Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի: Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի: «Ամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը:
Տերն ասում է. «Ամբարիշտները ուրախություն չունեն»
Սաղմոսն ասում է. «Մարդկանց տքնությունը չեն կրում նրանք ու մարդկանց պես չեն տանջվում» (Սաղմ. 72։5): Իսկ Հոբն ասում է. «Ամբարիշտների ճանապարհները հաջողված են» (Հոբ 21։7), և «Հարուստը բեհեզ էր հագնում ու միշտ ուրախ էր» (Ղուկ. 16։19): Բայց սա ասում է. «Ամբարիշտներն ուրախություն չունեն», որովհետև նկատի ունի այն, որ ամբարիշտները ճշմարի՛տ ուրախությունը չունեն, ա՛յն, որ անվախճան ու անթառամ է, քանզի ինչպես անվախճան է Աստված, նույնպես և Աստծո մեջ եղած ուրախությունն է անեղծ ու անապական։ Այդ ուրախությունն արդարներինն է, ինչի վերաբերյալ սաղմոսն ասում է. «Ուրախ եղեք ու ցնծացեք Տիրոջ մեջ, արդարնե՛ր» (հմմտ. Առակ 29։6), այստեղ՝ հույսով, իսկ այնտեղ՝ դեմ հանդիման՝ ի վարձատրություն ձեր գործերի: Իսկ թվացյալ ուրախությունը մեղավորներինն է, որոնց ծիծաղելը կապիկների նմանությամբ է, և ոչ թե իսկությամբ, որովհետև աշխարհի հոգսերն ու խղճի խայթը, իրար խառնված, նրանց տևապես պահում են մեծ տրտմության ու խռովքի մեջ, ինչպես Կայենին, որը երերում ու տատանվում էր և՛ հոգով, և՛ մարմնով: Նույնպես և բոլոր մեղավորները նման են տենդով բռնված անձանց. թեպետ նրանց առջև լիառատ սեղաններ են ու զանազան բաժակներ՝ լցված ուրախությամբ, նրանք, միևնույն է, չեն կարողանում ուրախանալ ներքին ցավի պատճառով: Նույնպես և մեղավոր հոգին ներքին տրտմության պատճառով չի կարող ուրախանալ լիակատար ուրախությամբ 1:
Ա. Լոպուխին
21-22․ «Եվ նրանք չեն ծարավում այն անապատներում, որոնցով նա առաջնորդում է նրանց. Նա քարից ջուր է հոսեցնում նրանց համար, պատռում է քարը, և ջրերը բխում են»։ ««Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը»։ [21] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 48:20
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի: Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի: «Ամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․ 21-22) Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։ «Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ եթէ ծարաւեսցեն յանապատին, հանցէ նոցա ջուր ի վիմէ. վէմ պատառեսցի, ջուրք բղխեսցեն, եւ արբցէ ժողովուրդ իմ: ոչ գոյ ուրախութիւն ամպարշտաց, ասէ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: