Եսայու մարգարեության մեկնություն 48:18

Ա. Լոպուխին

«Օ՜, եթե ուշադիր լինեիր իմ պատվիրաններին․․.այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման»։ [18] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ մարգարեն խոսում է Իսրայելին տրված այն հնարավոր և հասանելի շնորհների մասին, որոնք Իսրայելը, անկասկած, կվայելեր, եթե հավատարիմ մնար Տիրոջ հետ կնքած իր ուխտին:

   «Օ՜, եթե ուշադիր լինեիր իմ պատվիրաններին․․.» - Այս հատվածին առնչվող մի սքանչելի զուգահեռ ենք գտնում Սաղմոսերգուի խոսքերում. «Օ՜, եթե Իմ ժողովուրդը լսեր Ինձ և Իսրայելը քայլեր Իմ ճանապարհներով... Ես իսկույն կհնազանդեցնեի նրա թշնամիներին և Իմ ձեռքը կիջեցնեի նրան նեղողների վրայ, և նրանց բարգավաճումը կշարունակվեր հավիտյան» (հմմտ. Սաղմ. 80:14-16):

   «Այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ...» - ասել է թե՝ մի որոշակի գետի, ինչպես օրինակ՝ «Եփրատի նման»։

   «Եվ քո արդարությունը՝ ծովի ալիքների նման...» - «Օ՜, եթե միայն ժողովուրդը լսեր Տիրոջ պատվիրանները, ապա այդժամ նրա աշխարհը նման կլիներ հանդարտ, հիասքանչ գետի հոսքի, որը բերում էր բարգավաճում, անդորրություն և օրհնություն: Նրա ճշմարտությունը նման կլիներ այն ալիքների ուժին, որոնք շտապում են հեռանալ անհավատության ափերից և մշտապես բարիք գործել՝ անդադար ժայռերին բախվող ալիքների նմանողությամբ» (Վլաստով):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման:
(Արարատ թարգ․) Երանի՜ ուշադիր լինեիր իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման.
(Գրաբար) Եւ եթէ լուեալ էր քո պատուիրանաց իմոց` լինէր քեզ իբրեւ զգետ խաղաղութիւն քո, եւ արդարութիւն քո իբրեւ զալիս ծովու: