուցիչների հանդեպ Իսրայելի զավակների նմանատիպ բարերար ազդեցության վառ օրինակ է մեզ տալիս Դանիել մարգարեի պատմությունը (Դան. 3:96, 6:26, 14:1-42): Սակայն այս ամենը ամբողջությամբ պետք է վերագրել հոգևոր Իսրայելին և Ավետարանական քարոզության կամ Աստծո ա՛յն Խոսքի հրաշագործ ազդեցությանը, որը «կենդանի է, ազդու ու ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր (Եբր. 4:13), ինչը հրաշալիորեն բացատրում է նաև Հերոնիմոս Երանելին․ ««Ես քեզ դարձրեցի նոր, սուր ատամներով կամնասայլ» խոսքը նշանակում է, - ասում է նա, - որ Ավետարանական քարոզությունը կործանելու է հակառակամարտ ուժերն ու հոգևոր ապականությունը, որոնք հակասում են Աստծո գաղափարներին ու իրենց ազդեցության աստիճանի համեմատությամբ էլ անվանվում են «լեռներ» ու «բլուրներ»: Ու այն ժամանակ, երբ նրանք քշվելու և ցիրուցան են արվելու փոթորկից, Իսրայելը հրճվելու և ցնծալու է Իսրայելի Սուրբ Տիրոջով» (Հերոնիմոս Երանելի):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես:
(Արարատ թարգ․) Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։
(Գրաբար) Ահաւասիկ արարի զքեզ իբրեւ զանիւս նորս սղոցաձեւ կամնասայլից. կասեսցես զլերինս, եւ մանրեսցես զբլուրս. եւ արասցես զնոսա իբրեւ զփոշի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: