Եսայու մարգարեության մեկնություն 46:1

Ա. Լոպուխին

1-2․ «Բելը խոնարհվեց, Նեբովը ընկավ. նրանց կուռքերը դրված են անասունների և լծկան կենդանիների վրա. ձեր բեռը լուծ դարձավ հոգնած կենդանիների համար։ [1] Նրանք խոնարհվել, ընկել են միասին. նրանք չկարողացան պաշտպանել բեռ կրողներին, և իրենք էլ գերի ընկան։ (Սինոդական թարգ․)
   
   «Բելը խոնարհվեց, Նեբովը ընկավ․․․ձեր բեռը լուծ դարձավ հոգնած կենդանիների համար․․․ խոնարհվել են․․․չկարողացան պաշտպանել բեռ կրողներին, և իրենք էլ գերի ընկան»։

   Սա մի վսեմ գեղարվեստական, դրամատիկ պատկեր է, որն ապշեցնում է իր պատմական ճշգրտությամբ: Սույն խոսքը միանգամայն տրամաբանական և հասկանալի է հատկապես Կյուրոսի հաղթանակների վերաբերյալ լուրերից հետո, քանի որ այդ հաղթանակների հետևանքներից մեկն էլ Կյուրոսի կողմից բաբելոնական կռապաշտությանը հասցված ուժեղ հարվածն էր։

   Բաբելոնական հետագա ժամանակաշրջանում, որին էլ որ վերաբերում է Եսայի մարգարեի այս կանխասացությունը, «Վելը» («Վիլ») կամ, ըստ Յոթանասնից թարգմանության, «Բիլը» («Բե») և Նեբովը («Նեվո») Բաբելոնի երկու գլխավոր աստվածություններն էին, ինչպես որ այդ մասին վկայում են տվյալ դարաշրջանի հուշարձանները։

Վերջին դինաստիայի յոթ թագավորներից երեքի անուններն իրենց մեջ պարունակում են «Նեբով» անվանամասնիկը («Նեբուկադնեցար», որ նույնն է, ինչ «Նաբուգոդոնոսոր»-ը, ինչպես նաև «Նաբոպոլոսսար» և այլ անուններ), իսկ երկու թագավորների անունների մեջ էլ առկա է «Բել» («Բիլ») կամ դրա հոմանիշ «Մերոդահ» անվանամասնիկը (օրինակ՝ «Բելկուդուրցուր», «Բաղդասար» և այլն)։

   Այս նույն աստվածությունների անուններին հանդիպում ենք նաև Կյուրոսի հայտնի արձանագրության վրա։ «Բել»-ը  հին բաբելոնական աստծո անունն է, նրա՛, ով առաջին եռյակի (Անու, Բել և Էա) անդամներից մեկն էր, որ հետագայում նույնացվել է ավելի ուշ շրջանի ասորական աստվածություն Մերոդահի կամ Մարդուկի հետ և «Բել-Մերոդահ» անվամբ երկրպագվել է որպես Բաբելոնի անմիջական հովանավոր: Նրա պատվին Բաբելոնում կառուցվել է բուրգանման մի հատուկ տաճար, որը Ստրաբոնն անվանում է «Բելի դամբարան», և որը, համաձայն Օպպերտի կատարած հաշվարկների, ուներ մինչև 189 մետր բարձրություն, այսինքն՝ իր բարձրությամբ գերազանցում էր անգամ Քեոփսի բուրգին։ Ներկայումս այս վայրում են գտնվում Էլ-Բաբիլ բլրի ավերակները։

   «Նեբով»-ը, «Նեվո»-ն կամ, ինչպես որ ասորերենում է, «Նաբու»-ն (որը «ազգակից» է եբրայեցերեն «նաբի»՝ «մարգարե» բառին), համաձայն բաբելոնական դիցաբանության, Բել-Մերոդահի որդին էր և համարվում էր աստվածների կամքը հայտարարողն ու մեկնաբանողը, ինչպիսին որ Մերկուրին էր՝ հունական դիցաբանության մեջ (Տե՛ս «Essays on the Assyro-Babylonian Religion» պրոֆ. Ս. Գլագոլև, «From Readings on Religion», 1905, էջ 58):

   Նրա պատվին Բաբելոնում կանգնեցվել է յոթ լուսատուների հայտնի տաճարը, որը «Բելի տաճար» անվան ներքո նկարագրված էր Հերոդոտոսի կողմից, չնայած որ իրականում այդ տաճարի յոթ հարկերից միայն մեկն էր նվիրված նրան՝ որպես «Նեբով» աստծո հոր։ Այդ ամբողջ կառույցը, համաձայն Օպպերտի հաշվարկների, ուներ մինչև 250 ֆուտ [մոտ 80 մետր] բարձրություն, և  ներկայումս այդ շինության տեղում գտնվում են Բիրս Նեմրութի ավերակները։

   Մարգարեն բաբելոնացիների կրոնա-քաղաքական սովորույթները գիտեր նույնքան լավ, որքան հենց բաբելոնական կրոնը։ Իսկապես որ, ասորա-բաբելոնական հսկայածավալ տիրապետության մեջ հաճախակիացած պատերազմների ժամանակ կար մի սովորություն, համաձայն որի հաղթողները փորձում էին գրավել և խլել հաղթվածների աստվածությունները: Դա մեծ ամոթ էր համարվում հաղթվածների համար (ռազմական դրոշը գերի վերցնելու իրավիճակի նմանողությամբ) և կարևորագույն ավար՝ հաղթողների համար, որոնք մտածում այդ ճանապարհով իրենցից կախվածության մեջ պահել «գողացված» աստվածներին պաշտող ժողովուրդներին։

   Բայց միևնույն ժամանակ այս իրողությունը պատմական տեսանկյունից բավականին լուրջ առարկությունների է հանդիպում։ Անվիճելիորեն ընդունելի հուշարձանային արձանագրությունների հիման վրա (ինչպիսիք էին Կյուրոսի ու Նաբոնիդի արձանագրությունները) այժմ հաստատվում է այն տեսակետը, որ Կյուրոսը խաղաղ և նույնիսկ հանդիսավոր կերպով մուտք է գործել Բաբելոն, և որ նա ո՛չ միայն չի դիպչել տեղի աստվածություններին, այլև դեռ հատուկ ուշադրություն է ցուցաբերել դրանց նկատմամբ։ Ո՛չ Կյուրոսը, ո՛չ էլ նրա հաջորդ Կամբիզը ձեռք չտվեցին Բել-Մերոդահի՝ Բաբելոնում գտնվող հայտնի ոսկյա կուռքին, և միայն երրորդ թագավորը՝ Քսերքսեսն այդ ոսկյա կուռքը գերեց այնտեղից, ինչպես որ հաղորդում է Հերոդոտոսը (I, 183):

   Այս ակնհայտ ու բավականին սուր հակասությունը վերացնելու համար առաջարկում ենք նմանատիպ մի վարկած առաջարկել․ Բաբելոնի աստվածների տապալման մասին Եսայի մարգարեի ամբողջ խոսքը ոչ այնքան մարգարեական տեսիլք էր՝ բառի անմիջական և խիստ իմաստով, որքան որ այլաբանական փոխաբերություն, որը միտված էր, առհասարակ, նոր և ուժգին ձևով պախարակելու հեթանոսությանը։ Եվ քանի որ ցանկացած բանաստեղծական փոխաբերություն հնարավորություն է ընձեռում ճշմարտանման հորինվածքի մեթոդով արտահայտելու այս կամ այն միտքը, ուստի այս պարագայում նույնպես մարգարեի ստեղծագործական կենդանի երևակայությունը ստեղծում է հենց այնպիսի մի պատկեր, որը տեսնում ենք այստեղ։ Եվ մարգարե-բանաստեղծը մեղավոր չէ, որ պատմական իրականությունն այստեղ կտրուկ շեղվել է բնականոն օրինաչափությունից։ Բայց նույնիսկ այս չնչին թերությունը մեզ համար խոշորագույն նվաճման նշանակություն ունի։ Այն առանց կասկածի տեղիք տալու մատնացույց է անում, որ այս ամբողջ հատվածը, որը ժամանակագրական տեսանկյունից «ամենագայթակղիչ» բաժիններից մեկն է համարվում, գրվել է նախքան այն իրադարձությունը, որի մասին մարգարեն խոսում է, և այստեղ խոսքն արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունների ավելի ուշ նկարագրության մասին չէ, ինչպես որ սովորաբար պնդում են «Երկորդ Եսայու» գոյության մասին վարկածի պաշտպանները:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ընկաւ Բէլը, խորտակուեց Դագոնը. նրանց կուռքերը յայտնուեցին կենդանիների եւ անասունների վրայ: Իբրեւ բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջուած ու քաղցած կենդանիների վրայ.
(Արարատ թարգ․) «Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։
(Գրաբար) Անկաւ Բէլ. խորտակեցաւ Դագովն. եղեն դրաւշեալք նոցա ի գազանս եւ յանասունս. բարձէք զնոսա կապեալս իբրեւ զբեռն աշխատելոյն եւ քաղցելոյն,