Եսայու մարգարեության մեկնություն 42:5

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ.
   
   [Նրա,] Ով հաստատեց երկիրը

   Նախ՝ որովհետև չի Նա ապականվում շուրջը եղած ջրերի ծփումից ու չի այրվում բորբոք ջերմությունից: Երկրորդ՝ որովհետև լեռների ու դաշտերի այնքան մեծ ծանրությունը չի շարժվում իր տեղից, այլ հաստատված մնում է և կա Աստծո խոսքով: Եվ եթե երբեմն տեղ-տեղ ցնցում է երկիրը, Աստված դա այն պատճառով է [անում], որպեսզի իմանանք, որ անշարժ պահելու զորությունւ Նրա ձեռքում է, քանզի Նա է հաստատել երկիրընու ցնցում է այն, Նա՛, Ով, ինչպես ասում է մարգարեն, մարդկանց շունչ տվեց՝ոտք դնելու այդ երկրի վրա ։
   Այսպիսով նախ կամենում է ցույց տալ, որ Աստծուց են մարդկանց բանական հոգիները և անասունների զգայական շունչը:
   Երկրորդ՝ որպեսզի երբ Նա կամենա, հոգին ու շունչը պահի մարմնի մեջ, իսկ երբ կամենա, արձակի մարմնից: Երրորդ՝ քանզի միայն Աստծուց է հոգին, որը ոտք է դնում երկրի վրա, և ոչ թե ոտնակոխ է անում երկինքը, երկիրը և ծովը, ինչպես հեթանոսներն են առասպելաբանում:
   

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված, որ ստեղծեց երկինքն ու նրա սահմանները, որ տարածեց երկիրն ու այն ամենը, ինչ կա նրա վրա, որ որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին, և հոգի՝ նրա վրա քայլողներին»: [5] (Սինոդական թարգ․)
   
   «Այսպես է ասում Տեր Աստված, որ ստեղծեց երկինքը…տարածեց երկիրն ու այն ամենը, ինչ կա նրա վրա․․․որ շունչ և հոգի տվեց…» - Տիրոջ ծառայի արտաքուստ խոնարհ, բայց ներքուստ վսեմ կերպարի մասին Աստվածային խոսքի միջնահատվածում Աստված Ինքն է հանդիսավորապես հավաստում այդ խոսքի իսկության և ճշմարտացիության մասին: Այս խոսքի հեղինակի Աստվածային ծագման ու արժանիքների համար որպես կնիք ծառայում է Եսայի մարգարեին բնորոշ հղումն արարչագործության պատմությունը՝ որպես Արարչի Ամենակարողության ու Հավիտենականության ապացույց (Ես․ 40:12, 44:24, 45:7-12, 64:8, 45:18): Մեկնաբաններն ուշադրություն են դարձնում սույն հատվածի ու տիեզերքի ստեղծման պատմության նմանությանը, որը նկարագրվում է ինչպես Ծննդոց գրքում, այդպես էլ Սաղմոսերգուի կողմից (Ծննդոց 1-2-րդ գլուխներ, 102-րդ Սաղմոս և այլ տեղիներ), ու այստեղից էլ, ոչ առանց հիմնավորումների, եզրակացնում են, որ Հնգամատյանն ու Սաղմոսաց գիրքն արդեն իսկ գոյություն ունեին Եսայի մարգարեից էլ առաջ, մի տեսակետ, որը սովորաբար խստագույնս վիճարկում է (դարձյալ ոչ առանց հիմնավորումների) ժխտողական քննադատությունը: Այս համարը կարելի է նաև համարել որպես սկիզբ Տիրոջ մեկ այլ խոսքի, որն անմիջականորեն վերաբերում է Նրա Ծառային:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ.
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին.
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Աստուած` որ արար զերկինս եւ կանգնեաց զնա, որ հաստատեաց զերկիր եւ որ ի նմա. որ ետ շունչ մարդկան որ ի վերայ նորա. ոգի ամենեցուն որ կոխեն զնա: