Եսայու մարգարեության մեկնություն 47:6

Ա. Լոպուխին

«Ես զայրացա Իմ ժողովրդի վրա, արհամարհեցի Իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի, սակայն դու ողորմածություն չցուցաբերեցիր նրանց նկատմամբ, քո չափազանց ծանր լուծը դրեցիր ծերունու վրա»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   Այս խոսքերը մեզ համար բացահայտում են Բաբելոնի նմանատիպ սարսափելի կործանման ամենահիմնական, անմիջական պատճառները: Այդ պատճառներից երկուսը նշված են այստեղ. մեկը՝ իրենց ձեռքը մատնված Աստծո ժողովրդի նկատմամբ Բաբելոնի բնակիչների գործադրած դաժանությունն է (Ես․ 47։6), մյուսը՝ Բաբելոնի բնակիչների անսահման հպարտությունն ու փառամոլությունն է, հատկանիշներ, որոնք բաբելոնացիներն ակնհայտորեն ժառանգել են դեռևս իրենց նախնիներից՝ Բաբելոնի հայտնի աշտարակը կառուցողներից (Ծննդ. 9):

   «Ես զայրացա Իմ ժողովրդի վրա․․․» - սա մի բնական աստվածաշնչյան պատկեր է Իսրայելի կյանքում տեղի ունեցած քաղաքական աղետների վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում Իսրայելի կողմից Բարձրյալի հանդեպ ցուցաբերված դավաճանության պատճառով՝ որպես հետևանք Աստվածային զայրույթի (Բ Թագ. 24:14, Զաք. 1:15 և այլ տեղիներ)։

   «Սակայն դու ողորմածություն չցուցաբերեցիր նրանց նկատմամբ․․․» - Պարտված հրեաների նկատմամբ բաբելոնացիների դաժան ու արհամարհական վերաբերմունքն ակնառու էր նույնիսկ այն ժամանակվա համընդհանուր տարածում ունեցող բիրտ բարքերի համատեքստում (Երեմ. 51:34, Սաղ. 136:8-9, Ողբ 4:16, 5:12):

   «Չափազանց ծանր լուծը դրեցիր ծերունու վրա․․․» - Ծերունու հիշատակություն այստեղ հազիվ թե որոշակի նշանակություն ունի․ դա պարզապես յուրահատուկ եղանակ է միտքը զորացնելու և ավելի ազդու դարձնելու համար։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես բարկացել էի իմ ժողովրդի վրայ, որովհետեւ պղծեցին իմ ժառանգութիւնը: Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածութիւն չարեցիր նրանց նկատմամբ:
(Արարատ թարգ․) Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։
(Գրաբար) Ես բարկացեալ էի ի վերայ ժողովրդեան իմոյ, զի պղծեցին զժառանգութիւն իմ: ես մատնեցի զնա ի ձեռս քո, եւ դու ոչ արարեր ի վերայ նորա ողորմութիւն: Ծանրացուցեր զլուծ ծերոց յոյժ: