Եսայու մարգարեության մեկնություն 41:8

Ա. Լոպուխին

8-9․ «Իսկ դու, Իսրայե՛լ, Իմ ծառա, ո՛վ Հակոբ, որին Ես ընտրել եմ, Աբրահամի՝ Իմ բարեկամի սերունդ»։ [8] «Քեզ, որին Ես վերցրեցի երկրի ծայրերից ու կանչեցի նրա հեռավորագույն անկյուններից, ու ասացի քեզ. «Դու Իմ ծառան ես, Ես ընտրեցի քեզ ու չեմ լքի քեզ»: (Սինոդական թարգ․)
   
   Սույն գլխի երկրորդ հատվածը (8-20-րդ համարներ) իր մեջ պարունակում է Իսրայելի համար հատուկ մխիթարություն, որը դրսևորվելու է, Աստծո երդումի համաձայն, գալիք դժվարին ժամանակներում: Մասնավորաբար, այն մատնանշում է Իսրայելի՝ Աստծո կողմից ընտրյալ լինելու հանգամանքը (8-9-րդ համարներ), նրան սպասվող հատուկ օգնությունը (10-րդ համար), նրա բոլոր թշնամիների թուլացումն ու անկումը (11-12-րդ համարներ), Աստծո կողմից Իսրայելին տրվող արտաքին օժանդակությունը (13-14-րդ համարներ) և նրա ճակատագիրը՝ որպես մի մասի համար արտաքին պատիժ հասցնելու զենք (15-16-րդ համարներ), իսկ մյուս մասի համար էլ ներքին զարթոնքի ու փրկության միջոց (17-19-րդ համարներ):

   «Իսկ դու, Իսրայե՛լ, Իմ ծառա… Աբրահամի՝ Իմ բարեկամի սերունդ…Ես ընտրեցի քեզ ու չեմ լքի քեզ»: Իր ահարկու դատաստանի մասին հայտնելով հեթանոս ժողովուրդներին ու ստիպելով նրանց սարսափից դողալ իրենց սպասվող ճակատագրի համար՝ Տերը սիրառատ քնքշությամբ դիմում է Իր ընտրյալ ժողովրդին ու նրան մխիթարություն է շնորհում»։

   «Իսրայե՛լ, Իմ ծառա…» - Այստեղ մենք առաջին անգամ հանդիպում ենք «Տիրոջ ծառա» եզրույթին, որը շատ զգալի դերակատարություն ունի Եսայի մարգարեի գրքի ամբողջ երկրորդ հատվածում: Ավելի ուշ, ինչպես մենք դա կտեսնենք, սույն արտահայտությունը Եսայի մարգարեի կողմից կիրառվում է որպես հատուկ ստորոգելի տառապող Մեսիայի Անձի համար, Որը համարվում է, կարելի է ասել, Իսրայելի, իսկ նրա միջոցով էլ՝ ամբողջ մարդկության Ներկայացուցիչը (Ես․ 43:1-5, 49:5-7): Սակայն այստեղ, մարգարեի գրքի մի քանի այլ հատվածների նմանողությամբ (Ես․ 42:18-22, 44:1-21, 48:20, 49:3) «Տիրոջ ծառա» արտահայտությունը  դեռևս չի կենտրոնանում որևէ հստակ Անձնավորության վրա, այլ օգտագործվում է ընդհանուր իմաստով, այսինքն՝ վերաբերում է իսրայելական ամբողջ ժողովրդին:

   Իսրայելի «Աստծո ծառա» անվանումը, ինչը հանդիպում է նաև այլ մարգարեների գրքերում (Երեմ. 30:10, 46։27, Եզ. 28:25, 37:25), պետք է ճանաչվի որպես ամենաարտահայտիչ և զորեղ արտահայտություններից մեկը. «Իսրայելի ամբողջ արժանիքն ու պատմական նշանակությունը բովանդակվում է այսպիսի բնորոշման մեջ» (Dillmann), այսինքն՝ այդ արտահայտությամբ Իսրայելը բնորոշվում է և՛ որպես Բարձրյալի ճշմարիտ, անկեղծ երկրպագու («հավատարիմ ծառա»), և՛ որպես Նրա ամենամտերիմ դաշնակից ու սիրելի բարեկամ:

   «Աբրահամի՝ Իմ բարեկամի սերունդ․․․» - Մատնանշելով Իսրայելի նախահայր Աբրահամին, որն իր հավատարմության շնորհիվ արժանացել էր անգամ Աստծո բարեկամությանը (Բ Մնաց. 20:7, Հակ. 2:23, համեմատությամբ Ղուրանի, ուր Աբրահամը կոչվում է «խալիլ»՝ «Աստծո ընկեր»)՝ մարգարեն այստեղ էլ ավելի մեծ շեշտադրությամբ է  ընդգծում այն միտքը, որ Իսրայելը որպես «Աստծո բարեկամ»-ի հետնորդ («Աբրահամի սերունդ») առանձնապես մտերիմ ու թանկ է Աստծո համար:

   «Ես ընտրեցի քեզ ու չեմ լքի քեզ…»։ Իսրայելը, որն այդքան հաճախակի մոռանում էր Տիրոջ հանդեպ հավատարմության մասին՝ ի տարբերություն իր նախահայր-նահապետների  (Աբրահամի, Հակոբի) ու բազմիցս խախտում էր Աստծո հետ կնքած ուխտը, բնականաբար, առիթ ուներ կարծելու, որ այդ ուխտն արդեն ոչնչացված է և որ Բարձրյալը վաղուց արդեն լքել է Իր ուխտադրուժ ժողովրդին: Սակայն, ահավասիկ, Իսրայելի համար որպես մխիթարություն և քաջալերանք Աստված մարգարեի շուրթերով նրան ասում է, որ Իսրայելի որդիների դավաճանությունն ու հանցանքները չէին կարող սասանել Աստվածային անխախտ նախախնամությունն ամբողջ ժողովրդի հանդեպ, ու չնայած հրեա ժողովուրդն իր հաճախագործ ու ծանր հանցանքների համար դաստիարակչական պատիժներ է կրում, սակայն նա երբեք վերջնականապես չի մոռացվելու Աստծո կողմից (հմմտ. Հռոմ. 11:26):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի,
(Արարատ թարգ․) Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ.
(Գրաբար) Բայց դու Իսրայէլ ծառայ իմ, Յակովբ` զոր ընտրեցի. զաւակդ Աբրահամու` զոր սիրեցի: