Ա. Լոպուխին
24-26․ «Մի՞թե կարող է հզորից ավարը վերցվել, և մի՞թե հաղթողի գերյալը կարող է ազատագրվել»»։ [24] «Այո՛, այսպես է ասում Տերը. «Եվ հզորների գերիները կազատվեն, և բռնակալի ավարն էլ կվերցվի, որովհետև Ես Ինքս կմրցեմ քո հակառակորդների հետ և քո որդիներին Ե՛ս կփրկեմ»։ «Եվ քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյամբ, ինչպես հարբում են նոր գինով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ Ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քո Քավիչը՝ Հակոբի Հզորը»»։ (Սինոդական թարգ․)
Ավարտելով նորտակարանյան Եկեղեցու բացառիկ Աստվածային հովանավորության զորության մասին իր խոսքը՝ մարգարեն Տիրոջ անունից ասում է, որ որևէ մի հասարակ նմանություն չի կարող լինել Տիրոջ հետ և ոչ մի օրինակ չի կարող համեմատվել Նրա հետ: Այսպիսով՝ մարդկանց համար սովորական է կարծել, որ ոչ ոք չի կարող հզոր մարդու ձեռքից ավար խլել կամ էլ գերիներին ազատել նվաճողի ձեռքից (Ես. 49։24): «Ավար»-ի և «գերու» մասին պատկերները, ըստ երևույթին, վերցված են Բաբելոնյան գերության ժամանակաշրջանից, սակայն այստեղ դրանք ստացել են Մեսիական այլաբանական բնութագիր, որը Հերոնիմոս Երանելին մեկնաբանում է Հիսուս Քրիստոսի կողմից սատանայի՝ այս մեղավոր աշխարհի վրա ունեցած զորության մասին խոսքերի առնչությամբ՝ նշելով, որ սատանայական այդ զորությունը հօդս է ցնդում Փրկչի հեղած արյան շնորհիվ:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Որեւէ մէկը կարո՞ղ է միթէ խլել հսկայի կողոպուտը կամ կարո՞ղ է յանիրաւի գերեվարել ու ազատուել»:
(Արարատ թարգ․) Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի գերյալը կազատագրվի՞»։
(Գրաբար) Միթէ հանիցէ՞ ոք զկողոպտած սկայի. կամ վարիցէ՞ ոք տարապարտուց գերի` եւ ապրիցի՞:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: