Եսայու մարգարեության մեկնություն 41:21

Ա. Լոպուխին

«Ներկայացրե՛ք ձեր դատը»,- ասում է Տերը: - «Բերե՛ք ձեր փաստարկները»,- ասում է Հակոբի Թագավորը: [21] (Սինոդական թարգ․)
   
   Մենք արդեն մի քանի անգամ նշել ենք, որ 41-րդ գլուխը նկարագրում է հեթանոս ժողովուրդների հանդեպ Տիրոջ դատաստանի տեսարանը:

   Յուրաքանչյուր դատական գործընթացում, ինչպես հայտնի է, լինում են երկու հակընդդեմ կողմեր: Այս պարագայում այդ դերակատարությունն իրականացնում են մի կողմից՝ հենց Ինքը՝ Յահվեն, ու Նրա հավատարիմ երկրպագուները, իսկ մյուս կողմից էլ՝ հեթանոս ժողովուրդներն իրենց կեղծ աստված-կուռքերով: Կողմերից առաջինն արդեն ասել է Իր խոսքը. Բարձրյալը ներկայացրել է Իր Աստվածայնության մանրամասն ու համոզիչ ապացույցները՝ հավիտենականությունը, ինքնագոյությունը, ամենագիտությունն ու արարչա-նախախնամական զորությունը՝ աշխարհը փրկելու ու դատելու համար: Հիմա երկրորդ կողմի՝ հեթանոս ժողովուրդների, նրանց կուռքերի, մոգերի ու գուշակների հերթն է. թո՛ղ որ նրանք էլ դատի ներկայանան ու ներկայացնեն նույնքան անվիճելի ու բոլորի համար համոզիչ փաստարկներ աշխարհի վրա տիրապետելու իրենց ահռելի հավակնությունների մասին (21-րդ համար):

   Դատարանն այս կողմի նկատմամբ շատ ներողամիտ է ու պատրաստ է բավարարված համարել այս երկրորդ կողմի հայցը, եթե այդ կողմը կատարի ընդամենը երկու՝ համեմատաբար դյուրին պայմաններ. առաջինը՝ եթե նա մի որևէ մարգարեությամբ հանդես գա, որը հետագայում իրականություն կդառնա, ու երկրորդ՝ եթե նա ապացուցի, որ իր սեփական ուժերով կարող է ինչ-որ բան անել՝ անկախ այն հանգամանքից՝ դա լավ բան է, թե վատ (22-23-րդ համարներ): Սակայն թշնամական կողմը չի դիմանում նույնիսկ այսպիսի փորձության, որով վերջնականապես ի ցույց է դնում իր կատարյալ ոչնչությունը (24-րդ համար): Ի հակադրություն այս կողմին՝ Տերը համոզիչ ապացույցներ է բերում ներկայացված երկու նախապայմաններն ամբողջապես իրականացնելու վերաբերյալ. նախ՝ «Աստծո կողմի» ներկայացուցիչները պատմական ճշգրտությամբ «արդարացված» փայլուն կանխատեսում արեցին ապագայի նվաճող Կյուրոսի՝ Քրիստոսի նախատիպարի մասին։ Աստված բարիք գործեց՝ վեր բարձրացնելով այս հաղթական նվաճողին, ինչպես նաև Երուսաղեմին ավետաբեր տալով նրա մասին այդ իրադարձությունները ներկայացնելու համար (25-27-րդ համարներ): Այս ամենից հետո դատարանի վերջնական վճիռը երկրորդ կողմի (հեթանոսության)՝ մեղավոր լինելու վերաբերյալ բոլորի համար ակնհայտ ու անհերքելի է դառնում (28-29-րդ համարներ):

   «Ներկայացրե՛ք ձեր դատը…բերե՛ք ձեր փաստարկները…» - Նախկինում, երբ Տերը խոսում և բացատրում էր Իր գործողությունները, «ժողովուրդներն» ու «կղզիները» պետք է հարգալից լռություն պահպանեին (1-ին համար՝ «լռեցե՛ք Իմ առջև»): Իսկ հիմա Տերն ավարտել է խոսել, ու նրանք հնարավորություն են ստանում իրենց իսկ դատի պաշտպանության համար ասելու այն ամենը, ինչ որ կարող են:

   «Ասում է Հակոբի թագավորը» - Տերը՝ Իսրայելի Աստված, ոչ առանց դիտավորության այստեղ Իրեն կոչում է Հակոբի «Թագավոր»՝ հավանաբար այն ժամանակվա հեթանոսական աստվածների մեծ մասի՝ համանման կոչումը կրելու նմանողությամբ: Այսպես, օրինակ, «Մոլոխ» նշանակում է «թագավոր», «Մելկարտ»՝ «քաղաքի թագավոր», «Ադրամելեք»՝ «փառավոր թագավոր», «Բահաղ»՝ «տեր», «Ադոնիս»՝ «իմ տեր», և այլն (Raw Linson):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Մօտեցել է ձեր արդար դատաստանը, - ասում է Տէր Աստուած, - «Մօտեցել է ձեր արդար դատաստանը», - ասում է Յակոբի թագաւորը:
(Արարատ թարգ․) «Ներկայացրե՛ք ձեր դատը,- ասում է Տերը,- բերե՛ք ձեր փաստարկները,- ասում է Հակոբի Թագավորը»։
(Գրաբար) Մերձեալ են իրաւունք ձեր` ասէ Տէր Աստուած. մերձեալ են իրաւունք ձեր` ասէ թագաւորն Յակովբայ: