Եսայու մարգարեության մեկնություն 42:15

Ա. Լոպուխին

«Լեռներն ու բլուրները ավերակ եմ դարձնելու, ու նրանց ամբողջ խոտը չորացնելու եմ, և գետերը վերածելու եմ կղզիների, իսկ լճերը ցամաքեցնելու եմ»: [15] (Սինոդական թարգ․)
   
   «Լեռներն ու բլուրները ավերակ եմ դարձնելու, ու նրանց ամբողջ խոտը չորացնելու եմ, և գետերը վերածելու եմ կղզիների, իսկ լճերը ցամաքեցնելու եմ» - Սա խորհրդանշական մարգարեություն է ա՛յն մասին, թե ինչպիսին են լինելու Աստվածային բարկության հետևանքները Նրա թշնամիների համար: Եվ քանի որ այստեղ խոսքը երկու տեսակի թշնամիների՝ մարմնեղեն Իսրայելի քաղաքական թշնամիների ու հոգևոր Իսրայելի, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու կրոնա-բարոյական թշնամիների մասին է, ուստի և այդ թշնամիների տարատեսակ լինելու պատճառով էլ (լեռներ, բլուրներ, խոտեր, գետեր, կղզիներ, լճեր) առաջին «դասին» պատկանող թշնամիների ներքո կարելի է հասկանալ բաբելոնացիների տարբեր դասակարգերի ու դիրքերի ներկայացուցիչներին (բաբելոնական թագավորներին, ազնվականներին, քրմերին, գիտնականներին, արհեստավորներին, հասարակ ժողովրդին և այլոց)։ Իսկ ահա երկրորդ տեսակի թշնամիների պարագայում խոսքը հեթանոսության համար հենարան հանդիսացող ու նրա հիմնական բովանդակությունը կազմող ամեն բանի արմատախիլ լինելու մասին էր (կուռքեր, տաճարներ, սրբավայրեր, պատկերներ, փիլիսոփայություններ, կախարդներ, սնահավատություններ և այլն): Այս մեկնության կողմնակիցներից է, օրինակ, Թեոդորոս Երանելին. «Այս ամենի միջոցով Աստված ցույց տվեց հեթանոսական մոլորության անկումը, քանի որ Նա կործանեց երկրպագության առարկա հանդիսացող դևերի կաղնեփայտյա արձանիկները, կաղնիներ, որոնք գտնվում էին լեռների ու բլուրների վրա, մոռացության մատնեց նրանց հիշատակն ու խոտի նման չորացրեց դրանք: Փիլիսոփաների ուսուցումները դադարեցնելով այնպես, ինչպես գետերի հոսանքներն են դադարեցնում, Նա դրանցում նույնիսկ նվազագույն խոնավություն չթողեց, «և հենց այսպես էլ,- ասում է,- չորացնելու եմ նաև նրանց պոեզիայի ճահիճները», որոնք, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու խոսքի համաձայն, «լեցուն էին անբարոյականությամբ» (Allak. II, 15, Թեոդորոս Երանելի և Կյուրեղ Ալեքսանդրացի, Յակիմով, Ելեոնսկի, Տրոիցկի, «Եսայի մարգարեի գիրքը»):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ եւ նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների եւ ճահճուտները ցամաքեցնեմ:
(Արարատ թարգ․) Ավերակ պիտի դարձնեմ լեռներն ու բլուրները, դրանց ամբողջ բուսականությունը չորացնեմ, գետերը կղզիների պիտի վերածեմ և լճակները ցամաքեցնեմ։
(Գրաբար) Զլերինս եւ զբլուրս յատակեցից, եւ զամենայն խոտ նոցա ցամաքեցուցից: եդից զգետս ի կղզիս, եւ զխաղս ցամաքեցուցից: